Ֆորս-մաժորը դարձել է հայաստանյան քաղաքական մտքի «իդեա-ֆիքսը»

- in Կարծիք
139
cuyc 1

Պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը չի բացառում, որ խորհրդարանից դուրս զարգացումները կարող են հանգեցնել ֆորս-մաժորի: Ֆորս-մաժորը դարձել է հայաստանյան քաղաքական և քաղաքագիտական մտքի «իդեա-ֆիքսը» կամ պարզապես անզորության ու երևակայության բացակայության արգասիքը:

Ընդ որում, խնդիրը տվյալ պարագայում բացարձակապես այն չէ, որ ֆորս-մաժոր հնարավոր չէ, բացառված է և այլն: Այսօր ֆորս-մաժորը բացառված չէ անգամ աշխարհի ամենակայացած քաղաքական համակարգ և լեգիտիմ իշխանություն ունեցող պետություններում, որոնց սոցիալ-տնտեսական վիճակը, մեղմ ասած, վատ չէ, ուր մնաց ֆորս-մաժոր բացառվի Հայաստանում: Այլ հարց է, թե ի՞նչը կարող է լինել ֆորս-մաժորի աղբյուր, որտե՞ղ կարող է լինել այդ աղբյուրը՝ ներսո՞ւմ, թե՞ դրսում, ի՞նչ հարցի հիմքով կարող է այն առաջանալ և այլն:

Իհարկե, ինքնին այդ ամենը չափազանց կարևոր է, քանի որ Հայաստանում, չգիտես ինչու, ֆորս-մաժոր երևույթի մասին խոսելիս ընդդիմադիր ուժերի, ընդդիմադիր տրամադրված շերտերի զգալի մասը խոսակցությունը վարում է, այսպես ասած, դրական սպասումների եթե ոչ՝ բացահայտ, ապա ոչ այնքան լավ քողարկված տոնայնությամբ: Այսինքն՝ ֆորս-մաժորը դիտվում է իբրև որոշակի հույս՝ իշխանափոխության համար:

Մինչդեռ ֆորս-մաժորը առնվազն նույն հավանականությամբ կարող է ունենալ լիովին հակառակ էֆեկտ, եթե ոչ՝ ավելի մեծ հավանականությամբ, հաշվի առնելով Հայաստանում տոտալ ճգնաժամը թե՛ իշխանության, թե՛ անգամ ընդդիմության պատասխանատվության գոտիներում:

Ֆորս-մաժորը կարող է իրավիճակը դրական իմաստով փոխելու գործիք լինել այն դեպքում, երբ կա այն օգտագործելու պատրաստ կազմակերպված, ծրագրային, գաղափարական մի ուժ, որը մի կողմից՝ օգտագործելով ֆորս-մաժորը որպես առիթ, մյուս կողմից՝ խնդիրները այդ առիթով կկարողանա լուծել այնպես, որ ֆորս-մաժորն ինքնին պետության համար չդառնա ապակայունացման և արդեն իսկ եղած սպառնալիքների գեներացման պատճառ՝ պետությունը բերելով աղետի: Մոտավորապես հենց այդպիսի իրավիճակի էր հասել Հայաստանը, օրինակ, նախորդ տարի հուլիսին, երբ ֆորս-մաժորը ոչ թե իշխող համակարգի համար էր վտանգ դարձել, այլ պետության, պետականության:

Եվ ուրեմն խնդիրն այն է, որ եթե Հայաստանում չկա քաղաքական, ծրագրային, գաղափարական, արժեհամակարգային կայացածության փուլը հաղթահարած միավոր, որը գիտի իր անելիքը ոչ ֆորս-մաժորային իրավիճակում, ապա ֆորս-մաժորային իրավիճակում որևէ ուժ չի կարող իր անելիքն իմանալ որևէ պարագայում:

Պարզ ասած՝ քաղաքական միավորը պետք է նախ՝ իմանա ինչ անել և ինչպես անել թեկուզ փոքր արդյունքի հասնելու համար ոչ ֆորս-մաժորային իրավիճակում: Որովհետև եթե որևէ ուժ դա չգիտի, ապա չի կարող որևէ բան անել նաև ֆորս-մաժորի պարագայում և ունքը շինելու փոխարեն՝ ընդամենը կարող է հանել պետության աչքը: Սա է խնդիրը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20