1967-1971 թթ. Իջևանի անտառում 4 երեխաների մայրը զգեստի տակից հանել է դանակն ու մխրճել է սիրեկանի կուրծքը

- in Իրավունք
145
danakaharutyun

1967 թվականին 30-ամյա Վարդուհի Մ.-ն արդեն 4 երեխաների մայր էր: Նա ավանդապաշտ ընտանիքի դուստր էր, նրա հետ խիստ էին եղել ինչպես ծնողները, այնպես էլ եղբայրները: Ամուսնացել էր «սաբաբով»՝ բարեկամներից մեկի խորհրդով:

Ամուսինը Վարդուհուն զուսպ էր վերաբերվում, միմյանց հետ ապրում էին ավանդական կարգուկանոնով, բայց չորս երեխա մեծացնող Վարդուհու սրտում սիրված լինելու, քնքշության ու փաղաքշանքի մեծ ցանկություն էր կուտակվել, ինչը նրան հանգիստ չէր տալիս:

Վարդուհու ընտանիքն ապրում էր Իջևանում: Սեփական բնակարան դեռ չունեին, վերջին չորս տարին առանձնացել էին ամուսնու ծնողներից ու վարձով էին ապրում սկեսուրի հեռավոր բարեկամի տանը:

Տանտերը Վարդուհու հոգին ալեկոծող հայացքներ էր նետում նրա կողմը, Վարդուհին նրա ներկայությամբ անկախ իրենից սեթևեթում էր, իրեն ավելի կին էր զգում…

Հերթական ամսվա վարձը տանտիրոջը՝ Մարտին Պ.-ին տալու ժամանակ Վարդուհին շեշտակի նայեց նրա աչքերի մեջ: Մարտինը Վարդուհու հայացքի մեջ որսաց իրեն հարկավոր համաձայնությունը…

1967 թվականի մարտ ամսից Վարդուհին ինտիմ կապի մեջ մտավ Մարտին Պ.-ի հետ:

1968 թվականին Վարդուհու ընտանիքը փոխադրվեց նոր բնակարան: Բայց Վարդուհու կապը Մարտինի հետ պահպանվեց: Շուտով պարզվեց, որ Մարտինը Վարդուհու հետ կապից նաև շահադիտական ակնկալիքներ ուներ:

Հերթական հանդիպման ժամանակ Մարտինը Վարդուհուն անակնկալի բերեց՝ պահանջելով, որ նա իր համար բավական պատկառելի գումար ճարի անհատույց. «Ուզում եմ մեքենա առնեմ, դու պիտի ինձ օգնես, էլ ո՞ր օրվա համար ես, ամենաքիչը 4000 ռուբլի պիտի տաս ինձ: Հակառակ դեպքում մարդուդ ու ախպերներիդ կասեմ, գիտես՝ քեզ ինչ կանեն, էլ չեմ ասում, որ աշխարհով մեկ խայտառակ կլինես, էրեխեքի տեր ես…»:

Վարդուհու գլխին ասես սառը ջուր լցրին: Նա մտածում էր՝  Մարտինը սիրում է իրեն, դրանից իրեն երջանիկ էր զգում, բայց արի ու տես…

Այնուամենայնիվ, Վարդուհին սկսեց ելք փնտրել: Փորձեց համոզել Մարտինին, թե փող չունի, այդքան գումար տալ չի կարող: Բայց Մարտինն անդրդվելի էր:

Վարդուհին մոռացավ զգուշավորության մասին, դռնեդուռ ընկավ, բարեկամներից, ծանոթներից, հարևաններից պարտքով գումարներ խնդրեց, հավաքեց 2 հազար ռուբլի: 2 հազար ռուբլի էլ ամուսինն էր հավաքել ու տվել էր Վարդուհուն, որ պահի…

Վարդուհին 4 հազար ռուբլին հանձնեց Մարտինին: Տվյալ պահին թեթևություն զգաց: Սակայն շուտով նրա բկին չոքեցին պարտատերերը, իսկ Վարդուհին պարտքերը մարել չէր կարողանում:

Ի վերջո՝ պարտքով սրանից-նրանից վերցրած գումարների, ինչպես նաև ընտանեկան խնայողությունների կորստի մասին տեղեկացան Վարդուհու ամուսինն ու սկեսրայրը: Տնով-տեղով հավաքվեցին, կանչեցին նաև Վարդուհու եղբայրներին, Վարդուհուց հաշիվ պահանջեցին՝ ի՞նչ է արել այդքան գումարները:

Վարդուհին տարբեր պատճառաբանություններ էր բերում, բայց տեղնուտեղը նրա սուտը բռնվում էր: Եղբայրները «գործի դրեցին» բռունցքները: Վարդուհին չդիմացավ ցավին ու խոստովանեց ճշմարտությունը:

Հավաքվածները նրան վերջնագիր ներկայացրին՝ գնա Մարտինի մոտ ու հետ բեր ամբողջ գումարը՝ կոպեկ-կոպեկ:

Վարդուհին այլ ելք չուներ, պայմանավորվեց ու գնաց Մարտինի հետ հանդիպման: Նա հասկանում էր իր վիճակի ծանրությունը: Այդ վիճակի համար մեղադրում էր Մարտինին, նրա նկատմամբ արդեն միայն թշնամանք էր զգում: Եվ ժամադրության գնալիս նա զգեստի տակ թաքցրեց ամենասուր դանակը, որ ուներ իր խոհանոցում:

Մարտինն էլ էր հասկանում իրավիճակի լրջությունը: Եվ սիրուհու հետ հանդիպման գնալիս նա էլ գրպանը ծալովի դանակ դրեց՝ համենայն դեպս…

Հանդիպեցին քաղաքամերձ անտառում: Միանգամից անցան գործնական խոսակցության: Վարդուհին պահանջեց, որ Մարտինը վերադարձնի 4 հազար ռուբլին: Մարտինը կտրականապես մերժեց, ասաց՝ քո խնդիրներն են, ինքդ էլ տակից դուրս արի: Ավելին՝ Մարտինը, անտառում լինելու հանգամանքից օգտվելով, ցանկացավ ևս մեկ անգամ ֆիզիկական հաճույք վայելել սիրուհու հետ:

Ըստ դատավճռի՝ «Մարտին Պ.-ն առաջվա նման փորձել է փաղաքշել կնոջը, կենակցել նրա հետ, սակայն Վարդուհի Մ.-ն դիմադրել է…»:

Հարմար պահ ընտրելով՝ կինը զգեստի տակից հանեց դանակը ու շեշտակի հարվածով այն մխրճեց Մարտինի կրծքավանդակի ձախ մասը: Հարվածը ուղիղ սրտին դիպավ: Դա մահացու հարված էր…

ՀԽՍՀ գերագույն դատարանի՝ 1971 թվականի նոյեմբերի 29-ի  դատավճռով Վարդուհի Մ.-ն մեղավոր ճանաչվեց դիտավորյալ սպանության համար և դատապարտվեց 8 տարի ազատազրկման:

Լիլիթ ՔԱԼԱՇՅԱՆ; 1in.am