2018-ի հանգուցալուծման որոնումը՝ միջանկյալ, կարճաժամկետ, թե երկարաժամկետ

- in Հրապարակ
67
HYD Serzh

Հայաստանի նոր խորհրդարանը պատրաստվում է քննարկել կառավարության նոր ծրագիրը, կամ այսպես ասած՝ նոր կառավարության ծրագիրը: Այն դեռ հայտնի չէ հանրությանը և ծրագիրը հավանաբար այսօր կարժանանա կառավարության նիստի հավանությանն ու կուղարկվի Ազգային ժողով:

Սակայն իշխող կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ն արդեն հայտարարել է, ի դեմս ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի, որ կառավարության ծրագիրը գոհացնում է Դաշնակցությանն ու այն հեռանկարի ծրագիր է, շատ կոնկրետ արտացոլում է Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերներին լուծման ուղիները, քայլ առ քայլ, ժամկետներով և այլն: Ընդ որում, Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ Դաշնակցությանը բավարարում է նաև վարչապետ Կարեն Կարապետյանի եռանդը, իսկ 2018-ի վարչապետի «դիլեմա», նրա կարծիքով, գոյություն չունի:

Հետաքրքիր է իհարկե, թե ինչ կարծիք կունենար այդ մասին ՀՅԴ-ն, եթե Սերժ Սարգսյանն արած չլիներ հայտնի հայտարարությունը Կարեն Կարապետյանի հրաժարականի պատճառների բացակայության մասին: Սակայն այժմ ՀՅԴ-ն արձագանքելով կամ գնալով Սերժ Սարգսյանի հետքերով, ասում է, որ այդպիսի հարց գոյություն չունի: Բայց մենք գիտենք նաև, որ ՀՅԴ մեկ այլ ներկայացուցիչ էլ՝ Արմեն Ռուստամյանը, դեռևս մինչև խորհրդարանական ընտրությունները հայտարարում էր, որ Դաշնակցությունը խնդիր չի տեսնում Սերժ Սարգսյանի՝ վարչապետ լինելու հնարավորության մեջ, եթե իրականանում են խորհրդարանական կառավարման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ գործընթացները: Ռուստամյանն ու Վարդանյանն իրար իհարկե չեն հակասում, սակայն տվյալ հանգամանքը հարկ է հիշել, քանի որ Դաշնակցությունը գործնականում միակ քաղաքական ուժն է, որ իր վրա պատասխանատվություն է վերցրել խնդիր չտեսնել Սերժ Սարգսյանի վարչապետության մեջ:

Դժվար է իհարկե ասել, թե յուրաքանչյուրն ինչ է հասկանում 2018-ի խնդիր ասելով, հասկանում է անձերի՞ խնդիր, թե՞ կլանների, կամ գուցե սերունդների՝ իշխանության ներսում իհարկե, գուցե սփյուռքների պայքար, երբ ՀՅԴ-ի հետ Սերժ Սարգսյանի կոալիցիան, օրինակ, այսպես ասած՝ ավանդական Սփյուռքի հետ կոալիցիան է, իսկ Կարեն Կարապետյանի հետևում Ռուսաստանի հայ գործարարների ազդեցության տակ գտնվող Սփյուռքն է: Սակայն այդ ամենը, ըստ էության, խնդրի այսպես ասած հարակից դրսևորումներն են, կամ հավելյալ դրսևորումները: Բուն խնդիրն անձերի մեջ չէ, և ոչ էլ այս կամ այն կլանի, խմբի, թիմի, կուսակցության: Բուն խնդիրը փողի մեջ է, որովհետև կառավարության ծրագիրը փող արժե ցանկացած երկրում: Հատկապես այն երկրներում, որոնք հասել են ճգնաժամի ոչ միայն շեմին, այլ անցել են մի քանի սենյակ խորք, փոփոխություններին միտված ծրագրերն ունենալու են շատ թանկ արժեք: Քայլերը, որ արտացոլում են ծրագրերը, տվյալ դեպքում կառավարության ծրագիրը, ամենևին շախմատային տախտակի կամ գեղանկարչական կտավի վրա չէ, որ պետք է արվեն: Դրանք ռեալ կյանքում արվելիք քայլեր են, որոնք արդյունավետ լինելու համար պարզապես չեն կարող չշոշափել այն բոլոր մարդկանց շահերը, կամ նրանց մեծ մասի, որոնք տարիներ շարունակ իրենց շահը հետապնդելով՝ Հայաստանի տնտեսությունն ու ընդհանրապես իրավիճակը հասցրել են ճգնաժամի և չափազանց ռիսկային մի սահմանի:

Վարչահրամայական մեթոդով չի ստացվելու ոչինչ և դա հասկանում են բոլորը: Պետք է գնալ երկար, «շրջանցիկ» ճանապարհով, եթե իհարկե գնացող կա: Իսկ որքան ճանապարհը երկար, այնքան ճանապարհածախսը շատ: Իսկ ո՞վ է հոգալու այդ ճանապարհածախսը: Ահա հարցերի հարցը, ահա 2018-ի հարցը:

Երբ այդ համատեքստում շոշափվում է Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի կամ որևէ այլ անուն, տողատակում անկասկած գիտակցված, թե ոչ, բայց հենց ճանապարհածախսը հոգալու խնդիրն է, ով է հոգալու: Իսկ ով փողը տա, նա էլ պատվիրելու է երաժշտությունը: Ուրեմն, այստեղ պետք է փնտրել թե հակասությունները, թե հնարավոր պայմանավորվածությունները: Կառավարության ծրագիրը լավն է, ըստ ՀՅԴ-ի: ՀՅԴ-ի ճաշակին իհարկե դժվար է կասկածել, սակայն ո՞վ է վճարելու այդ ծրագրի համար: Աղվան Վարդանյանն ասում է, որ կարևոր չէ, թե ծրագիրը ով կիրականացնի: Լիովին իրավացի է: Կարևոր է, թե ծրագիրը ով կֆինանսավորի: Այստեղ պետք է կատարվի 2018-ի հանգուցալուծման որոնումը՝ միջանկյալ, կարճաժամկետ, թե երկարաժամկետ հանգուցալուծման, կամ ընդհանրապես դրա հնարավոր հետաձգման՝ միևնույն է, որոնումը պետք է կատարվի այդտեղ: