Ո՞վ է հավատում Սերժ Սարգսյանի հավաստիացումներին

- in Կեղտոտ լվացք
98
serzh-sargsyan

Քչերն են հավատում Սերժ Սարգսյանի երեկվա հավաստիացումներին, թե իր և Կարապետյանի միջև հակասություններ, հակամարտություն չկան: Կողքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ գործող նախագահն իրականում անհաջող քողարկում է հակասությունները՝ հենց միայն այն պատճառով, որ գրեթե պաշտոնապես հերքում է դրանք:

Հայաստանի իշխանությունները բացարձակապես զգայուն չեն մամուլի հրապարակումների հանդեպ, և այս դեպքում Սերժ Սարգսյանի օպերատիվ արձագանքն ավելի շատ կասկածներ է ծնում, քան դրանք փարատում է: Կամ էլ հաստատվում է ներիշխանական հերթական «զինադադարը»՝ դարձյալ հաստատելով հակամարտության գոյությունը:

Ինչևէ, եթե մի պահ վերանանք կասկածներից և տպավորություն ստեղծենք, թե հարյուր տոկոսով հավատում ենք Սարգսյանին, ապա հետաքրքիր կլինի ենթադրել, թե ովքեր են, ըստ նախագահի պնդման, «բեմականացնում» նրա և վարչապետի հակասությունները:

Ինչքան էլ պարադոքսալ հնչի՝ Սարգսյանի ակնարկը կարող է վերաբերել առաջին հերթին խմբերի, որոնք գտնվում են կամ ոչ վաղ անցյալում գտնվել են հենց իր շրջապատում: Ստեղծված իրավիճակը չի գոհացնում հատկապես քրեաօլիգարխիային ու ամենևին ոչ այն պատճառով, որ Կարեն Կարապետյանը սկզբունքորեն պայքարելու է օլիգարխիայի կամ մենաշնորհների դեմ: Բնավ նման բան չկա՝ մանավանդ Կարեն Կարապետյանն ինքն է նշել, որ «մլիցա» դառնալու, այսինքն՝ օրենքը պաշտպանելու անհրաժեշտություն չունի:

Ըստ էության, գործող վարչապետն իր կենսագրությամբ, արժեհամակարգով նույն օլիգարխիկ մտածողության կրողն է և «Գազպրոմում» կուտակել է այնպիսի կոռուպցիոն փորձառություն, որին կնախանձեին շատ օլիգարխներ: Ուրեմն վերջիններիս դժգոհությունը միանգամայն այլ մոտիվ ունի և գերազանցապես ուղղված է Սերժ Սարգսյանին, ով մի կողմ է հրել մարդկանց, որոնց հետ տարիներ շարունակ ստեղծել է արատավոր այս համակարգը՝ նույնանալով կոռուպցիայի և մենաշնորհների հետ, ու հիմա առաջնությունը տալիս է «օտար օլիգարխի», Հովիկ Աբրաբամյանը կասեր՝ «օտար վտակի»:

Օլիգարխները, նաև նույն մոտիվով պոտենցիալ մյուս դժգոհները՝ Հովիկ Աբրահամյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանն ու մյուսները, այս պարագայում միանգամայն օբյեկտիվ են ու իսկապես դավաճանված են, որովհետև ժողովրդի համար միանգամայն մեկ է, թե ովքեր են իրեն կեղեքողները՝ տեղացի քրեաօլիգարխներ Սամվել Ալեքսանյա՞նը, Գագիկ Ծառուկյա՞նը, թե՞ «օտար» կրիմինալներ Ռոբսոնն ու Դոն Պիպոն: Սերժ Սարգսյանն է ծնել օլիգարխիայի, Հովիկ Աբրահամյանի և Սեյրան Օհանյանի ու նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի «աբիժնիկությունը», ուրեմն նաև հենց ինքն է ուղղակի կամ անուղղակի «բեմականացնում» իր և Կարապետյանի հակասությունները:

Հանրապետականների «ծերակույտը» կարծում է, որ Կարեն Կարապետյանի «նոր ոգին» «վայիս» է լինում իրենց հացին, իսկ Հանրապետականի կոմսոմոլները մտածում են, որ վարչապետի քողարկված օլիգարխիկ շրջապատը դևի պես նստել է առաջխաղացման իրենց ճանապարհին: Երբ Գալուստ Սահակյանը կամ Էդուարդ Շարմազանովը տողատակով խայթում են վարչապետին, կարիք չկա, որ Սերժ Սարգսյանը «մութ սենյակում սև կատու փնտրի»:

Սերժ Սսրգսյանի և Կարապետյանի հակամարտությունն անուղղակիորեն կարող են բեմականացնել նաև արտաքին խաղացողները: Օրինակ՝ ԱՄՆ-ը կամ ԵՄ-ն անընդհատ պահանջատեր են կառավարման որակը բարձրացնելու հարցում՝ միշտ «տաք» պահելով կոռուպցիայի և մոնոպոլիաների դեմ պայքարի թեմաները և, ըստ էության, բացահայտելով, որ Կարեն Կարապետյանը «մլիցա» լինել չի ուզում: Կամ այն, որ հայ-ռուսական հարաբերություններում առաջնայինն անվտանգության խնդիրն է, ու այդ համատեքստում երկրորդական է դառնում Կարեն Կարապետյանը՝ «բեմականացման» կարիք չունի:

Տխուր է, բայց շատ արհեստական բեմականացման նման էր Սերժ Սարգսյանի հենց երեկվա հարցազրույցը՝ շեշտադրումներով ու բովանդակությամբ: