Ում թույլտվությամբ և ինչ հիմունքներով են Երևանի կենտրոնում գործում պոռնկատները

- in Սոցիալական
axjik

Խանջյան 31 հասցեից մինչև Խանջյան-Թումանյան խաչմերուկ բնակելի շենքերի տակ գտնվող դիսկո, կարաոկե ակումբներն ու բարերը տարիներ շարունակ խաթարում են տեղի բնակիչների անդորրը։

Վերջիններս ահազանգում են, որ այդ հաստատությունները վերածվել են «անառականոցների», իսկ դրանց հաճախորդների՝ միմյանց հետ վիճաբանությունները դարձել են պարբերաբար կրկնվող երևույթ։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այդ և հարակից շենքերի բնակիչները մանրամասներ պատմեցին․ «Սաղ գիշեր էստեղ կռիվ ա լինում, ժամը 22։00-ից, 23։00-ից հետո բարձր երաժշտությունը քոքում են, ստրիպտիզներ ա լինում, քեֆեր ա լինում, երգում են, պարում, հետո հարբած, ուռած հելնում են իրար են ծեծում։ Ասենք՝ մեկ կամ երկու ակումբ չի ստեղ, ամբողջ փողոցի երկարությամբ հերթով կողք կողքի շարած են։ Փոքր թոռնիկ ունեմ, որ կեսգիշերին դրանց գոռգոռոցից արթնանում, լացում է։ Ես արդեն որոշել եմ, որ պետք է տունս վաճառեմ, թողեմ ռադ լինեմ ուրիշ թաղամաս, ինչքան կարելի է այսպես ապրել»,- դժգոհեց մի տարեց տղամարդ, որն ապրում է Խանջյան 33 հասցեում, 2-րդ հարկում, և որի բնակարանի անմիջապես տակը տեղակայված է ակումբներից մեկը։

Մեկ ուրիշ բնակիչ էլ իր հերթին հավելեց․

«Առաջ մինչև առավոտվա 7-ն էր, հիմա մի քիչ քչացրել են, մինչև ժամը 4-ը, 5-ն են ցկցկում, էդքան բողոքում ենք, բայց ինչ՝ ասած-չասած մի հաշիվ է, ձեռքով գերանին մեխ կարա՞ս խփես։ Հայաթում բիսեդկա կար, ամբողջ գիշեր գալիս էին ու էդ բիսեդկում երակները լցնում, առավոտը սաղ սպրիչները տեսնում էինք խոտերի մեջ թափած, անբարոյականությունը էլ չեմ ասում։ Մի անգամ երեկոյան տեսա՝ մի անշնորհք աղջիկ մուտքի մոտ պպզած միզում էր ու հեռախոսով էր խոսում, դիմացն էլ իրա նման լակոտ էր կանգնած։ Դրանց նմաններին, որ տանես բաց թողնես ջունգլիներ, գազաններն էլ կփախնեն»,- վրդովված ասաց տղամարդն ու պատմեց նաև մի դեպք, որը անձամբ իր հետ էր կատարվել։

«Էս վերջերս էր, գիշերը աշխատանքից տուն էի վերադառնում, դալանով պիտի արդեն բակ մտնեի, ուրեմն՝ 3 հոգի դալանի մի կողմում են կանգնած, 3 հոգի՝ մյուս, ու բարձր-բարձր հայհոյախառն իրար հետ խոսում են, ասացի՝ տղաներ ջան, մի քիչ կամաց, մեկ էլ դրանցից մեկը հարձակվել է վրես, ասում ա՝ արա, էդ դու իմ հետ ես, դու ով ես, որ ինձ ասես՝ ես ինչ անեմ, ու քիչ էր մնում արդեն խփեր։ Չոքել եմ գետնին ու խնդրում եմ, որ բաց թողնի, լավ է գոնե էն մյուս տղան մի քիչ նորմալ էր, նամուս ուներ,հանգստացրեց դրան, որ կարողանամ գնամ ես։ Աղջիկներ էլ կան, որ այնպիսի հայհոյանքներ են տալիս, որ նույնիսկ տղամարդիկ այդպիսի բառեր չեն ասի, գալիս են ստեղ, իրանց ռազբիրատներն են անում։ Ոստիկանություն էլ կանչում ես, գալիս գրում, գրանցում են ու թողնում գնում, ասում են՝ դիմեք քաղաքապետարան, բողոք ենք ուղարկել քաղաքապետարան, էնտեղից էլ ասում են, որ հենց տենց բան է լինում, ոստիկանություն զանգեք, սենց խայտառակ վիճակ ա բա լինում»։

Բնակիչները շեշտեցին, որ բազմիցս համախբվել են ու դիմում են ուղարկել թե՛ քաղաքապետարան, թե՛ ոստիկանություն, սակայն ապարդյուն, «սայլը տեղից չի շարժվում»։ Բնակիչների պնդմամբ՝ քաղաքապետարանից իրենց պատասխանել են, որ դա իրենց վերահսկողության ներքո չէ։

Բնակիչները նաև նշում են, որ իրենք դեմ չեն այդ ակումբներին, բայց դրանց գործունեությունը խիստ բացասական է անդրադառնում իրենց ու իրենց երեխաների վրա։ Ասացին նաև, որ նույնիսկ դեպքեր են եղել, երբ ոստիկանությունը այդ հաստատությունների շրջակայքից բերման է ենթարկել երիտասարդների՝ թմրանյութեր պահելու կասկածանքով։

«Խուլիգաններ են դրանք, խմած-լակած էդ ակումբներից դուրս են գալիս, էս դալանների մեջ, մուտքերի անկյուններում իրանց շայկաներով հավաքվում են, սկսում են գոռալ, հայհոյել, մարդկանց պատուհաններն էլ բաց են, սաղ տնով մեկ դա են լսում, մարդկանց հանգիստն են խանգարում։ Հենց որ այդտեղից դուրս են գալիս, նոր են այդ խնդիրները սկսվում, ներսում ինչ ուզում են, թող անեն, էտ իրանց գործն ա, մեզ հետաքրքիր չի, բայց թող դալանը չմտնեն, մեր բակ չգան, իրար չսպանեն։ Դրանցից կեսը անչափահաս լակոտներ են, իրանց նման դիշովկա աղջիկներին էլ հետները բերում են ու այստեղի համբավը էդպես գցում են, իրանց շնորհիվ այս տարածքը անառականոցի է վերածվել։ Ես երրորդ հարկում եմ ապրում, բայց գիշերվա լռության մեջ դրանց ձայնը մինչև 9-րդ հարկ էլ բարձրանում է։ Այստեղ այնպիսի ահավոր վիճակ էր անցյալ տարի, որ ոստիկանությունը նույնիսկ էստեղ պոստ էր նշանակել, մի քանի օր հերթապահում էին, ամեն ինչ խաղաղ էր, բայց հենց ոստիկանները գնացին, նորից ամեն ինչ սկսվեց, անադեկվատ խուժաններ են, ոչ խմիչքից են բան հասկանում, ոչ աղջիկներից ու իրանց կորցնում են, շաբաթական առնվազն երկու անգամ էդպիսի դեպք է լինում։ Սրանից մի 3-4 տարի առաջ էլ աղբանոցից դիակ էինք գտել, ոստիկանությունը եկավ բոլոր բնակիչներով վկայություն ենք տվել, ճիշտ է, դրանից հետո էլ էդպիսի բան չի եղել, բայց էսպես շարունակվել էլ չի կարող՝ կամ պետք է դրանք դադարեցնեն իրենց գործունեությունը, կամ խիստ հսկողություն սահմանվի դրանց վրա»,- բողոքեց հարակից Տպագիրչների հասցեում բնակվող տղամարդը։

Նույն հասցեի հարևաններից մի կին էլ ասաց․ «Այդ վայրերից օգտվողները հսկողությունից դուրս են, որովհետև մտնում են, խմիչք են օգտագործում, երեխաների այգին են մտնում, այնպիսի այլանդակ բաներ են անում ու հայհոյանքներ են միմյանց տալիս, դանակ են քաշում իրար վրա։ Ամբողջ գիշեր աղմուկ-աղաղակ է, ու այդ ամբողջը մեր երեխաներն են լսում, դրանց բարձր երաժշտությունից մարդկանց գլուխը պայթում է, լռության մեջ հանկարծակի մեկ էլ սկսվում է, ստիպված ես իմ պատուհանները փակ եմ պահում, որ չլսեմ։ Ես չգիտեմ էս ամբողջը վերջ ունի, թե չէ, սոսկալի վիճակ է։ Ընդհանրապես անթույլատրելի է, որ նման օբյեկտները լինեն անմիջապես բնակելի շենքերի տակ, եվրոպական ոչ մի քաղաքակիրթ երկրում այսպիսի միջավայր դուք չեք տեսնի։ Մեղք էն այստեղի ժողովուրդը, առանց այդ էլ ժողովուրդ չի մնացել, մեր հարևաններից մի քանիսը տունը ծախեցին, գնացին, ի՞նչ է, ուզում են մյուսներն էլ գնան, ինչքան կարելի է այսպես։ Մենք հարևաններով հավաքվել ենք ու բազմաթիվ նամակներ ենք գրել քաղաքապետարան, բայց յա ասած, յա չասած»։

Իսկ ի՞նչ են մտածում այս ամենի վերաբերյալ նորընտիր ավագանու ընդդիմադիր խմբակցությունները։ Ստեղված իրավիճակի ու բնակիչների դժգոհությունների մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ներկայացուցիչներից, թե իրենք որպես ավագանու անդամներ ինչ քայլերի են պատրաստվում դիմել խնդրի առնչությամբ։ Խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը «Առաջի լրատվական»-ի հետ զրույցում մասնավորապես ասաց․ «Ես առաջարկում եմ, որպեսզի կոնկրետ բնակիչները դիմեն մեզ, որ իմանանք կոնկրետ որ հասցեի մասին է խոսքը, ինչի մասին է խոսքը։ Դրա համար պետք է հստակ ցանկը լինի, թե այդ տարածքում քանի հատ էդպիսի հաստատություն կա, որն է խնդիրներ առաջացնում, որ կոնկրետ հիմք ունենանք։ Եթե հենց բնակիչները մեզ դիմեն, ապա, բնականաբար, կուսումնասիրենք և կզբաղվենք այդ հարցով, բայց այսպես ուղղակի վեր կենալ և ասել, որ խնդիր կա, դա իրավաբանորեն ճիշտ չի լինի, և արդյունքի էլ չենք հասնի»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20