Իրավիճակը սպառնում է Սերժ Սարգսյանի «վարձակալության» ժամկետի սպառմամբ

- in Կարծիք
136
Serzh Sargsyan1

Երևանի քաղաքապետի երդման արարողությանն ունեցած իր ելույթում Սերժ Սարգսյանը շոշափեց մի շարք բավականին նուրբ տողատակեր, որոնք առնչվում են ոչ թե քաղաքային, այլ հանրապետական իշխանության խնդրին: Այդ տողատակերի զգալի մասին եղել են բազմաթիվ անդրադարձեր ու անկասկած դեռ կլինեն, քանի որ դրանք իսկապես ուշագրավ էին:

Դրանցից մեկն էլ ու գրեթե արձագանք չստացածը Սերժ Սարգսյանի «պատրիարքական» հայտն էր, որ դրսևորվեց Անդրանիկ Մարգարյանի անվան հիշատակումով: Առիթն, իհարկե, այն էր, որ Տարոն Մարգարյանը Անդրանիկ Մարգարյանի որդին է, իսկ երդման արարողությունն էլ տեղի էր ունենում Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը: Սակայն Սերժ Սարգսյանի ձևակերպումներում բավական նկատելի էր այդ առիթի հիման վրա տրվող, այսպես ասած, «հայրական» տոնայնությունը ոչ միայն վերանշանակվող քաղաքապետի, այլև ընդհանրապես իշխանական միջավայրի հանդեպ: Որովհետև Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանին «հայրաբար» ոչ միայն հորդորում էլ չհիասթափեցնել, այլև նույնիսկ «դասավորում» էր նրա կյանքը անգամ քաղաքապետի մյուս ընտրության համար՝ ասելով, թե պետք է աշխատի, որ մյուս անգամ ստանա ավելի շատ ձայն:

Անդրանիկ Մարգարյանի առիթն ու հիշատակումով ստեղծվող ֆոնն ամենևին պատահական չէ՝ թե՛ այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունը, մասնավորապես իշխող ՀՀԿ-ն, ըստ էության «մոնումենտալ հիշողությունների» վրա կառուցված իշխանություն է՝ իհարկե, փողի վրա նստած լինելուց բացի, այսինքն՝ պատվանդանը փողն է, իսկ խորհրդանշական, պատկերային հոգեբանությունը՝ մոնումենտը, և թե՛ այն պատճառով, որ Անդրանիկ Մարգարյանն այդ համակարգում ունի առանձնահատուկ դեր: Անգամ ավելի, քան Վազգեն Սարգսյանը, որովհետև Վազգեն Սարգսյանը ՀՀԿ-ի, այսպես ասած, վարձակալ էր: Նրա վարձակալությունը կարճ ժամանակ տևեց և ընդհատվեց ողբերգական իրադարձությունների հետևանքով:

Սերժ Սարգսյանն էլ ՀՀԿ վարձակալ է, նա էլ, ինչպես Վազգեն Սարգսյանը, ՀՀԿ-ն վարձակալել է իր քաղաքական ծրագրերի համար՝ անկախ նրանից, թե ինչ մղումներ և արժեքներ կան այդ ծրագրերի հիմքում: Անդրանիկ Մարգարյանը ՀՀԿ-ում վարձակալ չէր, նա ՀՀԿ «ծնողկոմիտեի» նախագահն էր:

Սերժ Սարգսյանը մոնումենտալ հիշողության վրա կառուցված խաղի միջոցով փորձում է դուրս գալ «վարձակալի» կարգավիճակից և ՀՀԿ-ում վերջապես արժանանալ պատրիարքալ ընկալման, դառնալ կուսակցության «հայրը»: Այդ ընկալումը խիստ անհրաժեշտ է այն դասավորության համար, որ ստեղծվում է Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդելի անցումից հետո, որը լիարժեք ուժի մեջ կմտնի 2018-ից հետո:

Փաստորեն, այդ իրավիճակը սպառնում է Սերժ Սարգսյանի «վարձակալության» ժամկետի սպառմամբ, և «ալիքի կատարին» մնալու համար Սարգսյանին պետք է փոխել կարգավճակը ՀՀԿ-ում՝ ճանաչվելով ՀՀԿ «հայր»՝ պատրիարք: Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի արձանագրում է, որ գործնականում միայն այդ կարգավիճակն է, որ տեսանելի ապագայում կարող է զերծ լինել ուժեղ մրցակցությունից: