Սամվել Կարապետյանը խաղում է Կարեն Կարապետյանի հետ համաձայնեցվա՞ծ, թե՝ կպայմանավորվի Սերժ Սարգսյանի հետ

- in Կեղտոտ լվացք
256
Samvel Karapetyan

Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է պոլիտեխնիկական համալսարանում ստեղծված Գերազանցության կենտրոնի բացմանը: Այդ կենտրոնը ստեղծվել է ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկ» և ռուսական «Տաշիր գրուպ» ընկերությունների մասնակցությամբ, իսկ համաձայնությունը ձեռք է բերվել մարտի 8-ին Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում:

Սերժ Սարգսյանի մասնակցությունն ուշագրավ է այն բոյկոտի ֆոնին, որ տեղի ունեցավ նոր խորհրդարանի առաջին նիստում նրա ելույթի ժամանակ: Խոսքը «Ելք» դաշինքի բոյկոտի մասին չէ, այլ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի, որը հետո հայտարարեց, այն էլ հպանցիկ, թե Սերժ Սարգսյանի ելույթը ոչ թե բոյկոտել է, այլ ուշացել էր: Իսկ այդ ամենն էլ ուշագրավ է Հայաստանի իշխանության ներսում առկա առանցքային խնդրի՝ 2018 թվականի կառավարության և ներիշխանական ուժերի դասավորության գործընթացի ֆոնին:

Սամվել Կարապետյանն այստեղ առանցքային գործոն է և ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի թիկունքը: Ընդ որում, այդ համատեքստում է ուշագրավ դառնում պատգամավոր Կարեն Կարապետյանի բոյկոտը:

Բանն այն է, որ խորհրդարանի ընտրությունից հետո ակնհայտ է ներիշխանական տոտալ գրոհը Կարեն Կարապետյանի ուղղությամբ, և Սերժ Սարգսյանը եթե դա չի կազմակերպում անձամբ, ապա առնվազն չի էլ փորձում դադարեցնել այն, թեև անկասկած կարող է: Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը եթե անձամբ չի փորձում վարչապետի պաշտոնից հեռացնել Կարեն Կարապետյանին, ապա առնվազն չի էլ փորձում պահել նրան, աջակցել նրան այդ պաշտոնում, իշխող համակարգի հետ բարդ փոխհարաբերություններում:

Այսինքն՝ ստացվում է մի իրավիճակ, երբ խնդիրը ոչ թե այն է, թե ով ում կգցի, այլ այն, թե ով ում կգերազանցի՝ Սերժ Սարգսյա՞նը Կարապետյաններին, թե՞ նրանք Սերժ Սարգսյանին և մյուսներին, որոնց համար նախընտրելի է Սարգսյանի հովանու ներքո ստատուս քվոյի պահպանությունը:

Եվ ահա այդ իմաստով է նաև խորհրդանշական Սամվել Կարապետյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը Գերազանցության կենտրոնում, որն, իհարկե, որևէ կապ չունի ներքաղաքական գործընթացների հետ, սակայն անշուշտ ունի դրանց առումով խորհրդանշական հայելայնություն: Ո՞վ է ում մոտ գնացել հունիսի 5-ին՝ Սերժ Սարգսյա՞նն է բոյկոտից հետո փորձում ռևերանս անել Սամվել Կարապետյանին՝ փորձելով կանխել հետագա առավել կոշտ դիմակայությունը, թե՞ Սամվել Կարապետյանն է անհաջող բոյկոտից հետո փորձում սիրաշահել Սերժ Սարգսյանին:

Այստեղ իհարկե ինտրիգներից մեկն այն է, թե արդյոք Սամվել Կարապետյանը խաղում է Կարեն Կարապետյանի հետ համաձայնեցվա՞ծ, թե՞ հնարավոր է, որ նա պայմանավորվի Սերժ Սարգսյանի հետ վարչապետ Կարեն Կարապետյանի հաշվին: Համենայնդեպս, շատ մեծ է հավանականությունը, որ Սերժ Սարգսյանը կարող է փորձել Սամվել Կարապետյանի հետ պայմանավորվել այդ գնով: Կհամաձայնի՞ Կարապետյանը՝ դա է հարցը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20