«Ալաշկերտը» կարող է պատմական հաջողություն գրանցել

- in Հասարակություն
106
futbol

Վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Ալաշկերտ»-«ԲԱՏԷ» պատասխան հանդիպումը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Բորիսովում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1: Ու չնայած Հայաստանի չեմպիոնը արտագնա խաղում դրական արդյունքի է հասել, միջազգային բուքմեյքերական ընկերությունները երևանյան խաղում բացահայտ ֆավորիտ են համարում «ԲԱՏԷ»-ին: Բելառուսի չեմպիոնի հաղթանակը գնահատված է 1.8, ոչ-ոքին՝ 3.4, իսկ «Ալաշկերտի» հաղթանակը՝ 4.6 գործակցով:

Երկու հանդիպումների արդյունքով «ԲԱՏԷ»-ին հաղթելով՝ «Ալաշկերտը» կարող է պատմական հաջողություն գրանցել: Պատմության ընթացքում հայկական որևէ թիմի չի հաջողվել հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի արգելքը:

Նշենք, որ որակավորման երրորդ փուլում այս դիմակայության հաղթողը կմրցի չեխական «Սլավիայի» հետ, իսկ Չեմպիոնների լիգայի խաղարկության երրորդ որակավորման փուլից դուրս մնացած թիմերը հանդես կգան Եվրոպա լիգայի փլեյ-օֆում և հաջողության հասնելու դեպքում խմբային փուլի ուղեգիր կնվաճեն:

Ինչպե՞ս հաղթահարել «ԲԱՏԷ»-ի արգելքը և ֆուտբոլային տոն պարգևել ֆուտբոլասերներին: Նույնիսկ 0:0 խաղալու դեպքում «Ալաշկերտը» դուրս կգա որակավորման երրորդ փուլ: Ֆուտբոլային լեզվով ասած՝ 0:0-ի վրա խաղալը, սակայն, դժվար թե դառնա «ԲԱՏԷ»-ին պայքարից դուրս թողնելու հաղթաթուղթը:

Ակնհայտ է, որ բելառուսական թիմը հանդիպման առաջին րոպեներից բուռն գրոհներ կձեռնարկի և կփորձի արագ գոլ խփել: Կարծում ենք՝ վաղը «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը կորդեգրի պաշտպանողական մարտավարություն, քանզի ամուր պաշտպանությունը կարգով ավելի բարձր թիմի դեմ հաղթանակի հիմնական գրավականն է: Միևնույն ժամանակ մեր ֆուտբոլիստները պետք է փորձեն հակագրոհել: Բորիսովում կայացած խաղում «Ալաշկերտի» ֆուտբոլիստների մոտ վատ չէին ստացվում հակագրոհները, և որոշ դեպքերում մեր թիմը կարող էր նաև արդյունքի հասնել:

Վաղվա հանդիպման կարևոր գործոններից է նաև գնդակ պահելը, ինչը մրցակցին կստիպի ավելի շատ տեղաշարժվել և վատնել ուժերը: Շոգ եղանակային պայմաններում բավական դժվար է բարձր արագությամբ գործելը: Որոշ մասնագետների կարծիքով՝ այս թիմերի միջև կայացած առաջին մրցավեճում «Ալաշկերտ»-ը ֆիզիկական պատրաստվածությամբ գերազանցել է մրցակցին:

«Ալաշկերտի» դեմ «ԲԱՏԷ»-ի գլխավոր զենքը երկրորդ հարկում ավելի հաջող գործելն է: Առաջին խաղում Բելառուսի չեմպիոնը հաշվի մեջ առաջ անցավ Ռիոսի գլխի հարվածով խփած գնդակից հետո: Պետք է ընդունենք, որ «Ալաշկերտի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը անհաջող է խաղում հատկապես օդային պայքարում: «ԲԱՏԷ»-ն խաղում է, այսպես ասած, չոր ֆուտբոլ, որը համեմված է ուժային պայքարով: Հաղթանակի գործընթացում կարևոր դեր կարող են խաղալ ֆուտբոլասերները:

Սպասվում է, որ կարևորագույն այս խաղում «Հանրապետական» մարզադաշտ կգան 10-15 հազար ֆուտբոլասերներ: Նշենք, որ հանդիպման մուտքն ազատ է լինելու, և, կարելի է ասել, երկրպագուների համար բացառիկ հնարավորություն է ստեղծվել մարզադաշտում ֆուտբոլի շունչը զգալու: Բելառուսում գրանցված դրական արդյունքը իրական բում էր առաջացրել սոցիալական ցանցերում: Լեփ-լեցուն տրիբունաներն ու ակտիվ աջակցությունը կարող են ստիպել ֆուտբոլիստներին ավելի ոգևորված և նվիրված խաղալ:

Սպասվում է նաև, որ վաղը խաղադաշտում կլինի «Ալաշկերտի» առանցքային կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը, ով ծանր վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Սանտա Կոլոմայի» հետ երևանյան խաղում: Խաշմանյանը «ԲԱՏԷ»-ի հետ հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսում նշել էր, որ Գրիգորյանը Բորիսովում դուրս կգա խաղադաշտ, սակայն Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը տեղ չէր գտել թիմի հայտացուցակում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20