Ալիևի դիվանագիտական աշխուժության ֆոնին ավելի խղճուկ և անբովանդակ է հայկական դիվանագիտությունը

- in Կեղտոտ լվացք
71
Ilham Aliev

Այսօր ժամը 17:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վազգեն Ժիրայրի Պողոսյանը:

Այս ակտով Ադրբեջանը թերևս նշանավորում է ռուսական սպառազինության նոր խմբաքանակի ստացումը: Մինչ պաշտոնական Երևանն անտարբեր լռությամբ է արձագանքում Ադրբեջան ռուսական սպառազինության հերթական խմբաքանակի մատակարարմանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ակտիվություն է դրսևորում ոչ միայն ռուսական ուղղությամբ:

Ալիևը Ստամբուլում մասնակցում է Համաշխարհային նավթային կոնգրեսին, որի շրջանակներում այսօր հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Բնականաբար, հանդիպումների օրակարգում եղել է նաև ԼՂ խնդիրը: Պատկերացնել կարելի է, թե Ալիևն ինչպիսի ջանասիրությամբ է հատկապես Թիլերսոնին պատմել հայ «օկուպանտների գազանությունների» մասին:

Ալիևի դիվանագիտական աշխուժության ֆոնին ավելի խղճուկ և անբովանդակ է պատկերվում հայկական դիվանագիտությունը, որի դեմքը` Էդուարդ Նալբանդյանը, թերևս, միջազգային լսարանին հոգնեցրել է իր նույն տեքստերով ու ձևակերպումներով: Մեր դիվանագիտությանը պակասում են թարմությունը, կրեատիվ մոտեցումները և, որ ամենակարևորն է` անկախությունը: Ո՞ւմ է պետք հայ-ռուսական ռազմավարական համագորմակցությունը, եթե դրա արդյունքում անգամ հայաստանցի վարորդները չեն կարողանում նորմալ աշխատել Մոսկվայում:

Բաքուն Մոսկվայի հետ իր հարաբերությունները չի թմբկահարում, բայց Ռուսաստանից ստանում է այն, ինչ ուզում է: Խոսքը միայն սպառազինության մասին չէ, այլ նրա, որ բովանդակային հարթության վրա Մոսկվան ԼՂ հարցը քննարկում է ոչ թե իր դաշնակից Հայաստանի, այլ` Ադրբեջանի հետ: Նույն «Լավրովի պլանը» ծնվել է ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների արդյունքում, իսկ հետո Մոսկվան փորձել է զիջումներ պարտադրել Հայաստանին:

Քանի Հայաստանի իշխանությունները չեն ձերբազատվել խրոնիկ ռուսահպատակությունից, հարաբերությունների այս նվաստացուցիչ համակարգը պահպանվելու է` հանգեցնելով նոր պատերազմների կամ կորուստների: Հայաստանը թմբկահարում է այն թեզը, որ Ադրբեջանն աշխարհի կողմից մերժված, իզգոյ երկիր է, սակայն Ալիևը հաջողացնում է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի հետ, իսկ Հայաստանի և ԱՄՆ նոր վարչակազմի շփումների մասին, համենայնդեպս, հրապարակավ ոչինչ հայտնի չէ:

Առհասարակ, «քաղաքակիրթ Հայաստանի և բարբարոս Ադրբեջանի» մասին մեր իշխանությունների քարոզչական թեզը կեղծ է, որովհետև քաղաքակիրթ աշխարհի աչքին Հայաստանի ու Ադրբեջանի ռեժիմները գրեթե նույնքան իզգոյ ու հետադիմական են: Երբ որակական տարբերություններ չկան Հայաստանի և Ադրբեջանի ռեժիմների միջև, ապա առաջին պլան է գալիս նավթը, որի գործոնը խաղարկելով էլ` այսօր Ալիևը ԼՂ խնդրով զրուցել է Թիլերսոնի հետ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20