Ամերիկացի 755 դիվանագետներ ստիպված են լքել Ռուսաստանը

- in Միջազգային
117
putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի դեմ նոր միջոցառումների շրջանակում 755 ամերիկացի դիվանագետ ստիպված կլինի լքել Ռուսաստանը։

Այս մասին հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցում ասել է Պուտինը՝ փոխանցում է Vesti.ru-ն։

«Հազարից ավելի աշխատակիցներ՝ դիվանագետներ և տեխնիկական աշխատողներ, աշխատել և մինչև հիմա էլ դեռ աշխատում են Ռուսաստանում, 755-ը ստիպված են դադարեցնել իրենց գործունեությունը ՌԴ-ում։ Դա զգալի է»,-նշել է Պուտինը։

Պուտինի խոսքով՝ Մոսկվան նման որոշումն ընդունել է այն պատճառով, որ ամերիկյան կողմը ձեռնարկել է «առանց դրդապատճառի քայլ՝ ուղղված ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացմանը»։

Մոսկվան, ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի կողմից նոր հակառուսական պատժամիջոցների ընդունման, ընդունել է պատասխան միջոցառումներ։ Օգոստոսի 1-ից դադարեցվում է ԱՄՆ-ի դիվանագետների կողմից Մոսկվայի Դորոժնայա փողոցում պահեստային տարածքների և «Սերեբրյանի բոր»-ում առանձնատների օգտագործումը։

Ռուսաստանը պահանջել է մինչ սեպտեմբերի 1-ը զանգվածաբար կրճատել Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների թիվը՝ հավասարեցնելով նրանց թիվն ԱՄՆ-ում աշխատող ռուս դիվանագետների թվին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի և ԱՄՆ-ի փոխործակցության կարևոր ոլորտներ է անվանել ահաբեկչության դեմ պայքարը, Սիրիայի հարցով համագործակցությունն ու զանգվածային ոչնչացման զենքի սահմանափակումը։

«Դատելով նրանից, թե ինչ է արվել վերջին շրջանում, արդեն կտեսնենք, թե ինչպես զարգանա իրավիճակը, սակայն վերջին շրջանում Սիրիայում դեէսկալացիոն գոտիների ստեղծումը եղել է հստակ քայլ, համատեղ աշխատանքի հստակ արդյունք»,-ասել է Պուտինը հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցում՝ փոխանցում է Vesti.ru-ն։

Պուտինը նշել է, որ իրենք աշխատում և արդյունքի են ձգտում նույնիսկ հիմա՝ այս բավականին դժվար իրավիճակում։

Նրա խոսքով՝ դա բխում է ոչ միայն Սիրիայի, Ռուսաստանի, այլև Հորդանանի, Իսրայելի, իսկ դա նշանակում է՝ նաև ԱՄՆ-ի շահերից։

«Ունենք նաև այնպիսի թեմա, ինչպիսին անօրինական միգրացիայի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարն է։ Եվ վերջապես, մենք ունենք կիբերանվտանգության հարցեր»,-ասել է նա։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20