Անարգում են Նժդեհի հիշատակը՝ հանուն Ռուսիո ցարի

- in Կեղտոտ լվացք
87
HHK

Էդմոն Մարուքյանի մի հայտարարությունը, որ անհրաժեշտ է սկսել ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց, իշխանությանը ստիպեց մարտի նետել իր «երիտգվարդիային»՝ ռուսական շահերը պաշտպանելու համար:

Ամենազավեշտալին այն է, որ ստաժավոր պատգամավորների բերած փաստարկներն արտաքուստ պաշտպանում են եվրասիականությունը՝ իրականում հիմար վիճակի մեջ դնելով իշխանություններին և նրանց մոսկովյան հովանավորներին: Այս քարոզչությունն ավելի շատ նման է հակաքարոզչության:

Օրինակ՝ ՀՀԿ ներկայացուցիչներն ասում են, որ ԵՏՄ-ն և ՀԱՊԿ-ն այլընտրանք չունեն: Երբ որևէ իշխանություն խոսում է զարգացման այլընտրանքի բացակայության մասին, ակամայից խոստովանում է, որ իր քաղաքականությունը երկրի համար ստեղծել է փակուղային, պատային իրավիճակ: Նման իշխանությունը, որպես կանոն, ոչ թե պետք է զբաղվի քարոզչությամբ, այլ հեռանա:

Մյուս կողմից՝ միայն Սառը պատերազմի ոգով դաստիարակվածները կարող են նման սրությամբ դնել «կամ-կամ»-ի խնդիր՝ իրենց տարիքի բերումով բացառապես գրականությունից ծանոթ լինելով Սառը պատերազմի պատմությանը: Օրինակ՝ Իսրայելը բլոկային կարգավիճակ չունի, սակայն, շրջապատված լինելով ավելի թշնամական երկրներով, իր հմուտ արտաքին քաղաքականության շնորհիվ ունի ԱՄՆ-ի պես դաշնակից կամ տեսակետ, որ լսելի է ԵՄ-ում:

Մեր ռուսասերների մյուս փաստարկն այն է, որ ԵՏՄ-ում ենք, որովհետև Ղարաբաղի չլուծված խնդիր ու անվտանգության հարց ունենք, ու այս համատեքստում սիրում են խոսել «արնաքամ» Մոլդովայի ու Վրաստանի մասին՝ մոռանալով, որ այս երկու երկրներն իրենց որոշ տարածքների նկատմամբ վերահսկողությունը կորցրել են, երբ ԵՏՄ-ն նույնիսկ  սաղմնավորված չէր:

Երբեմն հանրապետական քարոզիչները չեն նկատում, որ հարցազրույցի սկզբնամասում ԵՏՄ-ն ներկայացնում են որպես բացառապես տնտեսական կառույց, իսկ վերջնամասում Հայաստանի ներկայությունը ԵՏՄ-ում հիմնավորում են անվտանգության գործոնով: Սակայն այս ամենը նույնիսկ երկրորդական է ավելի էական պատմական իրողության համատեքստում:

Հայկական կողմը տարածքներ է ազատագրել 90-ականների սկզբին, երբ Ռուսաստանը թուլացած էր և մեծ իմաստով բացակա էր տարածաշրջանից: Այդ փուլում Արցախը բանակցությունների լիարժեք կողմ էր և դրանցից դուրս մղվեց, երբ Ռուսաստանը վերադարձավ տարածաշրջան: 1997-ին կնքվեց հայ-ռուսական Մեծ պայմանագիրը, գրեթե նույն ժամանակ ԼՂՀ-ն զրկվեց սուբյեկտայնությունից: Հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցել է 2016-ի ապրիլին, երբ Հայաստանն արդեն ԵՏՄ անդամ էր: «Հանճարեղ» փաստարկ է այն բանի օգտին, որ ԵՏՄ-ն մեր անվտանգության հովանոցն է:

Ասում են՝ մեր ապրանքները մրցունակ են նախևառաջ ԵՏՄ շուկայում: Ակամա ինքնախոստովանություն, որ Հայաստանը մրցունակ երկիր չէ և այդպիսին դառնալու ամբիցիա չունի: Սրանով հանդերձ՝ քարոզչական այս հնարքը խարսխված է կեղծիքի վրա, որովհետև Հայաստանի և ԵՏՄ մյուս անդամների ապրանքաշրջանառությունը միայն անկում է ապրում:

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելուց հետո գազի սակագինը սահմանին փոխվել է մեր սպառողների օգտին։ Այս մասին հենց երեկ ասել է Էդուարդ Շարմազանովը։ Հետո ի՞նչ, «Գազպրոմը» հայաստանցիներին շարունակում է թալանել սահմանից այս կողմ: Եվ ընդհանրապես՝ ի՞նչ է Հայաստանը Ռուսաստանի համար՝ «Գազպրոմի» «սև» հաշվապահությո՞ւն, որտեղ լվացվում են ռուսական չեկիստների և քրեաօլիգարխիայի կեղտոտ փողերը:

Իսկական զավեշտ է, որ ռուսական օկուպացիայի դեմ պայքարած ու ռուսական գաղութացման զոհ դարձած Նժդեհի հետևորդները դարձել են ռուսական շահերի ջերմեռանդ պաշտպաններ: Նրանք օրական հարյուր անգամ անարգում են Նժդեհի հիշատակը՝ հանուն Ռուսիո ցարի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20