Անփոխարինելի Հրանուշ Հակոբյանից ազատվելու ժամանակը

- in Ով ով է ..., Պնակալեզներ
206
hranush-hakobyan

Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի չորրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ոչ թե տպավորություն է, այլ հիմնավոր, հաստատուն կարծիք, որ ամբողջ նախարարությունը զբաղված է միայն այս ծրագրով: Ընդ որում, «Արի տուն»-ը չունի բովանդակություն և ավելի շատ հիշեցնում է քարոզչական անհաջող նախագիծ, որի ստվերում լվացվում են պետական փողեր, արժեզրկվում է հայրենադարձության գաղափարը, որն այնքան կարևոր է Հայաստանի համար: Խորապես համոզված ենք, որ այս ծրագիրն ավելի արդյունավետ կարող էր իրականացնել որևէ կայացած հասարակական կազմակերպություն:

2008-ին, երբ ստեղծվում էր սփյուռքի նախարարությունը, կար համընդհանուր կարծիք, որ դա արվում է Հրանուշ Հակոբյանին նախարարական պորտֆելով ապահովելու համար: Այս կարծիքն այնքան էլ հիմնազուրկ չէ, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Հրանուշ Հակոբյանը նախարարի պաշտոնն անփոփոխ զբաղեցրեց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ողջ շրջանում, ու հիմա խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ 2018-ի ապրիլից հետո նախարարությունը կարող է առհասարակ վերացվել կամ առնվազն փոխել կարգավիճակը:

2008-ին մեկ այլ պատճառ էլ կար, որը Սարգսյանին դրդեց սփյուռքի նսխարարության ստեղծմանը: Այդ պատճառն, իհարկե, որևէ առնչություն չուներ ոչ սփյուռքի և ոչ էլ հայրենադարձության հետ և կապված էր Սերժ Սարգսյանի լեգիտիմության ճգնաժամի և սփյուռքին սիրաշահելու նրա մտադրության հետ:

Այսպիսով՝ մոտ տասը տարի առաջ ստեղծվեց մի նախարարություն՝ առանց բովանդակության և օրակարգի: Մինչդեռ Հայաստանի և մեր ժողովրդի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ այս նախարարությունը կարող էր ունենալ առանցքային դերակատարություն ոչ միայն պետական համակարգում, այլ նաև համահայկական օրակարգի ձևավորման գործում: Սակայն դրա համար պետք էր հրաժարվել անճաշակ միջոցառումներից, անտաղանդ PR-ից ու կենտրոնանալ մի քանի առանցքային խնդիրների լուծման վրա:

Սփյուռքի նախարարության կարևոր գործառույթներից մեկը պետք է լինի Հայաստանի կերպարի քարոզչությունը, ընդ որում՝ ոչ միայն սփյուռքահայերի, այլ նաև օտարերկրացիների շրջանում:

Այդ գործառույթի արդյունավետ իրագործումը կլուծեր միանգամից երեք խնդիր: Առաջին հերթին՝ կխրախուսվեր հայրենադարձությունը: Ի վերջո, ակնհայտ է, որ հայրենադարձության հարցն առաջնահերթ պետք է դառնա Հայաստանի իշխանության օրակարգում, որովհետև երկրի նոսրացող բնակչությունը նույնիսկ ֆիզիկապես չի կարողանալու լուծել երկրի անվտանգությանն ու պաշտպանությանն առնչվող խնդիրները:

Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ Հայաստանը նոր մշակույթի, որակյալ կադրերի անհրաժեշտություն ունի: Հայաստանի դրական կերպարի քարոզչությունը կնպաստեր նաև Հայաստանում ներդրումների մեծացմանն ու տուրիզմի զարգացմանը: Իհարկե, այնքան միամիտ չենք, որ կարծենք, թե հայրենադարձությունը, ներդրումները կամ տուրիզմի զարգացումը հնարավոր է խրախուսել միայն պետական մեկ կառույցի գործունեության և քարոզչության արդյունքում:

Ի վերջո, երկիրը պետք է կերպար ունենա, որը հնարավոր լինել մատուցել արտերկրում կամ սփյուռքահայերին: Սա ինքնին հասկանալի է, բայց եթե մենք ունենայինք օրակարգ ունեցող և ազդեցիկ սփյուռքի նախարարություն, այն կարող էր ազդել նաև պետական օրակարգի ձևավորման, մյուս կառույցների քաղաքականության վրա:

Մեր պատկերացմամբ՝ սփյուռքի նախարարության մյուս կարևոր գործառույթն, այսպես կոչված, «այլընտրանքային դիվանագիտության» իրականացումն է՝ Սփյուռքում նոր կառույցների ձևավորումը խրախուսելու, համահայկական հարթակներ ձևավորելու ճանապարհով: Սա շատ կարևոր առաքելություն է՝ հայկական դիվանագիտությունն ուժեղացնելու, Սփյուռքի կառույցների ժամանակավրեպ օրակարգն արդիականացնելու և Հայաստանի անվտանգությանն ու ժողովրդավարացմանը նպաստելու համար:

Նման պոտենցիալը թույլ կտա, որպեսզի Հայաստանի դիվանագիտությունն օժտվի իրապես կրեատիվ ռեսուրսով, ինչը շատ կարևոր է՝ հատկապես ԼՂ խնդրի և Ռուսաստանից Հայաստանի միակողմանի կախվածությունը թոթափելու հարցերում:

Շատ կարևոր է Իսրայելի համարժեք կառույցի՝ Լիշկար-խա-Կեշիրի՝ NATIV-ի փորձի ուսումնասիրումը: Այն առանցքային դեր է կատարել ԽՍՀՄ-ում և Արևելյան Եվրոպայում բնակվող հրեաների հայրենադարձության նախապատրաստման և կազմակերպման գործընթացում՝ փրկելով Իսրայելը դեմոգրաֆիական և ինտելեկտուալ ոչնչացումից և արաբական աշխարհից եկող մարտահրավերներից:

Իհարկե, խիստ կասկածում ենք, որ Հայաստանի իշխանությունները կգնան կոնցեպտուալ լուծումների, և, ըստ ամենայնի, Սփյուռքի նախարարությունը հաջորդ տարի կլուծարվի՝ այս անգամ անփոխարինելի Հրանուշ Հակոբյանից ազատվելու նպատակով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20