Աշխարհում առաջանում են նոր բաժանարար պատեր

- in Միջազգային
150
trump-putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան հայտարարել է, որ Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքը եթե նույնիսկ փոխվի, ապա դա կլինի ոչ շուտով:

«Մենք բավականին երկար սպասել ենք, որ գուցե ինչ-որ բան կբարելավվի, հույսեր էինք տածում, որ իրավիճակը կփոխվի։ Մենք պետք է ցույց տանք, որ մենք նույնպես ոչինչ չենք թողնի առանց պատասխանի»,- ասել է ՌԴ նախագահը: Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ 755 դիվանագետներ պետք է հեռանան երկրից, և դա նկատելի կլինի ամերիկյան կողմի համար։

Այսուհետ Մոսկվայում և Վաշինգտոնում դիվանագիտական ծառայություններում ներգրավված կլինեն համապատասխանաբար 455-ական աշխատակիցներ, ինչը էապես սահմանափակում է ռուս-ամերիկյան համագործակցության ծավալը: Էստոնիայում այց կատարող ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսն, իր հերթին, երեկ հայտարարել է, որ Վաշինգտոնը քննարկում է բալթյան այդ երկրում ամերիկյան հակահրթիռային «Պետրիոտ» համակարգ տեղակայելու հնարավորությունը: Կանխատեսելի էր, որ հենց այսպիսի վերջաբան է ունենալու Դոնալդ Թրամփի, այսպես կոչված, «գործարքային դիվանագիտությունը», որն ակտիվորեն խրախուսվում էր առնվազն ռուսական պաշտոնական քարոզչության կողմից: ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունվեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ, որն ինստիտուցիոնալ բնույթ հաղորդեց դրանց` սահմանափակելով ԱՄՆ նախագահի ինքնուրույնությունն արտաքին քաղաքականության մի շարք հարցերում, ինչին հետևեցին ռուսական հակաքայլերը:

Սառը պատերազմի ավարտից հետո սա, անկասկած, ամենաճգնաժամային փուլն է ռուս-ամերիկյան հարաբերություններում, ինչն, առաջին հերթին, անդրադառնալու է էներգետիկայի և առևտրի ոլորտներում նրանց համագործակցության, միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի արդյունավետության, հակամարտությունների կարգավորման համատեղ ջանքերի էֆեկտիվության վրա: Արդեն իսկ կանխատեսելի են էսկալացիայի նոր դրսևորումներ Սիրիայում և Ուկրաինայի արևելքում, փակուղային իրավիճակ հյուսիսկորեական ճգնաժամի հաղթահարման գործընթացում:

Համաշխարհային գլոբալ անկայունությունը չի կարող չանդրադառնալ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա: Ռուս-ամերիկյան ճգնաժամն ավելի անարդյունավետ է դարձնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունն, ինչը, հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, մեծացնում է նոր պատերազմի բռնկման ռիսկերը:

Մեծ իմաստով`աշխարհում առաջանում են նոր բաժանարար պատեր ու չափազանց մեծ է հավանականությունը, որ Հայաստանն ու ԼՂ խնդիրը հայտնվելու են դրանցից այս կողմ` ռուսական կայսերականության ագրեսիվ ու քմահաճ քաղաքականության թիրախում: Այդ ամենը հղի է Հայաստանի սուբեկտայնության նվազման նոր հեռանկարով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20