Bzhishk

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Կարինե Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:

48-ամյա Կարինեին մեղադրանք էր առաջադրված անզգույշ սպանության համար՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Կարինեի հայրն էր՝ Ռուբիկը:

Վերջինիս մահվան փաստի վերաբերյալ սկզբում նյութեր են նախապատրաստվել և քննիչի՝ 2015 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է:

Սակայն 1 ամիս անց՝ նոյեմբերի 13-ին նոր երևան եկած հանգամանքների հետևանքով հարուցվել է վարույթ:

2016 թվականի օգոստոսի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ դիտավորյալ սպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Գործի քննության ընթացքում արարքի որակումը փոխվել է, 2016 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ Ռուբիկ Հ.-ի դստերը՝ Կարինեին մեղադրանք է առաջադրվել անզգույշ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  109 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Կարինեն Հ.-ն ունեցել է բժշկական միջնակարգ –մասնագիտական կրթություն, բայց աշխատել է խանութում՝ որպես մաքրուհի:

2015 թվականի սեպտեմբերին՝ գործով չպարզված օրը, Կարինեն հորը՝ տուժող Ռուբիկին ցավազրկող դեղամիջոցներ է ներարկել: Ներարկում կատարելու ժամանակ, ըստ մեղադրանքի, Կարինեն դրսևորել է անփութություն, ցավազրկող դեղամիջոցների հետ ներարկիչի մեջ հոր պահանջով լիցքավորել է վերջինիս կողմից նախկինում բնակարան բերված ապակե՝ առանց պիտակի, բաց վիճակում գտնվող սրվակում եղած սուր հոտով, տվյալ պահին անհայտ բաղադրություն ունեցող լուծույթ:

Ըստ մեղադրանքի՝ Կարինե Հ.-ն հնարավորություն ունենալով և պարտավոր լինելով գիտակցել իր արարքով հոր կյանքի և առողջության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, առանց ստուգելու և պարզելու սրվակի պարունակությունը, այն ներարկել է հոր աճուկային աջ հատվածում:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ ներարկված սուր հոտով հեղուկը եղել է բենզին, որի ազդեցության ֆոնի վրա առաջացած սուր կորոնար անբավարարությունից և սրտամկանի ռեցիդիվող ինֆարկտից Ռուբիկ Հ.-ն 2015 թվականի հոկտեմբերի 2-ին հիվանդանոցում մահացել է:

Կարինե Հ.-ն հորը անզգույշ սպանելու մեղադրանքը լիովին ընդունել է, իրեն մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Կարինե Հ.-ն բնութագրվում է դրական, նրա խնամքին է մնացել տարեց մայրը:  Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալը ոտնձգել է մարդու կյանքի դեմ, արարքը կատարել է հանցավոր անփութությամբ:

Կարինե Հ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 1 տարի իրական ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի Կարինեին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի:

Այս դատավճիռը բողոքարկել էին դատավարության բոլոր կողմերը՝ պաշտպանական կողմը, մեղադրողը, տուժողի իրավահաջորդը:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Է. Բադեմյանը միջնորդել էր Կարինե Հ.-ին իրական ազատազրկման չդատապարտել, կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել փորձաշրջան: Պաշտպանը դատարանում նշեց, որ Կարինեի խնամքին է տարեց ու հիվանդ մայրը, տուժողի իրավահաջորդը որևէ բողոք կամ պահանջ առաջ չի քաշել, ավելին, նա նույնպես վերաքննիչ բողոք է բերել՝ պահանջելով պայմանականորեն չկիրառել դատարանի նշանակած պատիժը: Այս պահանջը չբավարարելու դեպքում պաշտպանն ու տուժողի իրավահաջորդը խնդրել էին բեկանել դատավճիռը, գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Նրանց բողոքներին միացավ նաև ամբաստանյալ Կարինե Հ.-ն:

Վերաքննիչ բողոք էր բերել նաև դատախազ Կ. Սավթալյանը, ով միջնորդել էր խստացնել Կարինե Հ.-ի նկատմամբ նշանակված պատիժը, նրան դատապարտել ոչ թե 1, այլ 2 տարի իրական ազատազրկման: Ըստ մեղադրողի՝ առաջին ատյանի դատարանը Կարինե Հ.-ի նկատմամբ սահմանել է ակնհայտ մեղմ պատիժ:

Վերաքննիչ քրեական դատարանը անհիմն գնահատեց ինչպես մեղադրողի, այնպես էլ պաշտպանի ու տուժողի իրավահաջորդի բերած բողոքները և եզրահանգեց, որ առաջին ատյանի դատարանը Կարինե Հ.-ի նկատմամբ սահմանել է նրա արարքին համաչափ պատիժ:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվեց անփոփոխ՝ 1 տարի իրական ազատազրկումով: Պատժի սկիզբը կհաշվվի Կարինե Հ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ վերաքննիչ դատարանի որոշումը, դրա հետ նաև առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնեն:

Spread the love