Արցախում փաստացի պատերազմ է

- in Վերլուծական
305
zinvor

Այսօր առավոտվանից սկսած հակառակորդն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:

Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):

Սա այն է, ինչի մասին կանխատեսել էինք: Հայ-ադրբեջանական շփման գծում այլևս չեն գործում հրադադարի պահպանման միջազգային երաշխիքները, Ադրբեջանը համարում է, որ աշխարհում ստեղծվել է բարենպաստ միջավայր ղարաբաղյան հարցում ստատուս-քվոն փոխելու համար: Սրան հավելենք նաև Ադրբեջանին ռուսական սպառազինության հետևողական մատակարարումը, ինչը նոր պատերազմ սանձազերծելու քաղաքական քարտ բլանշ է: Բաքուն ակնհայտորեն բանը տանում է լայնածավալ պատերազմի, որն իրականություն կդառնա, եթե առաջիկա ժամերի, օրերի ընթացքում չարժանանա միջազգային կոշտ հակազդեցության: Դրա հնարավորությունը, անկեղծ ասած, սահմանափակ է, որովհետև Արևմուտքի և Ռուսաստանի գլոբալ հակադրությունը հույսեր չի թողում, որ գործ կունենանք կոնսոլիդացված դիրքորոշման հետ միջազգային որևէ ձևաչափում կամ տարածաշրջանում: Այս առումով` պետք չէ ավելորդ ակնկալիքներ ունենալ նաև Պուտին-Թրամփ այսօրվա հանդիպումից:

Մյուս կողմից` հայկական դիվանագիտությունը զուրկ է ինքնաբավությունից ու կրեատիվությունից, և դժվար է Նալբանդյանի գերատեսչությունից սպասել ոչ ստանդարտ ու համարձակ լուծումներ, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ միջազգային դիրքորոշման վրա:

Իհարկե, սա չի նշանակում, որ չպետք է դիվանագիտական բոլոր հարթակներն օգտագործել լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար: Եթե նույնիսկ դա հնարավոր լինի, մաշեցնող պատերազմի հեռանկարից խուսափել չենք կարող: Նման իրավիճակում` ինչքան էլ հույսներս դնենք քաղաքականության ու դիվանագիտության, միջազգային հնարավոր աջակցության վրա` մեր անվտանգության հիմնական երաշխիքը մնում է բանակը, որը, թերևս, եզակի պետական կառույցն է, որը կանգնած է Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության և անվտանգության ապահովման դիրքերում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20