Արցախում իշխում է նույն քրեաօլիգարխիկ համակարգը

- in Կեղտոտ լվացք
144
Bako Sahakyan Serzh Sargsyan

Գուցե մասշտաբներն են ավելի փոքր, բայց կոռուպցիոն մեխանիզմները, պաշտոնյաների ախորժակը նույնն են:

2015թ.-ին Արցախում կրճատվել են ծառայողական մեքենաները, սակայն դրանք ոչ թե աճուրդի են հանվել, այլ չնչին գումարներով սեփականաշնորհվել են պաշտոնյաների:

Սակայն նույնիսկ ծառայողական մեքենաների կրճատման միջոցառումն էժանագին քարոզչություն է, որովհետև այս օրերին Լեռնային Ղարաբաղում 350.000 ամերիկյան դոլար են հատկացնում ծառայողական ճոխ մեքենաներ ձեռք բերելու համար: 169 միլիոն դրամի 11 մեքենայից մեկը Կովսական համայնքի համար նախատեսված ավտոբուս է, մյուսը «Նիվա» է՝ քաղաքաշինության նախարարության համար (ընդհանուր 20 մլն դրամ), մնացած 149 մլն դրամի 9 մեքենան շքեղ ծառայողական մեքենաներ են պաշտոնյաների համար, այդ թվում՝ շուրջ 34 մլն դրամանոց «Տոյոտա»՝ ԱԺ նախագահի համար:

Այս խայտառակությունը չունի բանական որևէ բացատրություն և Արցախի իշխանությունը նույնացնում է կոռուպցիոն մի բուրգի հետ, որի ընչաքաղցությունը չի մեղմվում անգամ այն ժամանակ, երբ Արցախը փաստացի պատերազմի մեջ է, իսկ փորձագետները կանխատեսում են լայնածավալ ռազմական գործողությունների վտանգ:

Նման իրավիճակում անհրաժեշտ է հասարակության լայն համախմբում, ինչի կարևոր նախապայմանն արդարությունն է: Սակայն ի՞նչ արդարության մասին կարող է խոսք լինել, երբ Արցախի էլիտան զբաղված է իր իշխանության երկարաձգման, կոմֆորտի հարցերով, մի խոսքով՝ օլիգարխիկ կայֆերի մեջ է:

Խնդիրը վերաբերում է նաև հայաստանցիներիս: Գաղտնիք չէ, որ Արցախի բյուջեի առյուծի բաժինը ձևավորվում է Հայաստանի կատարած սուբսիդավորումների միջոցով: Մենք բոլորս ըմբռնումով ենք մոտենում այդ փաստին, նույնիսկ պայքարում ենք Հայաստանում կառավարման որակի բարձրացման համար, կոռուպցիայի դեմ, որպեսզի պետական միջոցներն ավելի արդյունավետ ծախսվեն և ուղղվեն պաշտպանական նպատակներին, Արցախի հզորացմանը, բայց պարզվում է՝ գումարները մսխվում են նաև Արցախում:

Արցախի յուրաքանչյուր պաշտոնյա ծառայողական ճոխ ավտոմեքենա նստելիս պետք է հիշի, որ իր անպատասխանատվության հետևանքով սահմանին երիտասարդներ են զոհվում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20