Բաղդասարյանը փորձել է թղթով «քյասիբ»  ձևանալ

- in Ով ով է ..., Պնակալեզներ
101
Vahram Baghdasaryan

Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչները այսօր վաղ առավոտից փակել են ճանապարհը և բոյկոտում են ոսկու-բազմամետաղային հանքի շահագործման վերաբերյալ այսօր ժամը 12։00-ին նախատեսված հանրային լսումները։

Այնտեղ են նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները: «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշել է, որ սարը քանդել վաճառելը շատ հեշտ է, իսկ ուղեղով մտածելը՝ դժվար: «Մեր կառավարությունն ընտրել է հեշտ ուղին: Առնվազն 30 տոկոս սեփականատերը մեզ շատ հայտնի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն է»,- ասել է Գևորգ Գորգիսյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հերքել է տեղեկատվությունը. «Եթե ասում են, որ ես եմ 30 տոկոս սեփականատեր, թող տան ինձ այդ սեփականությունը: Հանքի շահագործումը նորմալ բան է, բայց այն, որ դա ինձ հետ են կապում, անբարոյականություն է: Բացարձակապես ապատեղեկատվություն է»:

Նա նաև նշեց, որ հանքը շահագործելու հետ կապված որևէ խնդիր չի տեսնում, երկրի ընդերքը դրա համար է՝ լինի գունավոր մետաղներ և այլն. «Մենք ունենք ընդերք, և այն պետք է շահագործվի, իսկ մնացածը շոուներ են: Եթե որևէ մի պատմամշակութային արժեքի հետ գործ ունենք, բնականաբար՝ դա անթույլատրելի է, պատմամշակութային արժեքներն անձեռնմխելի են»:

Ուշագրավ է, որ Լոռու մարզից 3 տարածքային ՀՀԿ-ական պատգամավոր է անցել ԱԺ (մնացած ընտրատարածքներից՝ երկուական): Արդվիցիների և բնության հանդեպ այս հաշվեհարդարը հանրապետականների ինքնատիպ «շնորհակալությունն» է լոռեցիներին։

Սակայն այս պատմության մեջ Հանրապետականի դերակատարությունն այսքանով ոչ թե վերջանում, այլ միայն սկսվում է: Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ըստ ամենայնի,  հոգնել է ծպտյալ օլիգարխիկ կյանքից և որոշել է հետ չմնալ իր ղեկավարած խմբակցության մականունավոր գործարարներից: Դե, այստեղ,  խոսքը մեր մեջ, նաև սուբորդինացիայի խնդիր կա.  քրեաօլիգարխիայի խմբակցությունը հավուր պատշաճի ղեկավարելու համար Բաղդասարյանը պետք է իր կապիտալը համապատասխանեցնի քաղաքական կարգավիճակին։

Հանքավայրի հնարավոր շահագործողների թվում միևնույն է շրջանառվում է նաև ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անունը, ով առնվազն 30%-ի բաժնետեր է, իսկ նրա հերքումներին պետք է հումորով վերաբերել, որովհետև ստաժավոր հերքող Սամվել Ալեքսանյանը, օրինակ, մինչև հիմա պնդում է,  որ առնչություն չունի «Սիթի»-ների հետ: Բայց Ալեքսանյանը թղթով ամեն բան կարգավորել է գլխից,  իսկ Վահրամի «ՎաԲա» ՍՊԸ-ի տնօրենն ընդամենը երեկ է ափալ-թափալ հրաժարվել իր 34% մասնակցությունից «ՄԻՌԱՄ» ՍՊԸ-ում։ Պարզ է, որ ոչ մի իրական հրաժարում էլ չի եղել, այլ Բաղդասարյանը՝ տեղեկանալով այսօրվա ակցիայի մասին, փորձել է թղթով «քյասիբ»  ձևանալ։

Հիմա, երբ Վահրամ Բաղդասարյանը «գործի» վրա «բռնվել» է, իր իսկ բառապաշարով, հակադարձենք նրան՝ անբարոյականություն է սեփական ընտրատարածքի ու ամբողջ հանրապետության ժողովրդին խաբելը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20