vtar

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Ֆերդինանդ Գ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:

Դեպքի պահին Ֆերդինանդը 23 տարեկան էր: Նրան մեղադրանք է առաջադրված երկու հետիոտնի վրաերթի ենթարկելու, մեկին անզգուշաբար՝ մահ, մյուսին՝ ծանր վնասվածքներ պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում Ֆերդինանդ Գ.-ն իր վարած «ԳԱԶ-3110» մեքենայով Գյումրիի Տիգրան Մեծ փողոցով ընթացել է դեպի կայարանամերձ հրապարակ:

Տիգրան Մեծ փողոցի 8-րդ շենքի դիմաց նա խախտել է ՃԵԿ համապատասխան կետերի պահանջները, ավտոմեքենան վարել է 49,3 կմ/ժ արագությամբ ու վրաերթի է ենթարկել հետիոտներ Կարինե Ն.-ին ու Անահիտ Գ.-ին: Վրաերթի հետևանքով Կարինեն մահացել է, իսկ Անահիտի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Անահիտն ու Կարինեն  հարս ու սկեսուր էին: Վրաերթը կատարվել է Կարինեի ամուսնու՝ Անահիտի սկեսրայրի աչքի առաջ…

Դատարանում ամբաստանյալ Ֆերդինանդ Գ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Դատարանը հետազոտել է նրա նախաքննական ցուցմունքը:

Ֆերդինանդը հայտնել է, որ ամուսնացած է, ունի մեկ մանկահասակ երեխա: Աշխատանք չի ունեցել, ընտանեկան հոգսերը հոգացել է իրեն պատկանող «ԳԱԶ-3110»-ը որպես տաքսի վարելով:

Դեպքի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը 18-ն անց 30-ից  19-նն ընկած ժամանակահատվածում Գյումրիի Տիգրան Մեծ փողոցում՝ «Բասեն» խանութի մոտակայքում վրաերթի է ենթարկել երկու կանանց: Զղջացել է կատարածի համար:

Ըստ Ֆերդինանդի նախաքննական ցուցմունքի՝ նա եղբոր ու երկու ընկերների հետ իր վարած մեքենայով երթևեկել է Գյումրիի Սայաթ-Նովա փողոցով: Ցանկացել է ընկերներին տանել «Բարաքներ» կոչվող թաղամասը:

Իրենք սթափ վիճակում էին: Արդեն մթնել էր, ինքը մեքենան վարել է մոտակա լույսերը վառած վիճակում:

Սայաթ-Նովայից թեքվել է դեպի Տիգրան Մեծ փողոց: Մեքենան վարել է մայթեզրից մոտ 3 մետր հեռավորությամբ:

«Բասեն» խանութի դիմացի հատվածում ճանապարհը սառած էր: Ինքը մեքենան վարել է 40-50 կմ/ժ արագությամբ: Երբ «Բասեն» խանութն անցել է, իր երթևեկելի գոտում՝ 4-5 մետր հեռավորության վրա, պատահական նկատել է մեկ մարդու: Ինքը հա՛մ արգելակել է, հա՛մ էլ մեքենան թեքել է դեպի աջ, որ խուսափի այդ մարդուն վրաերթի ենթարկելուց:

Երբ արգելակել է, մեքենան սահելով գնացել է առաջ ու ձախ մասով հարվածել է այդ մարդուն: Վրաերթից հետո մեքենան անցել է կես մետրից մինչև մեկ մետր ու կանգ է առել:

Բոլորն իջել են մեքենայից: Ինքը տեսել է, որ մեքենայի ձախ կողմում՝ մեքենայի մեջտեղի մասից մոտ կես մետր հեռավորության վրա ընկած են մի կին ու մի աղջիկ: Ինքն օգնություն է կանչել: Մոտեցել է այնտեղ կանգնած «ԲՄՎ»-ի վարորդը, ում ինքը չի ճանաչել, և ով վրաերթի ենթարկվածների հարազատն էր:

Իր եղբայրը վրաերթի ենթարկված աղջկան դրել է այդ  մարդու   մեքենայի մեջ, իսկ կնոջը դրել են իր մեքենայի մեջ: Նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Ինքը վրաերթից առաջ իր երթևեկեի գոտում նկատել է մեկ հետիոտնի, բայց երբ իջել է մեքենայից, տեսել է, որ վրաերթի են ենթարկվել երկու կին:

Ըստ Ֆերդինանդի՝ վրաերթի ժամանակ փողոցի լույսերը միացված չեն եղել: Վրաերթին նախորդող պահին համընթաց երթևեկող մեքենա չի եղել, եղել է հանդիպակաց ընթացող մեքենա, որի լույսերի տակ էլ  տեսել է հետիոտնին՝ իր ճանապարհին: Այդ մեքենայի լույսերից ինքը մի պահ շլացել է: Թեթև սեղմել է արգելակը ու նորից ընթացել է 40-50 կմ/ժ արագությամբ:

Երբ տեսել է հետիոտնին, չի հասկացել՝ նա կանգնա՞ծ է, թե՞ քայլում է: Հետիոտները փողոցը հատում էին ձախից աջ: Նրանց վրաերթի է ենթարկել արգելակած վիճակում, բայց մեքենան միանգամից կանգ չի առել: Ինքը հետիոտնին տեսնելով՝ ձայնային  ազդանշան չի տվել… Իր մեքենան սարքին վիճակում էր…

Վրաերթից հետո կոտրվել է իր մեքենայի առջևի ձախ կողմի լուսարձակիչը ու ձախ կողմի դռան հայելին…

Տուժող Անահիտ Գ.-ն հայտնել է, որ իր հետ կատարված դեպքը չի հիշում, իրեն պատմել են հարազատները: Ինքն աշխատանքից հետո տուն էր վերադառնում…

Տուժողի իրավահաջորդը՝ մահացած Կարինեի ամուսինն ու ծանր վնասվածքներ ստացած Անահիտի սկեսրայրը հայտնել է, որ դեպքի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը 18-ի սահմաններում կնոջ՝ Կարինեի հետ դիմավորել է բանկում աշխատանքը վերջացրած հարսին՝ Անահիտին:

Իր մեքենայով գնացել են Տիգրան Մեծ փողոցում գտնվող «Բասեն» խանութ: Կինն ու հարսը ցանկանում էին գնումներ կատարել:

Ինքը մեքենան կանգնեցրել է «2×2» սրճարանի դիմաց: Կինն ու հարսն իջել են մեքենայից, գնացել են խանութ: Ինքն էլ է իջել ու վարորդի դռան մոտ կանգնած՝ սպասել է նրանց:

Քիչ անց Կարինեն ու Անահիտը դուրս են եկել «Բասենից» և հանգիստ քայլերով անցել են փողոցը: Երբ նրանք իր մեքենայից գտնվում էին մեկ մեքենա լայնությամբ հեռավորության վրա, դեպի կայարանամերձ հրապարակ տանող երթևեկելի գոտիով ընթացող սև «ԳԱԶ-3110» է հայտնվել՝ մոտ 50 կմ/ժ արագությամբ: Նա իր աչքի առաջ վրաերթի է ենթարկել կնոջն ու հարսին:

Մեքենան Անահիտին շպրտել է դեպի ձախ ու անցել է՝ իր հետ տանելով Կարինեին… Այդպես անցել է 3-4մետր ու կանգ է առել:

Այդ մեքենան ձայնային ազդանշան չի տվել…

Երբ մեքենան կանգ է առել, իջել է վարորդը, ով շատ վախեցած էր: Ինքն այդ վարորդի հետ կնոջը դրել է նրա մեքենայի մեջ, իսկ հարսին դրել են իր մեքենան: Տարել են հիվանդանոց: Այդ վարորդին ինքը նախկինում չի ճանաչել…

Հիվանդանոցում կինը մահացել է, իսկ հարսին տեղափոխել են Երևան՝ Էրեբունու հիվանդանոց, որտեղ նա բուժվել է:

Կնոջ հետ կապված արարողությունների ժամանակ ինքը ծախսել է 1 միլիոն 500  հազար դրամ…

Դեպքի վայրում վրաերթից հետո թափված էին ապակու կտորտանք ու կոնֆետներ, որ տուժողներն էին գնել խանութից…

Դատարանը Ֆերդինանդ Գ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով ու դատապարտել է 2 տարի ազատազրկման՝ 1 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Պատժի սկիզբը կհաշվվի Ֆերդինանդին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե ներկայացված դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի:

Ֆերդինանդ Գ.-ից հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ կբռնագանձվի  1 միլիոն 500 հազար դրամ՝ որպես մահացած Կարինեի հուղարկավորության ծախսերի հատուցում, իսկ հօգուտ տուժող Անահիտի կբռնագանձվի  1 միլիոն 141 հազար 800 դրամ՝ որպես բուժման ծախսերի հատուցում: Անահիտի ներկայացրած քաղհայցի մնացած մասը թողնվել է առանց քննության:

Ֆերդինանդ Գ.-ից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 67 հազար 200 դրամ՝ որպես դատական ծախսի՝ կատարված փորձաքննության արժեքի հատուցում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ միջնորդելով իր երիտասարդ պաշտպանյալին իրական ազատազրկման չդատապարտել, կիրառել պայմանական դատապարտություն և սահմանել փորձաշրջան:

Spread the love