Գուլոյանը հաշվետու է իր աներոջն ու Սերժ Սարգսյանին

- in Ով ով է ..., Պնակալեզներ
196
Guloyan Murad

Վարչապետ Կարեն Կարապետյանը վերջին շրջանում սկսել է մարզային հանդիպումներ անցկացնել: Նախ նա Շիրակի մարզում էր, այնուհետև գնաց Լոռի և հանդիպեց տեղի իշխանությունների հետ: Իսկ անցած շաբաթ էլ մեկնել էր Կոտայք և հանդիպում ունեցել մարզպետի, մարզի քաղաքապետերի և այլ պաշտոնյաների հետ:

«Մարզային իշխանությունը պետք է հասկանա մարզի առավելությունները՝ որո՞նք են տնտեսական վիճակի օբյեկտիվ և ոչ օբյեկտիվ պատճառները, ինչի՞ հիման վրա պետք է տնտեսական աճ ապահովենք»,- Վանաձորում հայտարարել է նա:

«Վարչապետը կարևորել է յուրաքանչյուր մարզի զարգացման ծրագրում նաև աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման և բիզնես միջավայրի բարելավման հստակ ցուցանիշների ամրագրումը»,- նշված է արդեն Կոտայքի մարզ կատարած այցի վերաբերյալ հաղորդագրության մեջ:

Այսպիսով պարզ է դառնում, որ Կ.Կարապետյանի ու մարզային իշխանությունների հետ այդ հանդիպումներն ավելի շատ գործադիր-ենթակա նախարար, ընդ որում տնտեսական ոլորտի նախարարների հանդիպում լինի: Եվ մարզպետների ու քաղաքապետերի հետ հանդիպման ժամանակ Կ. Կարապետյանն ավելի շատ կենտրոնանում է ոչ թե տվյալ մարզի առանձնահատկությունների, համայնքային խնդիրների վրա, այլև իր համար կարծես թե պատվի հարց դարձած ներդրումների, աշխատատեղերի ու տնտեսական աճի վրա: Նա դա է ակնկալում անգամ մարզային կրթության ու առողջապահության ոլորտների պատասխանատուներից: Ու քանի որ 2018թ. վարչապետի պաշտոնից նրա՝ հեռանալ չցանկանալու միակ պատճառաբանությունը ներդրումներ և տնտեսական աճ ապահովելն է, նա չի կարողանում կառավարման ավելի լայն ու համակողմանի ոճի մեջ մտնել, նրա ուշքն ու միտքը ներդրումներն են, որոնք ի հեճուկս նրա՝ այդպես էլ չեն գալիս Հայաստան և տնտեսական աճն է, որն այդպես էլ արտադրության հիմքերի վրա չի կառուցվում և որակ չունի:

Մյուս կողմից էլ տնտեսությունը զարգացնելու և դրա համար հիմք հանդիսացող փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու, աշխատատեղ ստեղծելու համար հավասար պայմաններ պետք է ստեղծվեն, ինչը չհաջողվեց Կ. Կարապետյանին: Ներդրումները հենց այնպես չեն գա Հայաստան, ներդրումներ անել ցանկացողները, նախ, ուսումնասիրում են գործարար միջավայրն ու փորձում են հասկանալ, թե արդյոք տվյալ երկրում իրենց գումարները, իրենց բիզնեսը պաշտպանված կլինեն: Կամ այդ երկրում արտադրություն հիմնելու դեպքում իրենց ապրանքը կիրացվի՞ ներքին շուկայում, բնակչությունը վճարունա՞կ է, հակառակ պարագայում արտահանման ինչ հնարավորություններ կան: Այս բոլոր առումներով մեր երկրի բիզնես միջավայրը, ներդրումային միջավայրը, բարենպաստ չէ, հավասար չէ, և Կ. Կարապետյանն էլ դա չկարողացավ ստեղծել: Հակառակ պարագայում, նա մարզային հանդիպումների ժամանակ հենց նման խնդիրներ կբարձրացներ, և հակառակ պարագայում, գոնե ռուսաստանահայ մեկ-երկու գործարար տեր կկանգներ իր խոստումներին ու ներդրումներ կաներ Հայաստանում: ՀՀ-ն իր տնտեսական գործընկերությունը կապել է Ռուսաստանի հետ, որն ավելի շատ ինքն է ցանկանում այլ երկրների ու նաև մեր հաշվին իր տնտեսությունը զարգացնել:

Բացի այդ, ՀՀ որևէ պաշտոնյայի, այդ թվում և մարզպետի ու քաղաքապետի գործը չէ աշխատատեղեր բացելը: Աշխատատեղերի ավելանալը բիզնեսի զարգացման արդյունք է: Իսկ բիզնեսի զարգացման համար, ինչպես նշեցինք, համապատասխան միջավայր, հավասար խաղի պայմաններ են անհրաժեշտ, ինչն արդեն պետք է կառավարությունն ապահովի, որ չի անում: Կ. Կարապետյանը հավանաբար հենց այստեղից պետք է սկսեր:

Եվս մեկ հետաքրքիր նրբություն՝ անկախ այն հանգամանքից, թե ի պաշտոնե որոնք են մեր մարզպետների ու քաղաքապետերի պարտականությունները, նրանց վրա իշխանության վերին օղակների կողմից այլ պարտականությունն է կարևորվել ընտրություններում իշխող կուսակցությանը ձայներ ապահովել: ՀՀ մարզպետների մե մասը նաև Հանրապետական կուսակցության մարզային կառույցի ղեկավարն են, քաղաքապետերն էլ ավելի փոքր կառույցներն են համակարգում: Երբեմն նրանց ազատվելու կամ վերանշանակվելու պատառ է հանդիսացել ՀՀԿ-ի համար պահանջված չափով ձայներ բերել չկարողանալը: Անգամ ոչ ՀՀԿ-ական՝ այլ կուսակցություններին պատկանող այդ պաշտոնյաները, նախ, ՀՀԿ-ի համար պետք է աշխատեին, հետո նոր իրենց ներկայացնող ուժի: Տվյալ դեպքում Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին իր մյուս գործընկերների նման համակարգում էր ՀՀԿ-ի շտաբը և չէր կարողանում օգնել իր աներոջ՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժին:

Այսպիսով, Կ. Գուլոյանն իրականում հաշվետու է իր աներոջն ու ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսյանին, չէ որ նրանց պայմանավորվածության արդյունքում է ինքը մարզպետ նշանակվել: Նույնը վերաբերում է նաև մյուս մարզպետներին ու քաղաքապետերին: Նրանք լծված լինելով իրենց հիմնական՝ կուսակցական առաքելությանը՝ հետին պլանում են թողել համայնքային խնդիրները: Կարո՞ղ է Կ․ Կարապետյանը փոխել այս ավանդույթը: Դժվար թե, քանի որ նա անգամ մեկ մարզպետ կամ նախարար նշանակելու ինքնուրույնություն չի ունեցել, նա ՀՀԿ-ում նման իրավունք ունենալու կշիռ կամ քաղաքական հենարան չի ունեցել:

Եվ հենց այս թվարկած պատճառների, գուցե նաև որոշ առումով առանձնահատուկ երևալու ցանկությամբ մարզային ղեկավարների հետ հանդիպելու ժամանակ նա ներդրումների, տնտեսության զարգացման ու աշխատատեղեր ստեղծելուն զուգահեռ կարևորում է նաև աղբահանության թեման: Եվ ինչպես աղբահանության դեպքում է ֆունկցիաները խառնում ու այդ գործում ոստիկանությանը պատասխանատու համարում, այդպես էլ մարզպետների ու քաղաքապետերի գործառույթներն է շփոթում կառավարության գործառույթների հետ:

ՄԻՏՔ – ԱԺ-ում՝ ՀՀ կառավարության 2016 թ. կատարողականի հաշվետվության շրջանակներում, երբ խորհրդարան էին այցելել մարզպետները, Կարապետ Գուլոյանից իր հեռախոսահամարը խնդրեցինք ու թվաց՝ ասաց, ձայնագրեցինք դիկտոֆոնի վրա, իրականում թվերի կույտ է շարել, պատկերացնո՞ւմ եք՝ ասում է 094 8 հատ 1, 11: Սա էլ նո՞ր ձև է … Մեր հեռախոսահամարները կան կայքում, հուսանք պարոն Գուլոյանը կզանգահարի …

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20