Դատական սանկցիա կիրառվեց Սասնա ծռերից 16-ի նկատմամբ

Sasna Crer

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեկնարկեց «Սասնա ծռերից»-ից 18-ի՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի,Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի,Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի քրեական գործի քննությունը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։

Դատական նիստն առաջին անգամ ընդմիջվեց՝ դատարանի շենքում գտնվող պաշտպաններից մի քանիսի ներկայությունն ապահովելու համար,սակայն պաշտպանները կրկին հրաժարվեցին խուզարկվելուց և նիստը կրկին մեկնարկեց առանց նրանց ներկայության։

Դատական նիստի մեկնարկին նիստը նախագահող դատավորն արձանագրեց, որ «Սասնա ծռերն» անհարգալից վերաբերմունք են դրսևորել դատարանի նկատմամբ և ոտքի չեն կանգնել։

Դատարանը,բացառությամբ Արամ Մանուկյանի, ով հենակներով է քայլում, մյուսների նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ նախազգուշացում։

Ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանն ասաց, որ հայտարարություն ունի և առանց ոտքի կանգնելու ասաց. «Իսկ դուք հարցրեցի՞ք պատճառը, թե ինչու ոտքի չենք կանգնում, կամ արդյոք Արամ Մանուկյանի ոտքի չկանգնելու պատճառն առողջական խնդիրներն են։ Դատարանին չի՞ հետաքրքրում, թե ինչու ոտքի չենք կանգնում»։

Նիստը նախագահող դատավորն ասաց, որ Կյուրեղյանին տեղից խոսելու իրավունք չի տվել։ Նրա նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա՝ նիստերի դահլիճից հեռացում։

Ընդմիջումից հետո Սերգեյ Կյուրեղյանը բերվեց նիստերի դահլիճ,սակայն «Ոտքի՛, դատարանն է գալիս» հրահանգի ժամանակ կրկին ամբաստանյալները ոտքի չկանգնեցին։

Դատական սանկցիա կիրառվեց ամբաստանյալների 16-ի նկատմամբ՝ դատական նիստերի դահլիճից հեռացում, իսկ երկու ամբաստանյալները՝ Արամ Մանուկյանն ու Սերգեյ Կյուրեղյանը, նախազգուշացում ստացան։

Հայտնի չէ, թե քանի ժամով են ամբաստանյալները հեռացվել դատական նիստերի դահլիճից։

Նիստի մեկնարկին պաշտպանները միջնորդել են, որպեսզի երկու գործերը միավորվեն մեկ վարույթում: Եթե առաջնորդվենք իրավական մտածողությամբ և դատավարության բնականոն կազմակերպման անհրաժեշտությամբ, միանգամայն տրամաբանական պահանջ է, որովհետև, ըստ էության, գործ ունենք նույն հանցագործության հետ, որի շրջանակներում, իհարկե, պետք է անհատականացվի յուրաքանչյուրի մեղքի բաժինը:

Դատավորը միջնորդությունը մերժել է, սակայն տվյալ պարագայում գործ ունենք իշխանությունների նման վարքագծի քաղաքական շարժառիթի հետ:

Ակնհայտ է, որ իշխանությունները քաղաքական տեսանկյունից շատ ավելի լավ են նախապատրաստվել դատավարությանը, քան «Ծռերը»: Եթե վերջիններս դատական նիստերին հնչեցնում են ոչ ադեկվատ կարգախոսներ, ապա իշխանությունները, դատական գործընթացն արհեստականորեն երկատելով, փորձել են ջլատել «ծռության» շարժման քաղաքական, կազմակերպչական ռեսուրսը: Դա մասամբ նրանց հաջողվել է, որովհետև այսօր նիստերի դահլիճը, մեղմ ասած, լեփ-լեցուն չի եղել:

Սակայն երկու դատավարություն կազմակերպելով՝ իշխանությունները փորձում են լուծել ավելի սկզբունքային, հեռահար խնդիր: Գործընթացում ներգրավված են «Ծռերի», այսպես կոչված, ղեկավարները, ովքեր պարբերաբար բանտերից հանդես են գալիս հայտարարություններով, ուղերձներով:

Իշխանությունները պատահական չեն «սորտավորել» «ծռերին», ու գրեթե ակնհայտ է, որ նրանք փորձելու են դատավարության որոշակի հանգրվանում հակասություններ առաջացնել նույն զինված խմբի երկու հատվածների միջև: Սա կլինի «ծռության» քաղաքական կրախի հերթական դրսևորումը:

Spread the love