«Դեղին քարտ»՝ Կարեն Կարապետյանի համար

- in Կեղտոտ լվացք
Karen Karapetyan

Եթե խորհրդարանում լիներ Սերժ Սարգսյանի ասած «պատկառելի ներկայությամբ ընդդիմությունը», կամ «Ծառուկյան» դաշինքի փոխարեն պատկառելի ներկայություն ունենար իրական ընդդիմադիր «Ելք» դաշինքը, երեկ խորհրդարանում բյուջեի կատարողականի հաշվետվությունը կտապալվեր:

Դրա համար ընդամենը պետք էր, որպեսզի, ինչպես առաջարկում էր Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիր երկու կուսակցությունները կոնսոլիդացված չմասնակցեին քվեարկությանը:

Նման սկզբունքային հարցի քննարկմսն ժամանակ խորհրդարանական մեծամասնությունը չէր կարողացել ապահովել անհրաժեշտ թվով պատգամավորների ներկայություն՝ ինքնուրույն քվորում ապահովելու համար:

 

Սա կարելի է վերագրել մի քանի հանգամանքի: Օրինակ՝ նրան, որ դա հետևանք է խորհրդարանական մեծամասնության որակական նկարագրի. օլիգարխները թքած ունեն պառլամենտարիզմի ու պառլամենտի վրա ու ամռան այս շոգին չեն ուզում զոհաբերել իրենց ամառային հանգիստը, արտերկրի թանկարժեք կուրորտներն ու հաճույքը: Սա խոսում է մեր իշխանության քաղաքական անպատասխանատվության, բարոյական դեգրադացիայի մասին, մանավանդ, որ Արցախում փաստացի պատերազմ է, և քաղաքական էլիտան հանգստանալու մասին մտածելու իրավունք անգամ չունի, երբ առաջնագծում ամեն օր կրակում են, ունենում ենք զոհեր, վիրավորներ:

Հնարավոր է՝ հանրապետականները հանգիստ են, որովհետև խորհրդարանում ունեն «Ծառուկյան» դաշինքի նման ընդդիմություն, որն, ըստ անհրաժեշտության, ավելի հավատարիմ կլինի իշխանությանը, քան խորհրդարանական ֆորմալ մեծամասնության շատ ներկայացուցիչներ:

Սակայն գոյություն ունի մեկ այլ ճշմարտություն, որի անտեսումը կնշանակի հայաստանյան առանձնահատկությունների չիմացություն: Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն ընդամենը «զինվորներ» են, ովքեր պատրաստ են անգամ խորհրդարանում քնել, ամիսներով մոռանալ «դուբայների» և սաունաների մասին, եթե ունեն Սերժ Սարգսյանի «հրամանը»:

Շատ հնարավոր է, որ երեկվա քվեարկությունը «դեղին քարտ» էր Կարեն Կարապետյանի համար, որպեսզի վերջինս պարզ հասկանա, թե Հայաստանում ով է իրական իշխանության տերը: Խորհրդարանական մեծամասնությունը պատկանում է Սերժ Սարգսյանին, և երբ անհրաժեշտ է, կարող է ինքնուրույն ապահովել խորհրդարանի աշխատանքի բնականոնությունն ու աջակցությունը կառավարությանը: Դա կարող է տեղի չունենալ՝ ինչպես երեկ, եթե Սերժ Սարգսյանը մեծամասնության մոբիլիզացիա չհայտարարի:

Սերժ Սարգսյանը երեկ ընդամենը «հայրական ապտակ» էր հասցնում Կարապետյանին, որովհետև եթե այս պահին ցանկանար վերջինիս ֆիասկոն, խորհրդարանի դահլիճից կբացակայեին նաև «բարգավաճող» ընդդիմադիրները:

Գուցե նշված բոլոր հանգամանքները այս կամ այն կերպ տեղ ունեն խորհրդարանական քվեարկության երեկվա խճանկարում:

Փաստն այն է, որ բյուջեի կատարողականը երեկ ընդունվեց մի կերպ: Մի կերպ էլ շարունակում է պաշտոնավարել Կարապետյսնի կառավարությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20