Եթե Սերժ Սարգսյանին չի հաջողվում մնալ վարչապետի պաշտոնում, ապա ավելանում է իշխանության «գերկորստի» վտանգը

- in Կեղտոտ լվացք
112
Serj Sargsyan

Ամենևին զարմանալի չէ, որ 2018 թվականի իշխանության վերաձևման խնդրի հանդեպ հանրային դիտարկումներում գերակշռողը վարչապետի թեկնածության հարցն է, թե՛ ընդհանրապես, թե՛ մասնավորապես Սերժ Սարգսյանի ճակատագրի կամ որոշման համատեքստում:

Սակայն, այդուհանդերձ, 2018 թվականից հետո մենք ունենք մի իրողություն, որտեղ ըստ էության գործ ունենք դե յուրե բազմաբևեռ իշխանության հետ, իշխանական բազմակենտրոն համակարգի հետ: Իսկ դա նշանակում է, որ էական է ոչ միայն վարչապետի հարցը, այլ նաև պաշտպանության նախարարի, արտաքին գործերի նախարարի, իրավապահ կառույցների ղեկավարների, այդ թվում, մասնավորապես, ոստիկանապետի, այդ ամենի, այսպես ասած, կոլեգիալ կառույցի դե ֆակտո դեկարատարման հավակնող անվտանգության խորհրդի ղեկավարի:

Այստեղ, իհարկե, դիտարկման արժանի է երկու հիմնական տարբերակ՝ երբ կա Սերժ Սարգսյան վարչապետ, և երբ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնին չէ և զբաղեցնում է միայն ՀՀԿ նախագահի պաշտոնը: Եթե Սերժ Սարգսյանը հաջողում է վարչապետի պաշտոնում նշանակվելու հարցում, ապա այստեղ իհարկե դե յուրե բազմակենտրոն իշխանության համակարգում դե ֆակտո մեծանում է այսպես ասած բրգաձև տրամաբանության շարունակությունը: Սակայն, այդուհանդերձ, դե յուրե բազմակենտրոնությունը, այսինքն՝ մի քանի այլ կառույցներին տրված դե յուրե բավական բարձր իշխանությունը, այսպես ասած, այն «անցքն» է, որը կարող է բերել իշխանության «գերկորստի»՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը փակ համակարգ չէ, և բավական մեծ են արտաքին ազդեցիկ ներգործությունները, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել: Իսկ դա նշանակում է, որ դե յուրե իշխանությունը այս կամ այն թևի մոտ կարող է ժամանակի ընթացքում բերել դե ֆակտո ազդեցության աճի, ինչն էլ կանդրադառնա թե՛ ստատուս քվոյի, թե՛ կառավարման արդյունքի վրա:

Ըստ այդմ, անգամ եթե նշանակումները կատարվելու են բրգաձև սկզբունքով՝ Սերժ Սարգսյան գագաթով, ինչպես այժմ, այդուամենայնիվ էական է դառնում, թե ովքեր են հայտնվելու վերը թվարկված դիրքերում: Եթե Սերժ Սարգսյանին չի հաջողվում մնալ վարչապետի պաշտոնում, ապա այստեղ ավելանում է իշխանության «գերկորստի» վտանգը, իսկ դրան զուգահեռ ստեղծվում է մեկ այլ ուշագրավ վիճակ՝ երկու «պոլիտբյուրոների» հարաբերակցությունը՝ ՀՀԿ գործկոմ և Անվտանգության խորհուրդ:

Այստեղ նույնպես առերևույթ առկա է դե ֆակտո և դե յուրե խնդիր, սակայն տրամաբանությունը դարձյալ լինելու է նույնը, և դե յուրե անվտանգության խորհուրդը, որ օժտված է որոշումներ կայացնելու հնարավորությամբ, գործնականում կարող է ժամանակի ընթացքում դուրս գալ բրգաձև իներցիայից՝ արտաքին ազդեցության գործոնների պայմաններում, և փաստորեն դառնալ ՀՀԿ գործկոմի «այլընտրանք»: Համենայն դեպս ակնհայտ է, որ նոր իրավիճակը, սահմանադրական նոր կարգավորումների պարագայում պարունակում է այդ «անցքերը», և իշխանության «գերկորուստների» բարձր տոկոսը դառնում է բավականին հավանական: Այն, ինչով իշխանությունը գործնականում փորձում է հիմնավորել իր կառավարման անարդյունավետությունը ռազմավարական նշանակության տարբեր տիրույթներում, այս դեպքում քաղաքական բումերանգի էֆեկտով կարող է սպառնալ հենց իշխանությանը՝ «գերկորուստ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20