Եվրամիության տագնապային սպասումները ոչ թե փարատվել են, այլ խորացել

- in Կեղտոտ լվացք
93
serzh-sargsyan

ԵՄ արտգործնախարարության պաշտոնյան՝ Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Դիրք Շուբելը, նախօրեին Եվրախորհրդարանի պատգամավորներին ներկայացնելով Հայաստանի հետ նոր շրջանակային համաձայնագրի նախագիծը և պատասխանելով նրանց հարցերին, թե արդյոք կարո՞ղ են լինել անակնկալներ համաձայնագրի սպասվելիք ստորագրության տապալման մասով, տվել էր ուշագրավ պատասխան: Նա ասել էր, թե երաշխիք չկա ստորագրելու հարցում, բայց ակնկալիքները մեծ են:

Մի կողմից՝ իհարկե, տրամաբանական է, որ ոչ ոք չի կարող երաշխավորել որևէ քաղաքական ակտի կայացում՝ անկախ նրանից, թե ինչ պետության կամ կառույցի է այն վերաբերում: Մյուս կողմից, սակայն, մի բան է չերաշխավորելը, մեկ այլ բան է հայտարարել, որ երաշխիք չկա: Եվ այդ իմաստով եվրոպացի պաշտոնյան առաջին անգամ բավական բաց տեքստով ասում է այդ մասին: Ընդ որում, բաց տեքստով ասվում է մի բան, որը տողատակում արդեն ասել են Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դիվանագետներ, որոնցից ամենախոսունն էր Լեհաստանի դեսպանի հայտարարությունը այն մասին, թե ինչ կարող է սպասվել Հայաստանին չստորագրելու դեպքում:

Եվ եթե այդ տողատակային ակնարկներից հետո Եվրամիության պաշտոնյայի մակարդակով արդեն բավական ուղիղ և բաց տեքստով է ասվում, որ ստորագրելու երաշխիք չկա, ապա դա նշանակում է, որ Եվրամիության տագնապային սպասումները ոչ թե փարատվել են, այլ խորացել կամ առնվազն մնացել են նույնը: Եվ դա՝ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցից հետո: Եվ անկասկած պատահական չէ, որ այդ այցի մասին պատմող պաշտոնական հաղորդագրությունները չափազանց, նույնիսկ աննախադեպ սուղ էին, իսկ Հայաստան-ԵՄ հարաբերության շրջանակային նոր համաձայնագրի հիշատակում ընդհանրապես չկար:

Մյուս կողմից՝ այստեղ խնդիրը, իհարկե, այն չէ, որ կա 2013 թվականի սեպտեմբերի 3-ի նախադեպը: Ներկայիս իրավիճակը բոլորովին այլ է, կամ ընդհանրապես բոլորովին այլ էր իրավիճակը հենց սեպտեմբերի 3-ից, պարզապես Հայաստանի ներքին կյանքում քննարկվել են այդ ժամանակաշրջանի ոչ բոլոր ասպեկտները: Խոշոր հաշվով, երեք-չորս տարի անց գործնականում պարզ է, որ Սերժ Սարգսյանի համար Եվրամիության հետ հարաբերությունը զուտ քաղաքական գործընթաց է, որից նա փորձում է քաղել իր քաղաքական խնդիրների համար առավելագույն շահ: Դա այդպես էր 2013-ի սեպտեմբերի 3-ին, այդպես է նաև այժմ:

Եվ եթե առկա է անորոշություն, ապա դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի ու Եվրամիության միջև առկա է քաղաքական հեռանկարների վերաբերյալ որոշակի տարաձայնություն կամ, այսպես ասած, հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության բացակայություն:

Այստեղ առաջանում է գործընթացի համար մյուս կարևոր խնդիրը, որն առկա էր նաև 2013 թվականին, և որն էլ գործնականում դարձավ սեպտեմբերի 3-ի հանգուցալուծմանը բերող ճակատագրական նշանակություն ունեցող գործոններից մեկը: Դա այն է, որ Հայաստան-ԵՄ գործընթաց իրականում չկար և չկա. կար և կա Սերժ Սարգսյան-ԵՄ գործընթաց: Իսկ դրանք տարբեր բաներ են: Թե՛ 2013-ին, թե՛ այժմ այդ գործընթացում չկա, Սերժ Սարգսյանից բացի, պատասխանատվության որևէ բաժին, հավակնություն և պատասխանատվության մտադրություն ունեցող ուժ:

Այլ հարց է, թե ինչ բաղադրություն և շարժառիթներ ունի Սերժ Սարգսյանի պատասխանատվությունն ու հավակնությունը, բայց փաստ է, որ դրանից բացի՝ չկա այլ սուբյեկտ, որը դրսևորել է գործընթաց մտնելու հայտ և պատրաստակամություն:

Իսկ եթե չկա Հայաստան-ԵՄ գործընթաց, ինչպե՞ս կարող է խոսք լինել այն մասին, թե կստորագրվի՞ արդյոք Հայաստան-ԵՄ համաձայնագիր: Խոսել հնարավոր է միայն Սերժ Սարգսյան-ԵՄ համաձայնագրի ստորագրվել-չստորագրվելու մասին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20