Երկատված Թուրքիա` Էրդողանի անսահմանափակ իշխանությամբ

- in Միջազգային
115
Turkia

Երեկ և այսօր Թուրքիայում նշվում է անցյալ տարվա ձախողված ռազմական հեղաշրջման տարեդարձը: Թուրքիայի իշխանություններն օրվա խորհուրդը դարձրել են տոնական` միջոցառումներն օգտագործելով իրենց քաղաքական դիրքերն ամրապնդելու համար:

Երեկ Ստամբուլը Բոսֆորին կապող կամրջի մոտ` այն վայրում, որտեղ մեկ տարի առաջ տեղի են ունեցել արյունոտ իրադարձությունները, էմոցիոնալ ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` հեղաշրջման կազմակերպման մեջ դարձյալ մեղադրելով 1999-ից ԱՄՆ-ում հաստատված իր ընդդիմախոս, հայտնի կրոնական և հասարակական գործիչ Ֆեյթուլահ Գյուլենին, որի արտահանձմանը հետևողակորեն հետամուտ է Անկարան: Էրդողանը վերահաստատել է մահապատիժը վերականգնելու իր մտադրությունը: Թուրքիայի վարչապետ Յըլդիրիմը 2016թ-ի հուլիսի 15-16-իրադարձությունները անվանել է թուրքերի երկրորդ պատերազմ` հանուն անկախության:

Սակայն Թուրքիայի հասարակության միայն մի հատվածն է անցած տարվա իրադարձությունները համարում վերածննդի սկիզբ, մյուսները կարծում են, որ ռազմական հեղաշրձման փորձը, որը խլեց 260 մարդու կյանք, բեմականացված էր Թուրքիայի իշխանությունների կողմից` դեմոկրատիան և արդարադատությունը սպանելու, Էրդողանի անսահմանափակ իշխանությունը հաստատելու համար:

Պատահական չէ, որ անցած մեկ տարում ձերբակալվել է 50000 մարդ, 150000 պետծառայող զրկվել է աշխատանքից: Կեղծիքներով և միջազգային դիտորդների քննադատություններով ուղեկցված սահմանադրական հանրաքվեն միայն հաստատում է այս կարծիքը` Թուրքիայում դնելով Էրդողանի ավտորիրար իշխանության իրավա-քաղաքական հիմքերը:

Շատերն Էրդողանի իշխանությունը համեմատում են սուլթանների բռնակալության հետ: Այսօր ունենք երկատված Թուրքիա` Էրդողանի անսահմանափակ իշխանությամբ: Փորձագետները կանխատեսում են, որ այս երկիրը առաջիկայում կանգնելու է լուրջ ներքաղաքական ցնցումների առաջ, մանավանդ` խոշոր քաղաքներում շատ մեծ է հակազդեցութնունը Էրդողանի ավտորիտար կառավարմանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20