Երկու երկրներում էլ գործ ունենք իռացիոնալ համակարգերի հետ, որոնց ներսում փոքր ցնցումներն անգամ արձագանքվում են առաջնագծում

- in Կեղտոտ լվացք
127
Serzh Aliyev

Այն, ինչ վերջին մի քանի օրերին կատարվում է առաջնագծում` շատ նման է պատերազմի նախերգանքի: Դրա մասին է խոսում նաև Հայաստանում և Ադրբեջանում ձևավորված ընդհանուր մթնոլորտը, ու հատկապես միջազգային արձագանքը, որում բացակայում է որևէ ռեցեպտ:

Մոտեցել ենք պատերազմին, որն ավելի վտանգավոր կարող է լինել, քան անցած տարվա ապրիլինը, որովհետև այն, մեծ հաշվով, գծագրվել էր` որպես «կայծակնային»: Հիմա շատ ավելի խորքային ու բազմաշերտ են պատերազմածին մոտիվները: Պատճառները պետք չէ փնտրել սոսկ հակամարտության կողմերի դիրքորոշումների մեծ հակադրության մեջ: Ղարաբաղի հարցում հայ-ադրբեջանական մոտեցումները հակադիր ու անհամատեղելի են եղել անգամ սովետական «եղբայրության» յոթանասուն տարիներին: Դեր ունի, իհարկե, տարածաշրջանային միլիտարիզացիայի բարձր մակարդակը, բայց, մեծ հաշվով, նույնիսկ դա նոր գործոն չէ, որովհետև Ռուսաստանի ապակայունացնող քաղաքականությունը տարիների պատմություն ունի:

 

Այսօրվա իրավիճակի պայթունավտանգության հիմքը տոտալ անկայունությունն է, որն ունի թե՛ ներքին և թե՛ միջազգային ենթաշերտ:

Խաղաղության միջազգային երաշխիքները, մեխանիզմները սկսել են չգործել: Պարտադիր չէ, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունը հայտարարի ինքնալուծարման մասին կամ համանախագահ երկրների շահերի բախումները տեսանելի լինեն, որ համոզվենք դրանում: Եթե նույնիսկ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ԼՂ կարգավորման հարցում չունեն սկզբունքային հակասություններ, միևնույն է, ուկրաինական և սիրիական ճգնաժամերը նրանց հարաբերություններում անվստահության այնպիսի պատ են ձևավորել, որ երկու երկրների «համակեցությունը» դժվար է պատկերացնել ԼՂ կարգավորման գործընթացում: Միջազգային հարաբերություններում առկա քաոսն ավելի է ուժեղացել ԱՄՆ նախագահի պաշտոնում անկանխատեսելի Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո: Համաշխարհային տարբեր կենտրոնների հակադրությունը ինստիտուցիոնալ ճգնաժամ է հարուցել ամենակայուն միջազգային կառույցներից մեկում` ԵԱՀԿ-ում: Այս բոլոր գործոնները Ադրբեջանի ղեկավարությանը համոզել են, որ եկել է ղարաբաղյան ճակատում ստատուս-քվոն փոխելու ամենահարմար ժամանակը:

Պատերազմի բռնկման կարևոր գործոն է նաև Հայաստանում և Ադրբեջանում համակարգերի տրանսֆորմացիայի գործընթացները: Երկու երկրներում էլ գործ ունենք իռացիոնալ համակարգերի հետ, որոնց ներսում փոքր ցնցումներն անգամ արձագանքվում են առաջնագծում: Սերժ Սարգսյանը ցանկանում է երկարաձգել իր իշխանությունը, Ալիևը գնում է ընտանեկան կլանի տիրապետության հավերժացմանը: Ավտորիտար ղեկավարների իշխանատենչությունը զոհեր է պահանջում ոչ միայն երկրների ներսում, այլ նաև` սահմանին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20