Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջն այսօր

- in Կրթություն
Naira Nersisyan bjshkakan qolej

Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Նաիրա Ներսիսյանի հետ զրուցում ենք այս ուսումնական հաստատության այս տարվա ընդունելության, աշխատանքների ու ծրագրերի մասին:

Հայաստանում միջնակարգ բժշկական կրթությամբ կադրերի պատրաստումը   սկսվել է դեռևս 1921 թվականից՝ բժիշկ Գրիգոր Արեշյանի նախաձեռնությամբ, Երևանի թիվ 1 ծննդատան բազայի հիման վրա: Այն հետագայում դարձել է բժշկական բազային ուսումնարանի հիմնաքարը, որի շուրջ միավորվել են բժշկական կրթությամբ կադրեր պատրաստող տարբեր կրթօջախներ և ձևավորվել որպես  բժշկական ուսումնարան, որը առ այսօր գործում է նույն տեղում. Երևան, Կորյունի փող. 10 շենք:

Հետագայում նույն բժշկական ուսումնարանի բազայի հիման վրա ստեղծվել են բժշկական ուսումնարաններ և  մասնաճյուղեր տարբեր շրջաններում, որոնք հետագայում առանձնացել են ու վերակազմավորվել որպես  առանձին բժշկական ուսումնական հաստատություններ:

1978 թվականին մեր ուսումնական հաստատությունն արժանացել է բազային բժշկական ուսումնարանի կոչմանն, իսկ ՀՀ կառավարության որոշմամբ և Առողջապահության նախարարի հրամանով, 2003 թվականին վերակազմավորվել է  որպես ,,Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ,, ՊՈԱԿ-ի:

Կարելի է ասել  գրեթե մեկդարյա պատմություն ունի հենակետային բժշկական քոլեջը, և մեծ ներդրում ունի միջին մասնագիտական կրթությամբ բժշկական բարձր որակավորում ունեցող  կադրերի պատրաստման գործում:

1992 թվականից Երևանի բժշկական հենակետային քոլեջի տնօրենն է Մկրտիչ Մկրտչյանն, ով նաև ղեկավարում է ՀՀ պետական բժշկական քոլեջների տնօրենների խորհուրդը:

Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում 2017-18 թթ. ընդունելությունը կազմակերպվում է անվճար և վճարովի հիմունքներով՝ հետևյալ մասնագիտությունների գծով.

Բաժինները ըստ մասնագիտությունների Ուսման տևողությունը
Միջնակարգ կրթությամբ Հիմնական կրթությամբ
Քույրական գործ 3 տարի 4 տարի
Մանկաբարձական գործ 3 տարի 4 տարի
Դեղագործություն 2 տարի 3 տարի
Ատամնատեխնիկական գործ 2 տարի 3 տարի
Բուժական կոսմետոլոգիա 2 տարի 3 տարի

Քոլեջ կարող են դիմել հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձինք: Քոլեջում ընդունելությունը իրականացվում է ընդունելության քննության «Կենսաբանություն» առարկայի արդյունքների հիման վրա, ընդունելության կարգով սահմանված մրցութային հիմունքով:

Շրջանավարտները ստանում են համապատասխանաբար բուժրոջ/բուժեղբոր, մանկաբարձի, դեղագործի, ատամնատեխնիկի և բուժքույր/բուժեղբայր-կոսմետոլոգի որակավորում: Ուսուցումը՝ առկա է (ստացիոնար), հայերեն լեզվով:

Ուսումնական գործընթացն իրականացվում է միջազգային կրթական չափանիշներին համապատասխանող չափորոշիչներով և ծրագրերով:

Գերազանց և բարձր առաջադիմությամբ շրջանավարտներն իրավունք ունեն ուսումը շարունակելու ՀՀ պետական բուհերի երկրորդ կուրսերում հեռակա ուսուցմամբ քոլեջի և մի շարք բուհերի միջև կնքված պայմանագրերի համաձայն:

Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջը ունի  հարուստ նյութատեխնիկական բազա, իրականացրել է կրթական բազում բարեփոխումներ,  այստեղ ուսանողների համար ստեղծված են լավագույն պայմանները որակյալ կրթություն ստանալու համար: Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի ուսանողների ուսումնագործնական պարապմունքները և պրակտիկաները անցկացվում են Երևանի և մարզերի գրեթե բոլոր խոշոր կլինիկաներում, պոլիկլինիկաներում, ծննդատներում, դեղատնային ցանցերում և կոսմետոլոգիական առաջատար կենտրոններում:

Ուսանողների ամենամեծ ձեռքբերումը քոլեջում գիտելիքն է, ընտրած մասնագիտության մեջ հմտանալը, համապատասխան կարողությունների ձեռք բերելը, ինչի արդյունքում էլ շրջանավարտն իր տեղն է գտնում աշխատաշուկայում:

Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի շրջանավարտները դիպլոմներ ստանալուց հետո կարող են աշխատանքի անցնել ինչպես հանրապետության, այնպես էլ արտասահմանյան բուժհաստատություններում, քանի որ քոլեջի ավարտական դիպլոմը  ճանաչվում է ԱՄՆ բոլոր նահանգներում, ԱՊՀ բոլոր և Եվրոպայի մի շարք երկրներում: Բազմաթիվ դրական արձագանքներ ենք ստանում տարբեր երկրների բուժհիմնարկներից, որտեղ աշխատում են մեր շրջանավարտները:

Քոլեջում դիմորդի փաստաթղթերն ընդուվում են 2017թ. հունիսի 26-ից մինչև ընդունելության քննության օրվանից 2 օր առաջ, ամեն օր, բացի կիրակի օրերից ժամը 9:00-16:00: Ընդունելության քննությունները սկսվում են օգոստոսի 1-ից:

Մանրամասների համար կարող եք այցելել ԵրևանԿորյունի փող., 10 շենք:

Spread the love