Banda

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարությունը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:

Մեղադրականում հրապարակված է նաև մի դրվագ, ըստ որի` խմբի թիրախում բացի ավելի վաղ հրապարակված բարձրաստիճան պաշտոնյաների անուններից, կան նաև այլ` նոր անուններ: Ըստ այդմ` խմբի անդամները կատարել են Արթուր Վարդանյանի կողմից իրենց առջև դրված հանձնարարությունները, մասնավորապես` Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մադոյանը, Ավետիս Բարեյանը և Արման Հայրապետյանը լուսանկարել կամ տեսագրել են Արթուր Վարդանյանի համար հետաքրքրություն ներկայացնող օբյեկտները , այդ թվում` Հովիկ Աբրահամյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Մրգաշեն գյուղում գտնվող Սեյրան Օհանյանի հայրական տները, դրանց մատույցները, Ռոբերտ Քոչարյանի աշխատավայրերը:

Մեղադրող դատախազն ընթերցեց զինված խմբի անդամ Արթուր Վարդանյանի մեղադրական եզրակացությունը, ըստ որի, նա 2014 թվականից պարբերաբար ուղևորություններ է իրականացրել Իսպանիայից Սիրիա, Լիբանան և Հայաստան:

«Վարդանյանը Հայր Անտոնից մաս-մաս գումարներ է վերցրել զինված հեղաշրջում իրականացնելու նպատակով, որը կազմել է 60 հազար դոլար: Արթուր Վարդանյանը հեղաշրջումն իրականացնելու համար խումբ հավաքելիս ցանկացել է ներգրավել Արցախյան ազատամարտի մասնակիցներին»,- նշված է մեղադրական եզրակացությունում:

Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2015 թվականի ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Spread the love