Էքսցենտրիկ Սաակաշվիլին կորցրել է նաև միջազգային երբեմնի հեղինակությունը

- in Ով ով է ..., Պնակալեզներ
137
Saakashvili

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին:

«Սաակաշվիլիին վերաբերող նյութերը տրամադրվել են Ուկրաինայի գլխավոր դատախազության կողմից, մշակվել են Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայության կողմից և ուղղվել են Ուկրաինայի նախագահին կից քաղաքացիության հարցերով հանձնաժողովին: Դրանք սահմանված կարգով քննարկվել են հանձնաժողովի նիստում»,- ասված է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Սաակաշվիլին հանդես է եկել պատասխան տեսագրությամբ: «Ես սովորական ուկրաինացի եմ: Այժմ իշխանությունները ինձ հետ վարվում են այնպես, ինչպես վարվում են սովորական քաղաքացիների հետ՝ անտեսելով նրանց իրավունքները: Ես ապրում եմ Ուկրաինայում ավելի քան 3 տարի, մասնակցել եմ երեք հեղափոխությունների: Ես մի քաղաքացիություն ունեմ՝ ուկրաինական, և ես չեմ զրկվելու դրանից: Այլ տեղ չեմ պատրաստվում մնալ և չեմ փոխելու կարգավիճակս: Ես պայքարելու եմ իմ օրինական իրավունքի համար»:

2004-2013 թվականներին Վրաստանի նախագահ Սաակաշվիլին տեղափոխվել էր Ուկրաինա: 2015-ի դեկտեմբերին նա հրաժարվել էր Վրաստանի քաղաքացիությունից և Ուկրաինայի անձնագիր էր ստացել: Նա նշանակվել էր Ուկրաինայի նախագահի խորհրդական, ապա՝ Օդեսայի նահանգապետ: 2016-ի նոյեմբերին հրաժարական տալով նահանգապետի պաշտոնից՝ Սաակաշվիլին անցել էր ընդդիմադիր գործունեության:

Միխեիլ Սաակաշվիլին, ով Վրաստանում իր նախագահության տարիներին դարձել էր վրաց-ուկրաինական ռազմավարական հարաբերությունների հիմնական նախաձեռնողն ու ոգեշնչողը, վերջին տարիներին հայտնվել էր դրանց «կոկորդում»։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի և Ուկրաինայի շահերը մեծ իմաստով համընկնում են, և երկու երկրներն էլ Մոսկվայի հետ լուրջ խնդիրներ ունեն՝ 2014-ից դաշնակիցների հարաբերություններում ակնհայտ սառնություն կար, որովհետև Վրաստանի նախկին նախագահը ոչ միայն պատասխանատու պաշտոն էր զբաղեցնում Ուկրաինայում, այլև, ըստ էության, ակտիվ միջամտում էր Վրաստանի քաղաքական անցուդարձին:

Իրավիճակն արմատապես փոխվեց, երբ Սաակաշվիլին համալրեց Պորոշենկոյի ընդդիմադիրների շարքերը, իսկ Ուկրաինայի նախագահը որոշեց ռեստարտ տալ վրաց-ուկրաինական հարաբերություններին՝ տակավին վերջերս տպավորիչ այց կատարելով Թբիլիսի:

Ակնհայտ էր, որ այդ այցին հաջորդելու են տհաճությունները Սաակաշվիլիի համար: Եթե անգամ այս պատմությունը չավարտվի Միխոյի արտահանձնմամբ, նրան լուրջ պրոբլեմներ են սպասվում Ուկրաինայում՝ մանավանդ, որ նրա հակառակորդ՝ ՆԳ նախարար Արսեն Ավակովը վաղուց է ակնարկում այն մասին, որ Սաակաշվիլին Օդեսայում թաթախված է եղել կոռուպցիայի մեջ:

Էքսցենտրիկ Սաակաշվիլին վաղուց կորցրել է նաև միջազգային երբեմնի հեղինակությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20