«Թասիբի» կեղծ կատեգորիան դարձել է գործող իշխանության գործունեության շարժառիթը

- in Վերլուծական
377
Mishik

Նորմալ երկրում իշխանության տարբեր մարմինները գործում են հասարակության մանդատի և վստահության արժանացած իրենց ծրագրի շրջանակներում:

Հայաստանում հասարակության քվեն ու ծրագիրը երկրորդական-երրորդական նշանակություն ունեն, որովհետև իշխանության գործունեության մոտիվներն որևէ աղերս չունեն պետական, հանրային շահերի հետ:

«Թասիբի» կեղծ կատեգորիան դարձել է գործող իշխանության գործունեության շարժառիթը` ստվերելով պատասխանատվության ինստիտուտը: Օրինակ`ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը թասիբի էր գցում իր ենթականերին, հանրապետական և մարզային նշանակության հեղինակություններին, որպեսզի նրանք մրցավազքի մեջ մտնեն` ՀՀԿ-ի համար «տոկոս խփելու» գործընթացում:

Առհասարակ`դժվար չէ նկատել, որ Ընտրական օրենսգրքին ու մասնավորապես` ռեյտինգային ընտրակարգը կառուցված են թասիբի «գաղափարախոսության» հենքով, որովհետև մի ընտրատարածքում առաջադրված մի քանի հանրապետականներին քրքրում էր թասիբի բազմաշերտ վիրուսը` անհրաժեշտ տոկոս ապահովելով մի իշխանության համար, որը վաղուց հեռացած կլիներ, եթե մի փոքր թասիբ ունենար` գոնե հանրային նման պարսավանքից ու անեծքներից ազատվելու համար:

Հիմա նույն ավանդական թասիբի կարծրատիպը մեր խիստ «կրեատիվ» վարչապետին տանում է մարզեր, որտեղ Կարեն Կարապետյանը, իր իսկ խոսքերով, «թասիբի է գցում» համայնքապետերին, որպեսզի նրանք մրցավազքի մեջ մտնեն միմյանց հետ հարկահավաքության հարցում, թե ով ավելի արդյունավետ քյասիբ գյուղացու վրայից կհանի վերջին շապիկը:

Խորհրդարանական մեծամասնությունը թասիբի համար քվեարկում է ամենաստորացուցիչ օրենքիների օգտին, որպեսզի հանկարծ ընդդիմությանը նույնիսկ փոքր հաղթանակներով ուրախանալու առիթ չտա: Իրականում` արժանապատիվ են այն իշխանություններն, ովքեր հանրային վստահության ռեսուրս ունեն և գործում են ոչ թե «պանյատների» կամ «աղ ու հացի» կեղծ կատեգորիաներով, այլ` օրենքներով: Թասիբի մասին, որպես կանոն, շեփորահարում են այն իշխանությունները, որոնք սեփական աթոռները պահպանելու համար պատրաստ են այնպիսի անամոթությունների, ինչպիսիք են` զոռբայությունը երկրի ներսում և մուրացկանությունն արտաքին հարաբերություններում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20