Թե՛ իշխանության, թե՛ մյուս քաղաքական ուժերի տիրույթում

- in Կարծիք
126
Karter 1

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի հերթական լարումն ու արդեն հայտնի զարգացումները հայաստանյան ներքաղաքական դաշտում ըստ էության լռության մատնվեցին:

Գուցե պատճառն այն էր, որ, բարեբախտաբար, հայկական կողմը չի ունեցել մարդկային կորուստ: Իսկ դա նշանակում է, որ ղարաբաղյան խնդրի հանդեպ ներքաղաքական հետաքրքրությունը, եթե այդպիսին կա, ըստ էության քաղաքական չէ, հակառակ դեպքում այն չպետք է պայմանավորված լիներ միայն սահմանից ստացվող հայկական կողմի համար տխուր կամ ողբերգական, մտահոգիչ լուրերով: Իրավիճակի որևէ թեժ զարգացում պետք է լինի քաղաքական հետաքրքրության առարկա, թեև խնդիրն ընդհանրապես որպես այդպիսին պետք է լինի քաղաքական օրակարգի մաս:

Հայաստանում դա ակնհայտորեն այդպես չէ, ինչի վառ արտացոլումն էր խորհրդարանական ընտրարշավը, որտեղ ղարաբաղյան հարց գործնականում չկար, կար միայն ՀԱԿ դեպքում, այն էլ՝ արդեն բավական հայտնի շեշտադրումներով, որոնց դեպքում, իհարկե, այդքան էլ պարզ չէ՝ դրանց լինելն է լավ, թե չլինելը: Բայց, մյուս կողմից, դրանք գոնե կան և բացառիկ են իրենց քաղաքական բովանդակությամբ ու շեշտադրումով: Իսկ դրանից բացի ինչ կա՝ պարզ չէ:

Ընդ որում՝ թե՛ իշխանության, թե՛ մյուս քաղաքական ուժերի տիրույթում: Ավելին՝ չկա նաև խնդրի ներառում արտաքին քաղաքական ընդհանուր դիսկուրսի շրջանակում, այսինքն՝ թեկուզ որպես արտաքին քաղաքական զարգացման վերաբերյալ բանավեճի և քննարկումների շղթայի օղակ:

Այդ առումով էլ՝ խորհրդարան անցած ուժերը գործնականում աչքի են ընկել այդօրինակ հարցերին ընդգծված հրաժարումով: Դա մտահոգիչ է, որովհետև ավելի շուտ թողնում է ղարաբաղյան և ընդհանրապես արտաքին քաղաքական հարցերում ոչ թե միասնականության, այլ սնանկության տպավորություն: Որովհետև միասնականությունը պետք է արտահայտվի գերազանցապես ռազմական իմաստով, այսինքն՝ երբ խոսքը վերաբերում է արտաքին սպառնալիքների ֆիզիկական չեզոքացմանը, դրա համար ռեսուրսների մոբիլիզացիային և այլն:

Եթե խոսքը վերաբերում է քաղաքական ասպեկտին, ապա այստեղ միասնականությունը չի կարող լինել բովանդակության հոմանիշ: Իսկ հայկական ներքաղաքական կյանքում ղարաբաղյան խնդիրն ունի բովանդակության կարիք, իսկ եթե համարենք, որ երկու տասնամյակ շարունակ ձևավորվել է ինչ-որ բովանդակություն, ապա դրա էապես փոփոխության կարիք կա: Այն, ինչ անհրաժեշտ կամ հնարավոր է անել ռազմական դիմադրողականության մասով, զինված ուժերն անուն են եթե ոչ ամենաբարձր, ապա բավական բարձր մակարդակում և եղած հնարավորությունններից գուցե նույնիսկ անհամեմատ ավելի բարձր մակարդակում: Սակայն ակնհայտ է, որ ռազմականը գործիք է, միջոց է քաղաքականության ձեռքին, ամբողջ աշխարհում: Հետևաբար տանողը կամ քաշողը պետք է լինի քաղաքականությունը, այլապես առաջանում է լուրջ անհամարժեքություն և անհամապատասխանություն, ինչը ժամանակի ընթացքում, անկախ ամեն ինչից, իր էական ազդեցությունը կթողնի զինված ուժերի արդյունավետության վրա:

Իշխանությունը չի ցուցաբերում ղարաբաղյան խնդրում բովանդակային քննարկումների և բանավեճի խրախուսման տրամադրվածություն և ակնհայտորեն շեշտը տանում է անբովանդակ միասնականության վրա, եթե անգամ՝ լավագույն և անկեղծ մղումով, ինչը, սակայն, կասկածելի է: Մինչդեռ, ակնհայտորեն, իրավիճակ է փոխվել՝ իր հարաբերական թե՛ առավելություններով, թե՛ ռիսկերով: Այդ իրավիճակի փոփոխությունը զգացվում է միայն սահմանին, առաջնագծում կամ հրամանատարական կետերում, իսկ քաղաքական դաշտում, ներքաղաքական կյանքում, քաղաքական մտքում լճացում է և արդեն գուցե ճահճացում: Դրա վկայությունն էր նաև Ստեփանակերտում շաբաթներ առաջ տեղի ունեցած, այսպես կոչված, համահայկական կուսակցական ֆորումն ու դրա արդյունքում ծնված համատեղ հայտարարությունը, որը գործնականում այլ բան չէր, քան անցած երկու տասնամյակի քաղաքական բովանդակության վերաշարադրում՝ առանց կոնցեպտուալ տեսլականի: Մինչդեռ հենց կոնցեպտուալ տեսլականի խնդիրն է, որ ներկայումս Հայաստանի առաջ՝ որպես պետականության, կանգնած է այդ պետականության առանցքային սյուն հանդիսացող արցախյան խնդրում: Հայաստանի քաղաքական դաշտի կամ կյանքի «ուղեղն»  ըստ էության վերածվել է մեկ կիսագնդանի միավորի՝ միայն ներքին խնդիրներ, իսկ արտաքին քաղաքականության «կիսագունդը» չկա՝ Սերժ Սարգսյանին տրված լռելյայն մենաշնորհն է, արդեն գրեթե բնական մենաշնորհը: Իսկ մենաշնորհը երբեք չի կարող հանգեցնել դրական արդյունքի և բացի կոռուպցիոն ռիսկերից և ճգնաժամահեն զարգացումներից՝ չի բերում այլ իրավիճակի, լինի տնտեսության թե քաղաքականության մեջ: Ընդ որում՝ Սերժ Սարգսյանը որևէ մեկին չի տա այդ մենաշնորհը, որովհետև մենաշնորհները չեն «բաժանվում» կամ «մասնատվում» ինքնըստինքյան, պետք են սուբյեկտներ, որոնք ունակ են դրսևորել մրցակցության կամք:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20