Ի՞նչ արձագանքներ են լինելու արտաքին կենտրոններից

- in Կարծիք
135
Serj Sargsyan

«Ռ-էվոլյուցիա» հաղորդմանը Սերժ Սարգսյանի տված հարցազրույցը ակնհայտորեն ուղղված էր ոչ թե ներքին, այլ արտաքին լսարանին, իսկ ավելի կոնկրետ՝ աշխարհաքաղաքական ուժային կենտրոններին:

Գործնականում, դատելով հարցազրույցում հնչած շեշտադրումների, շոշափված թեմաների գերակայությունից, Սարգսյանի այդ հարցազրույցն ու մեսիջն ըստ էության նրա մայիսի 18-ի խորհրդարանական ուղերձ-ելույթի շարունակությունն էին, որտեղ Սարգսյանը նախանշում էր, այսպես ասած, իշխանության խնդիրներն ու անելիքները կամ իր բառով բնութագրված՝ նպատակադրումները: Նախօրեին հրապարակված նրա հարցազրույցը այդ «ծրագրային» մեսիջների արտաքին-քաղաքական և անվտանգության ասպեկտներին առնչվող շարունակությունն էր, որտեղ Սերժ Սարգսյանն ակնհայտորեն փորձում էր հանդես գալ, այսպես ասած, կանխատեսելիության դիրքերից:

Դա է պատճառը, որ Սարգսյանը գործնականում չասաց որևէ նոր բան, որը կարող էր լինել Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգության ոլորտի դրսևորումների որևէ բեկումնային փոփոխության վկայություն: Դա իր հերթին նշանակում է, որ Հայաստանի մասով այդ ոլորտներում առկա ճահճացած վիճակը ամենայն հավանականությամբ շարունակվելու է, և ոչ միայն այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը չունի այլ բան անելու մտադրություն, այլ ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցող նաև այն պատճառով, որ կարծես թե Հայաստանի հրատապ քաղաքական ասպարեզում չկա ուժ, որն ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ կոնցեպտուալ առումով պատրաստ է այդ ուղղություններով որևէ սկզբունքային կամ բեկումնային փոփոխության:

Սերժ Սարգսյանի հարցազրույցը վկայեց, որ նա շարունակելու է իր շախմատային պարտիան նույն ոճով, ինչպես որ գործել է նախագահության տասը տարիների ընթացքում: Եվ քանի որ այլևս չի լինելու նոր նախագահ, նախագահական նոր քաղաքականություն, ապա գործնականում նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կառավարման մոդելի փոփոխությամբ և խորհրդարանական կառավարման հաստատմամբ ինստիտուցիոնալացնում է իր քաղաքականության ոճը, այսպես ասած՝ իր շախմատային պարտիան:

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ դեռևս հսկայական ժամանակ կա իշխանության 2018 թվականի խնդրի համար: Հսկայական ժամանակի մասին հայտարարությունը գործնականում հենց այն մասին է, որ Սարգսյանը տարածության մեջ կարողացել է ձգել այդ ժամանակը, և այն ներկայումս չի չափվում, այսպես ասած, օրացույցով, և 2018 թվականի ապրիլը քաղաքական իմաստով դե ֆակտո շատ ավելի հեռու է, և օրացուցային ապրիլը ամենևին չի նշանակելու խնդրի իրական և խորքային լուծում՝ ով էլ որ լինի նախագահ:

Սարգսյանը, անձերի «բազան» վերացնելով, գործնականում երկարաձգել է այդ ժամանակը և ստացել «հսկայական» տարածություն գործելու, մանևրելու համար: Այդ իմաստով Սարգսյանի հարցազրույցը ըստ էության եզրափակեց նրա «ծրագիրը»՝ արտաքին դերակատարներին փորձելով հստակ ներկայացնել այն մեխանիզմը, որով ինքը շարունակելու է տիրապետել Հայաստանի իշխանությանը, և այդպիսով նրանց փորձելով համոզել, որ այլ ելք չկա, քան ընդունել այդ ծրագիրը և ապահովել դրա միջազգային լեգիտիմությունը: Առավել ևս, որ Սարգսյանը գործնականում նրանց հավաստիացրեց, որ լավ թե վատ, բայց չի կատարի քայլ, որը կարող է ցնցումային լինել արտաքին դերակատարներից որևէ մեկի համար:

Ի՞նչ արձագանքներ են լինելու արտաքին կենտրոններից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20