Ինչո՞վ է Կարապետյանն ավելի լավը Սարգսյանից

- in Կարծիք
198
Karen Karapetyan

Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանն ակամայից բացահայտել է իր «թավշյա հեղափոխության» նպատակը: Ժամանակները, քաղաքական իրավիճակները փոխվում են, բայց նույնն են մնում «Ժառանգություն» կուսակցության արխայիկ պատկերացումները քաղաքականության մասին, որը Րաֆֆիի համար նույնանում է ոչ թե հստակ գործընթացի, այլ ծիսականության, առասպելի, խոստովանության հետ:

Այսպես թե այնպես՝ անցած օրերին բացահայտվեց, որ մեր խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության քաղաքական նոր ցիկլի գլխավոր խնդիրը Սերժ Սարգսյանին քշելն է, որն առանց քաղաքական ստատուս քվոյի փոփոխության անուղղակիորեն նպաստում է վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի վերանշանակմանը, այլ խոսքով՝ նրան, որ 2018-ի ապրիլից հետո երկիրն Առաջին դեմքի կարգավիճակով ղեկավարի հենց այն «Գազպրոմի» ներկայացուցիչը, որին նույնիսկ ընդդիմադիրները համարում են Հայաստանի վասալային կախվածության գլխավոր խորհրդանիշ:

Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ բաց տեքստւվ ասել է, որ եթե Կարեն Կարապետյանը որոշ «խոստովանություններ» անի, ապա կդառնա պետության ղեկավարի ընդունելի թեկնածու:

«Պարոն Կարապետյանը թող հայ ժողովրդին ասի, թե ինքը ունի՞ բիզնես Հայաստանում, թե՞ չէ: «Գազպրոմի» միջոցով… Ծաղկաձորի «Մարիոթը»… ամոթ բան չէ, բայց թող ժողովրդին ասի, որ իմ ընտանիքի բիզնես շահը սա է: Դրան վրադիր նաև ասի՝ ես պայքարելու եմ կուսակցապետության դեմ, և ես ընդունում եմ, որ ես վարչապետ եմ այն կուսակցության մեջ, որն անցել է կեղծիքներով: Ես կարծում եմ, որ արդեն Կարեն Կարապետյանը շատ գեղեցիկ, նոր, թարմ շունչ ներկայացնող, աշխարհին ընկալելի լինելու հանգամանքից բացի, ըստ էության, հայ ժողովրդի ներկայացուցիչ կդառնա»,- իրեն բնորոշ պերճախոսությամբ շարունակել է Հովհաննիսյանը:

Ստացվում է մարդկանց փողոց` «թավշյա հեղափոխության» են հանում, որպեսզի Սերժ Սարգսյանին փոխարինեն Կարեն Կարապետյանով: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ դրա համար մարդկանց փողոց հանելու անհրաժեշտություն չկա, որովհետև գոյություն ունի իշխանության և հասարակության ապրիլի 2-ի «կոնսենսուսը», որը հենց համակարգի մոնոպոլ որոշմանն է թողել նոր իշխանության անձնական հասցեականությունը որոշելու հարցը:

Սկզբունքային է այն, որ ընդդիմությունն ավելի «հանճարեղ» բան չէր կարող մտածել ներհամակարգային գզվռտոցին քաղաքական լեգիտիմություն հաղորդելու համար:

Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան դիլեման կեղծ է. եթե նույնիսկ նման երկընտրանք կա, ապա դրանում բացակայում է քաղաքական բաղադրիչը: Հենց այդ բացն է այս օրերին լրացնում ընդդիմությունը՝ ըստ էության լեգիտիմացնելով ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները և նոր իշխանության ձևավորումը:

Սակայն մի սկզբունքային հարց էլ կա, որը համառորեն շրջանցվում է մեր ընդդիմության կողմից: Ենթադրենք, իսկապես հակադրություն կա Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետնանի միջև: Այդ դեպքում ինչո՞վ է Կարապետյանն ավելի լավը Սարգսյանից: Մեր ընդդիմությունը միամի՞տ է, թե՞ հասարակությանն է մանիպուլացնում: Ինչպե՞ս կարող է «ՀայՌուսգազարդում» կոռուպցիոն սխեմաների «կնքահայր» համարվող Կարեն Կարապետյանը պայքարել կոռուպցիայի կամ մենաշնորհների դեմ, կամ միլլերյան «Գազպրոմի» միջին օղակների պաշտոնյան ինչպե՞ս կարող է ունենալ ինքնիշխան Հայաստանի տեսլական:

Քրեաօլիգարխիկ համակարգը Սերժ Սարգսյանով հասել է իր զարգացման պիկին, որից հետո սկսվելու է նրա անխուսափելի գահավիժումը, որը տևելու է երկու-երեք տարի: Կարեն Կարապետյանով այդ համակարգը, որը փաստացի մնալու է Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ, «թարմ արյուն» և կենսունակություն է ստանալու: Ահա այն, ինչը ստանալու ենք Սերժ Սարգսյանին «քշելու» կամ «թավշյա հեղափոխության» հետևանքով:

Կարող է մառազմատիկ հնչել, բայց մեր ընդդիմության պատկերացմամբ՝ հենց Կարեն Կարապետյանն է «թավշյա հեղափոխության» առաջնորդը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20