Ինչքանո՞վ Հայաստանը պատրաստ կլինի հրաժարվել քրեաօլիգարխիկ համակարգից և ռուսական կախվածությունից

- in Կեղտոտ լվացք
82
serzh-sargsyan

Սերժ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: Նախագահը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին և տևական զրույց է ունեցել արտակարգ և լիազոր դեսպանի հետ:

Իհարկե, գործ ունենք արարողակարգային, քաղաքավարական այցի հետ, սակայն այսօր Հայաստանն ու անձամբ Սերժ Սարգսյանը կանգնած են այնպիսի մարտահրավերների առաջ, որ մեծ շռայլություն կլիներ այս հանդիպմանը զուտ պրոտոկոլային պրիզմայով վերաբերվելը:

Ռուսական սպառազինության պարբերաբար մատակարարումներն Ադրբեջան նոր պատերազմի սանձազերծման առիթ կարող են հանդիսանալ՝ մանավանդ այն խոսակցությունների ֆոնին, որ մեր տարածաշրջանը չի մտնում Թրամփի վարչակազմի հետաքրքրությունների շրջանակի մեջ:

ԱՄՆ-ի տարածաշրջանային կայունացնող դերն ակնհայտ է, և, համենայնդեպս, Միլս-Սարգսյան հանդիպման առանցքային թեման ենթադրաբար եղել է այն հարցը, թե Հայաստանն ինչ ակնկալիք կարող է ունենալ Սպիտակ տան տարածաշրջանային նոր քաղաքականությունից: Հայաստանի անվանական դաշնակիցը Ռուսաստան է, բայց գաղտնիք չէ, որ վերջին տարիներին հենց հյուսիսից են եկել Հայաստանի անվտանգությանը սպառնացող մարտահրավերները, որոնք Հայաստանը մասամբ չեզոքացրել է հենց Արևմուտքի աջակցությամբ:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Միլսին՝ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը ամերիկյան ցուցաբերված աջակցության համար: Անկասկած է, որ ընտրությունների հետ կապված ավելի լայն համատեքստ է հետաքրքրում Սերժ Սարգսյանին, և նա այսօր, բնականաբար, փորձել է պարզել, թե Վաշինգտոնում ինչպես են վերաբերվում իշխանության տրանսֆորմացիայի իր ծրագրին, այլ խոսքով՝ ինչքանով է լեգիտիմացված իշխանության երկարաձգման իր պլանը: Այս հարցը հատկապես կարևոր է ՀՀ-ԵՄ հարաբերությունների այսօրվա ճգնաժամի ֆոնին, երբ Բրյուսելում, ըստ էության, կասկածի տակ է դրվել ապրիլի 2-ի ընտրությունների և Սերժ Սարգսյանի ծրագրերի լեգիտիմությունը:

Մյուս կողմից՝ Միլսն անշուշտ օրակարգային դարձրած կլինի ամերիկյան ութ միլիարդ դոլարի ներդրումների և դրանց հայաստանյան արձագանքի հարցը: Պաշտոնական լրահոսն այդ մասին լռում է, սակայն Վաշինգտոնում պրագմատիկ են և գործընկերությունը պատկերացնում են ոչ թե վերացական օրակարգով կամ Հայաստանի իշխանությունների բարեփոխումների իմիտացիային մասնակցությամբ, այլ առարկայական հողի վրա:

Ինչքանո՞վ Հայաստանը պատրաստ կլինի հրաժարվել քրեաօլիգարխիկ համակարգից և ռուսական կախվածությունից: Այս հարցն, անշուշտ, հետաքրքրում է ամերիկյան կողմին, և հենց դա է ընկած նրանց ներդրումային առաջարկի հիմքում:

Դժվար է ենթադրել, թե ի՞նչ պատասխան է տվել Սարգսյանը Միլսին, բայց դրանով է, մեծ հաշվով, պայմանավորված հայ-ամերիկյան հարաբերությունների բնույթն ու համագործակցության մակարդակը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20