«Իսկանդերը» նույնիսկ բարոյական կամ հոգեբանական նշանակություն չունի. այն միֆ է

- in Հրապարակ
102
iskander-zenq

Դեռ հայտնի չէ՝ «Իսկանդերը» երբևէ գործնականում կծառայի՞ հայկական զինուժին, թե՞ ոչ, սակայն արդեն ակնհայտ է, որ այն փոխաբերական իմաստով արդեն զենք է դարձել Հայաստանի իշխանությունների ձեռքին, որոնք «Իսկանդերով» անուղղակիորեն արդարացնում են Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարումը:

«Իսկանդերի» մասին երեկ դարձյալ հիշել է Սերժ Սարգսյանը, համենայնդեպս՝ դատելով «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարի ֆեյսբուքյան էջում հրապարակված հարցազրույցի անոնսից: Իհարկե, Սարգսյանը թեմային անդրադարձել է միանգամայն այլ առիթով, թեև հազիվ թե նախագահի մոտիվը մեկը լիներ: Գուցե նա իսկապես ցանկացել է «ատամ» ցույց տալ Ադրբեջանին, որի պաշտպանության նախարարն, օրինակ, նախօրեին ռուսական իշխանամերձ լրատվական հարթակում պարծենում էր այն հանգամանքով, որ իրենք անցած տարվա պատերազմում հաջողել են նաև ռուսական զենքի միջոցով: Սակայն հնարավոր է՝ Սարգսյանի ակնարկը ուղղված էր հենց Մոսկվային, և ակնարկվում էր «Իսկանդերը» գործարկելու անխուսափելիությունը, եթե Ռուսաստանը շարունակի սպառազինել Ադրբեջանին:

«Ով որ կարծում է, որ «Իսկանդերը» զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է Իսկանդերը: Այ, երբ որ իմանա, կհասկանա, թե ինչպիսի կործանարար ուժ ունի այդ զենքը»,- հիշյալ հարցազրույցի գովազդվող հատվածում ասում է Սերժ Սարգսյանը:

Ի դեպ, Սարգսյանը գուցե միտումնավոր ձևախեղել է խնդրի էությունը: Ոչ ոք կասկածի տակ չի դնում «Իսկանդերի» կործանարար ուժը, ճիշտ հակառակը: Ու հենց այդ պատճառով էլ մարդիկ կարծում են, որ այս զինատեսակը Ղարաբաղյան հնարավոր պատերազմում, առավել ևս հայ-ադրբեջանական հակադրության լոկալ դրսևորումներում գործածելի չէ:

Սակայն ավելի ցավոտ ու սկզբունքային խնդիր կա: Նույնիսկ փորձագետները վստահ են, որ Հայաստանում գտնվող «Իսկանդերը» փաստացի չի պատկանում մեր զինված ուժերին, եթե նույնիսկ ֆորմալ առումով մերոնց հաշվեկշռում է: «Իսկանդեր» տեղակայված է նաև Կալինինգրադում, ու հաճախ ռուսաստանցի գործիչները ցինիզմով Հայաստանը համեմատում են հենց Կալինինգրադի հետ՝ ընդհանրություն տեսնելով երկուսի անկլավային, ֆորպոստային կարգավիճակների միջև:

Մեծ է հավանականությունը, որ թե՛ Կալինինգրադում և թե՛ Հայաստանում «Իսկանդերին» «կրակելու» հրաման կարող է տալ միայն Պուտինը: Պատահական չէ, որ միացյալ զորախմբի միջոցով Ռուսաստանը փաստացի մեծացնում է իր վերահսկողոոթյունը հայկական զինուժի հանդեպ: Եվ ամենևին պատահական չէ, որ երեկ Պետդումայի քննարկումների ժամանակ Կրեմլի ոչ պաշտոնական խոսափող Ժիրինովսկին ասել է, որ հայ սպաներին պետք չէ մոտ թողնել միացյալ զորախմբի հրամանատարությանը, քանի որ նրանք կարող են ինչ-որ գործողություններ անել, և Ռուսաստանը ստիպված պետք է լինի միջամտել:

Այնպես որ՝ «Իսկանդերը» նույնիսկ բարոյական կամ հոգեբանական նշանակություն չունի. այն միֆ է, որը սնուցում է հայ-ռուսական գոյություն չունեցող բարեկամությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20