Խնդիրները Հայաստանում ընդունված է դիտարկել Արևմուտք-Ռուսաստան դիլեմայի շրջանակում

- in Հրապարակ
102
us-russia

Ղրղըզստանի նախագահ Ասլամբեկ Աթամբաևը Բիշքեկում տեղի ունեցող ղրղըզ-ամերիկյան գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ղրղըզստանը դրախտ է դառնում բիզնեսի համար, և կոչ է արել ամերիկյան ընկերություններին ներդրումներ անել Ղրղըզստանում:

Ղրղըզստանը ԵՏՄ անդամ է, ինչպես Հայաստանը: Մի քանի շաբաթ առաջ Ղրղըզստանը Ռուսաստանի հետ ստորագրեց մի քանի հարյուր միլիոն դոլարի պարտքի, այսպես ասած, դուրսգրման մասին համաձայնություն, իսկ ամիսներ առաջ էլ Ղրղըզստանի իշխանությունը հայտարարեց, որ կարող է քննարկել ռուսական ռազմակայանի հեռացման հարցը: Այժմ ահա Ղրղըզստանի իշխանությունը կոչ է անում ամերիկացի ներդրողներին ներդրումներ կատարել իրենց մոտ՝ «ներդրումային դրախտավայրում»:

Դրախտավայր է Ղրղըզստանը, թե ոչ՝ բիզնեսը կորոշի, ներդրողները: Նաև ակնհայտ է, որ խոսք չի կարող լինել այն մասին, որ ԵՏՄ անդամ Ղրղըզստանը գնում է դեպի Արևմուտք: Խնդիրը բոլորովին այլ է, և մենք տեսնում ենք բոլորովին այլ դրսևորում՝ ինքնիշխանության, պետական արժանապատվության: Համենայնդեպս, տեսնում ենք դրա առերևույթ ջանք:

Ըստ այդմ, հնարավոր է պատկերացնել, թե ինչ կհայտարարեր Ղրղըզստանի իշխանությունը, եթե, օրինակ, Բիշքեկում ԱՄՆ դեսպանը հայտարարած լիներ, որ կա այլընտրանքային էներգետիկայի ոլորտում 8 միլիարդ դոլարի ներդրումային գործակցության ներուժ: Բայց այդպիսի հայտարարություն արել է ոչ թե Ղրղըզստանում, այլ Հայաստանում ԱՄՆ դեսպանը:

Հայաստանի իշխանությունը՝ նախագահի, վարչապետի, նախարարի կամ գոնե վարչության որևէ պետի մակարդակով որևէ առարկայական արձագանք չի տվել այդ հայտարարությանը, որևէ ընկերության կոնկրետ կոչ չի արել գալ Հայաստան և սկսել կոնկրետ խոսակցություն 8 միլիարդ ներդրումային «պորտֆելի», այսպես ասած, իր բաժնի մասով: Թող այդ բաժինը լինի 80 միլիոն, թող լինի 8 միլիոն դոլար, կարևորը տվյալ դեպքում թիվը չէ, այլ իշխանության կոնկրետ արձագանքը: Մի բան, որ չկա, որովհետև չկա ինքնիշխանության և պետական արժանապատվության դրսևորման կամք կամ գիտակցում:

Այդ խնդիրները Հայաստանում ընդունված է դիտարկել Արևմուտք-Ռուսաստան դիլեմայի շրջանակում, իրականում խնդիրը ամենևին դիլեման չէ, այլ իշխանության որակը և պետական մտածողության մակարդակը, պատկերացումների սահմանն ու շրջանակը: Դիլեման անկասկած ընդհանուր առմամբ առկա է, այն կա, և այդ տեսանկյունից ամենևին չկա հայկական և ղրղըզական տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական իրականությունները նույնականացնելու պատրանք կամ թյուրըմբռնում:

Բայց միևնույն ժամանակ այդ դիլեման շատ դեպքերում պարզապես քողարկիչ միջոց է կամ արդարացում իշխանության իներտության, մտածողության անորակության, առաջնահերթությունների նենգափոխվածության համար՝ երբ գերական իշխանական, կուսակցական, բիզնես անձնական շահերն են, ոչ թե պետության խնդիրները:

Արևմուտք-Ռուսաստան դիլեմայով և դրանից բխող բարդություններով շատ հաճախ արդարացվում են պարզապես իշխանության անգործությունը և պատեհապաշտությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20