Ռուսական կայսերապաշտությունը նոր դրսևորումներ է ստանում նախկին ԽՍՀՄ-ի տարածքում

- in Վերլուծական
192
Arm Rus

Եվ սա ոչ թե հուզական ինչ-որ պոռթկում է, այլ կոնկրետ փաստերի հիման վրա արված հստակ եզրակացություն:

Մոսկվան վերջին ամիսներին նկատելիորեն ակտիվացրել է իր քաղաքականությունը հատկապես ՀԱՊԿ ու Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ հանդիսացող պետությունների, այդ թվում Հայաստանի ուղղությամբ:

Խոսքը ոչ այնքան երկկողմ հարաբերությունների զարգացման, որքան այս երկրներում Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը ուժեղացնելու մասին է:

Թերևս ռուսաց լեզվի ազդեցությունը նշված երկրներում բարձրացնելու կամ ռուսաց լեզվին որոշ երկրներում «պաշտոնական կարգավիճակ» տալու Մոսկվայի հետևողական ջանքերն այս քաղաքականության ամենացայտուն դրսևորումներից են:

Ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովն ասում է, որ Հայաստանն ունի ապագայի երկու տեսլական. առաջինը՝ լինել Եվրասիական տնտեսական միության կամ Եվրոպական միության կազմում, երկրորդը՝ չլինել ինտեգրացիոն որևէ կառույցի անդամ:

«Հայաստանի հարևաններից Եվրոպական միության անդամակցության ճանապարհով են գնում Վրաստանը և Թուրքիան: Հայաստանը ուզո՞ւմ է մի կառույցի անդամ լինել, որի անդամ կարող է դառնալ Թուրքիան, թե՞ ուզում է մնալ ինքնիշխան պետություն: Եվրամիությանն անդամակցել նշանակում է անդամակցել տարածքով: «Ելք»-ը պիտի այդ առաջարկությունը կատարելիս հարց բարձրացնի՝ հրաժարվելով Հայաստանից և ընտրելով Եվրամիության ճանապարհը, Հայաստանը պատրա՞ստ է բացել իր սահմանները Թուրքիայի հետ: Եվրոպական ինտեգրացիան նշանակում է Թուրքիայի հետ բաց սահմաններ»:

Կոլերովը հայտնի քաղաքագետ է, մասնավորապես հայկական թեմաներով, ով նաեւ որոշակի դեր է ունեցել հայկական ներքաղաքական գործընթացներում: Մասնավորապես, Հայաստանում «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» եռուն շրջանում նա հարցազրույց էր տվել ու հայտարարել, թե ովքեր ուզում են Մոսկվայի օգնությամբ իշխանության գան Հայաստանում, կլոուններ են: Դրանից հետո Սերժ Սարգսյանը ցրեց «կրկեսը», բայց մինչ այդ «բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունն» արդեն հասցրել էր անել իր բաժին սեւ գործը Հայաստանը ԵՏՄ խցկելու մասով:

Եվ ահա, այս իրադարձություններից երկու տարի անց Կոլերովը խոսում է արդեն ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու եւ առավել եւս ԵՄ-ին ինտեգրվելու հեռանկարների մասին:
Պետք է նշել, որ Կոլերովն այս հարցում կորցրել է թարմությունն ու ինքնատիպությունը, թեեւ նա այդքան էլ մեղավոր չէ: Պարզապես երկու տարվա մեջ սպառվել են բոլոր հնարավոր ու անհնար փաստարկները:

Կա մի կարեւոր հանգամանք եւս՝ ԵՏՄ-ին անդամակցելն ինքնին Հայաստանում կլոունադա էր իր բոլոր դրսեւորումներով՝ արդարացումներով, փաստարկներով, հաշվարկներով, եւ գուցե այլ կերպ հնարավոր էլ չէր՝ մի կողմից հայաստանյան քաղաքականության, մյուս կողմից՝ քաղաքական կոչվող գործիչների որակների պատճառով:

Թեեւ, հանուն արդարության պետք է նշել որ եվրասիական տարածքում պրո-ռուսական տնտեսական ու ռազմաքաղաքական բլոկներն ինքնին կլոունադա են հիշեցնում, ընդ որում՝ գնալով ավելի ու ավելի շատ, երբ շուտով ուժի մեջ կմտնեն նոր սահմանափակումները:

Ընդամենը երկու տարում սպառվեցին բոլոր փաստարկները, եւ դա ԵՏՄ-ի թերեւս միակ իրական օգուտն էր հայ հանրությանը՝ իրականության հանդեպ քիչ ինչ ավելի իրատես հայացք ձեւավորելու, միֆերից ու կարծրատիպերից քիչ ինչ ձերբազատվելու, տեսակետից:

Ռուսաստանը Հայաստանում կորցրել է ամենակարեւորը՝ հանրային վերաբերմունքը Հայաստանում քրեական ռեժիմների աջակցության, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի շահերի հաշվին հարաբերություններ կառուցելու եւ այլ պատճառներով: Որքան էլ մեծ լինի Մոսկվայի ազդեցությունն իշխող համակարգի ու տնտեսության վրա, այդ ազդեցությունը զրկվել է ամենակարեւոր հիմքից՝ վստահությունից:
Կլոունադան այդ իմաստով ավարտվել է, եւ զուր չէ, որ հաճախացել են արեւմտյան առաջարկները Հայաստանին, ինչպես նաեւ խոսակցությունները ԵՏՄ-ից դուրս գալու մասին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20