Կարեն Կարապետյանը դարձավ քրեաօլիգարխիայի գլխավոր պահապաններից մեկը

- in Կեղտոտ լվացք
136
karen-karapetyan

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աշոտ Մարգարյանը երեկ հրաժարական է տվել: Նրա ֆեյսբուքյան գրառումից ակնհայտ է դառնում, որ Մարգարյանը չուզելով է թողել պաշտոնը՝ անհաղթահարելի հակասությունների կամ վերադասի պարտադրանքի հետևանքով:

«Հինգ ամիսների ընթացքում հասցրի խորապես ծանոթանալ սոցիալական ոլորտի խնդիրներին և հանդես գալ դրանց լուծման ծրագրերով: Պետք է ընդունեմ, որ դժվար որոշում եմ կայացնում, քանի որ հեռանում եմ պարտքի և պատասխանատվության մեծ զգացումով՝ կիսատ թողնելով սկսածս բարեփոխումները: Առաջիկա տարիներին չեմ տեսնում ինձ պետական համակարգում կամ քաղաքական գործունեության մեջ»,- գրել է Մարգարյանը:

Որպես կանոն, Հայաստանում ընդունված չէ հրապարակայնորեն բացահայտել պաշտոնանկությունների կամ հրաժարականների իրական մոտիվները: Մենք ժողովրդավարական երկիր չենք ու չունենք քաղաքական մշակույթ, որը բնորոշ է առաջադեմ երկրներին: Բայց Աշոտ Մարգարյանը տողատակով բացահայտել է իր հրաժարականի պատճառը՝ ըստ էության հասկացնելով, որ իր հեռանալով ոլորտում բարեփոխումներն ընդհատվելու են:

Կարեն Կարապետյանը մի քանի անգամ, այդ թվում՝ խորհրդարանական բարձր ամբիոնից կարևորել է պետական համակարգն այնպիսի վիճակի բերելը, որ այն գրավիչ դառնա երիտասարդ կադրերի համար: Կարապետյանի ասածն, իհարկե, գլոբալ առումով ենթադրում է քրեաօլիգարխիկ համակարգի վերացում, որովհետև երիտասարդ կադրերն այսօրվա իշխանական ստատուս քվոյում ինքնադրսևորման, ռեալիզացվելու որևէ հնարավորություն չունեն: Պետական համակարգի երիտասարդականացումը ենթադրում է դրա արդիականացում, մրցակցային բադարիչի առկայություն, որը թույլ կտա երիտասարդ կադրերի մեջ ընտրել լավագույններին, հեռանկարայիններին:

Երիտասարդ կադրը իշխանության այսօրվա ստատուս քվոյում որևէ ծրագիր կամ բարեփոխում իրականացնել չի կարող, որովհետև համակարգը գործում է ոչ թե լեգալ քաղաքականությանը բնորոշ կանոններով, այլ քրեաօլիգարխիայի քմահաճույքով:

Պատահական չէ, որ Մարգարյանը պետական համակարգում դիմացել է ընդամենը հինգ ամիս և այնքան է հիասթափվել, որ բարձրաձայնում է, թե առաջիկայում պետական ծառայության ու քաղաքականության մեջ չի լինելու:

Փոխնախարարի հրաժարականը ևս մեկ դրսևորումն է նրա, որ Կարեն Կարապետյանի գեղեցիկ խոսքերը որևէ աղերս չունեն իրական կյանքի հետ: Եթե Կարեն Կարապետյանն իսկապես շահագրգռված լիներ պետական համակարգի արդիականացմամբ և բարեփոխումներով, առնվազն վերացրած կլիներ իշխանության ձևավորման օլիգարխիկ քվոտայավորումը: Մինչդեռ Կարապետյանն այդ ուղղությամբ ոչ միայն որևէ քայլ չի ձեռնարկել, այլև դարձել է այն գործոնը, որով Սերժ Սարգսյանն ամրապնդել է քրեաօլիգարխիկ ստատուս քվոն:

Եթե վարչապետն իրոք ուզում էր ներդրումային գրավչություն ապահովել, ապա պետք է հետևողական և անզիջում պայքար մղեր մենաշնորհների դեմ: Այդ ժամանակ Հայաստան կգային ոչ միայն Կարեն Կարապետյանի խոստացած երեք, այլ Գագիկ Ծառուկյանի խոստացած տասնհինգ ու ամերիկացիների առաջարկած ութ միլիարդ դոլարները: Երկարաժամկետ, զարգացում ապահովող ներդրումներ Հայաստանում կլինեն, եթե դրանք երաշխավորված լինեն օրենքով ու մրցակցությամբ, ոչ թե ինչ-որ մեկի խոսքով կամ երաշխիքով: Մինչդեռ Կարապետյանի հակամենաշնորհային փուչիկից հիշվում է միայն գռեհիկ քարոզչությունը բանանի թեմայով:

Կարեն Կարապետյանը մատուցվեց որպես «նոր ոգի», սակայն իր իննամսյա գործունեության ընթացքում դարձավ քրեաօլիգարխիայի գլխավոր պահապաններից մեկը:

Այսքանից հետո ծիծաղելի է անգամ մտածելը, որ Սերժ Սարգսյանին «քշվելը» դրախտ կլինի այս երկրի համար, եթե պետության ղեկավարումը ստանձնելու է նրա համակարգի «անվտանգության և կենսունակության բարձիկ» Կարեն Կարապետյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20