Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանին օգնում է խուսափել քաղաքական պատասխանատվությունից

- in Հրապարակ
250
Ser Kar

Շատերի աչքից վրիպել է մի կարևոր հանգամանք: Դա Սերժ Սարգսյանի կողմից Կարեն Կարապետյանի վերջնական «սեփականաշնորհումն» էր: Սա այն դեպքն է, որ գործընթացը շատ արագ տեղի ունեցավ` ակնհայտորեն հիասթափեցնելով Սերժ Սարգսյանին:

Նրա ելույթը, մեծ հաշվով, հիասթափված մարդու խոսք էր: Կարեն Կարապետյանը Հայաստան էր բերվել երկու խոշոր ցնցումից` Ապրիլյան պատերազմից ու ՊՊԾ գնդի իրադարձություններից հետո: Նրա նշանակման հետ ոչ ռուսները և ոչ էլ տեսանելի կամ անտեսանելի կենտրոնները կապ չունեն: Կարեն Կարապետյանը հենց այն էր, ինչով նրան բնորոշեց Սերժ Սարգսյանը` «նոր ոգի», որը կենսունակություն պետք է հաղորդեր նախագահի համակարգին, դառնար այն զենքը, որի միջոցով իրականացվեր համակարգային տրանսֆորմացիան:

Ընդամենն ինն ամիս հետո Սարգսյանը հասկացավ, որ իր կամ շրջապատի կարճատեսության հետևանքով սխալ «նոր ոգի» է ընտրել և երեկ` կառավարության նիստի առաջին օրակարգային հարցով որոշեց «սեփականաշնորհել» Կարեն Կարապետյանին: Հենց այդ իմաստն ուներ Սարգսյանի բարձրաձայնումը, թե ինքն անվերապահորեն վստահում է Կարեն Կարապետյանին: Եթե մեկին Սարգսյանն անվերապահորեն վստահում է, ապա նա չի կարող «նոր ոգի» լինել, նույնիսկ տեսականորեն մտածել հասարակական աջակցության, նոր համակարգ ձևավորելու մասին:

Հիմա, երբ խորհրդարանի ընտրությունների արդյունքները պարզ են և, մեծ հաշվով, այդ էլեկտորալ «հումքից» է պատրաստվելու նոր «ապրանքը»` իշխանությունը, ընդդիմությունը երկու ելք ունի` կամ փոխել «հումքը», այլ խոսքով` հասնել խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացմանը, կամ էլ` գոնե «չխուրդվել» իրեն օտար ներհամակարգային բազարներում:

Սերժ Սարգսյանին քշելու պատրաստակամությունն արտաքուստ շատ գրավիչ է թվում, սակայն, դա, ըստ էության, օգնում է, որպեսզի Սարգսյանի կողմից «սեփականաշնորհված» Կարապետյանը մի կարճ փուլ էլ խաղա «նոր ոգու» դերը` կենսունակություն հաղորդելով Սերժ Սարգսյանի համակարգին: Ի դեպ, Սարգսյանին նման վիճակը խիստ ձեռնտու է. «նոր ոգի» վարչապետ Կարապետյանով կենսունակ դարձնել մի համակարգ, որը ղեկավարում է հենց ինքը: Այդ դեպքում Կարեն Կարապետյանը դառնում է Սերժ Սարգսյանի փրկօղակը` օգնում է նրան խուսափել քաղաքական պատասխանատվությունից և «նոր ոգի», հետևաբար` գործունեության քարտ-բլանշ հաղորդել նրա քրեաօլիգարխիկ համակարգին: Այլ խնդիր է, որ Կարեն Կարապետյանը «նոր ոգի» աշխատել չի կարողանում:

Այսքան «խուրդվեցինք», որ համոզենք մեր ընդդիմությանը «չխուրդվել» օտար բազարներում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20