Կարեն Կարապետյանի պատկերացումները գտնվում են քաղաքագիտության առաջին կուրսի ուսանողի մակարդակին

- in Ով ով է ..., Պնակալեզներ
181
Karen Karapetyan

Հաճախ ենք լսում կարծիքներ, որ Հայաստանի քաղաքական համակարգը կենսունակ չէ և, ըստ էության, կառուցված է երեք նախագահների առանցքի շուրջ:

Այս գնահատականը միանգամայն ճիշտ է, եթե նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հայտնվել են խաղից դուրս վիճակում, որովհետև համակարգի տրամաբանությունը, մեծ հաշվով, պահպանվում է, քանի իշխանությանը տիրապետում է Սերժ Սարգսյանը: Իսկ Սերժ Սարգսյանը հեռանալու մտադրություն չունի, և այս պարագայում միակ գործոն չէ այն հանգամանքը, որ գործող նախագահը ավտորիտար մտածողություն ունի: Հայաստանի քաղաքական համակարգը կաշկանդված է ԼՂ խնդրով, ավելի շուտ՝ այն հանգամանքով, որ հակամարտությունը կարգավորված չէ:

Հայաստանի Երրորդ հանրապետության բոլոր երեք նախագահներն ուղղակի առնչություն ունեն Ղարաբաղյան շարժման, պատերազմի հետ: Սա մեր քաղաքական իրականության հիմնական առանձնահատկությունն է, որը օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն ավելի կարևոր է համարվել, քան ընտրությունների և իշխանության որակը, մրցակցությունը, սերնդափոխությունը:

Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ունեն բազմաթիվ տարբերություններ և համեմատելի չեն քաղաքական, բարոյական կամ մարդկային կերպարներով, սակայն երեքն էլ արդյունավետ ղեկավարներ չեն եղել՝ ժառանգություն թողնելով չլուծված ու խորացող պրոբլեմներ, ամուլ համակարգ:

Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Ղարաբաղի հարցով Տեր-Պետրոսյանը եկել է իշխանության, նույն հարցով նրան «հաղթել» է Ռոբերտ Քոչարյանը, ում համար Կարեն և Ստեփան Դեմիրճյանները՝ չնայած մեծ հեղինակությանն ու այն հանգամանքին, որ իրականում հաղթել էին ընտրություններում, լուրջ այլընտրանք չէին, որովհետև պետության համար ամենասկզբունքային՝ ԼՂ խնդրում, չունեին տեսակետներ:

Դա է հիմնական պատճառը, որ չնայած 2003թ.-ի նախագահական ընտրություններին հաջորդած հուզումներին՝ Քոչարյանի իշխանությունը չսասանվեց. Ղարաբաղի հարցը լեգիտիմացրել էր այդ իշխանությունը: Նույնը վերաբերում է 2013թ.-ի նախագահական ընտրություններին, որովհետև «Բարևի հեղափոխության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, անկախ ելույթների ու հայտարարությունների պաթոսից, մեծ հաշվով «բացակա» է ԼՂ խնդրում:

2008-ի նախագահական ընտրությունները դրամատիկ ու նաև ողբերգական ավարտ ունեցան, որովհետև դրան մասնակցում էին Ղարաբաղյան հարցով երկու «ծանրքաշայիններ»՝ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, և միայն ԼՂ հարցը բավարար չէր, որպեսզի Սերժ Սարգսյանը կարողանար լեգիտիմացնել կեղծված ընտրությունների արդյունքում ծնված իր իշխանությունը:

Հասարակությունը միշտ ընդվզել է անարդար ընտրությունների դեմ, սակայն պատրաստ չի եղել մինչև վերջ կռիվ տալ ընդդիմության թեկնածուների համար, որովհետև վստահ չի եղել, որ նրանք բավարար պատկերացումներ ունեն ԼՂ խնդրի, անվտանգության հարցերում: Մեծ հաշվով հենց դա է եղել Քոչարյանի կամ Սարգսյանի տասնամյա կառավարման պատճսռներից մեկը:

Նույն տրամաբանությամբ՝ այսօր համակարգում կամ դրանից դուրս չկա որևէ գործիչ, ով ունենա Սերժ Սարգսյանի ղարաբաղյան «կենսագրությունը» կամ կարողանա ԼՂ կարգավորման և անվտանգության հարցերում այնպիսի այլընտրանքային մոտեցումներ առաջարկել, որոնք նրա իշխանությունը կլեգիտիմացնեն միջազգային հանրության և մեր հասարակության աչքում:

Հենց այս կոնտեքստում Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան դիլեման արհեստական է, որովհետև ԼՂ և անվտանգության հարցերում Կարեն Կարապետյանի պատկերացումները գտնվում են քաղաքագիտության առաջին կուրսի ուսանողի մակարդակին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20