Կիսլյակն ավարտվեց, մնաց՝ Թրամփը

- in Միջազգային
85
Donald Tramp

Սերգեյ Կիսլյակն ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը ԱՄՆ-ում։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է շուրջ 9 տարի։ Կիսլյակին Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում կփոխարինի Ռուսաստանի փոխարտգործնախարար Անատոլի Անտոնովը:

Ռուսաստանի իշխանություններն ըստ արժանվույն են գնահատել իրենց դեսպանի ամերիկյան գործունեությունը, և նա կդառնա Դաշնության խորհրդի անդամ։

Սակայն Կիսլյակի անունը դեռ երկար է հիշվելու նաև ԱՄՆ-ում, որովհետև դեսպանն առանցքային դերակատարություն է ունեցել նախագահական վերջին ընտրություններում ռուսական հնարավոր միջամտության գործընթացում: Հենց նա է Մոսկվայի հանձնարարությամբ շփումներ հաստատել Թրամփի թիմի առանցքային ներկայացուցիչների հետ:

Ի դեպ, ամերիկյան մամուլը երեկ և այսօր տեղեկացնում է, որ Թրամփը քննարկում է այս հարցի շրջանակներում ինքն իրեն ներում շնորհելու հարցը: Համաներում կամ ներում հայտարարելը ԱՄՆ նախագահի բացառիկ իրավունքն է, որն ամրագրված է այդ երկրի Սահմանադրության 2-րդ հոդվածում, սակայն դեռևս չի եղել նախադեպ, որ գործող նախագահը ներում շնորհի ինքն իրեն: Նախագահ Ջերալդ Ֆորդը Ուոթերգեյթի գործով ներում է շնորհել իր նախորդին՝ Նիքսոնին, և շատերը կարծում են, որ հենց սա է եղել 1976թ.-ի նախագահական ընտրություններում նրա պարտության պատճառը:

Սակայն վերադառնանք Թրամփին: Արդյոք նա կարո՞ղ է ինքն իրեն ներում շնորհել «ռուսական հետաքննության» գործով: Շատերը կարծում են՝ ոչ, որովհետև հիմնվում են այն հիմնարար սկզբունքի վրա, որ «մարդը չի կարող ինքն իրեն դատել»:

Սակայն եթե անգամ Թրամփն ինքն իրեն ներելու իրավունք ունի, ապա միևնույն է՝ դա նրան չի ապահովագրում իմփիչմենթի հեռանկարից, որովհետև պաշտոնանկությունը ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթաց է:

Թրամփի իշխանությունը հատկապես արտաքին քաղաքականության հարցերում գնալով սահմանափակվում է: Երեքշաբթի Կոնգրեսն ընդունելու է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ, որը հիմնական թիրախ ունենալով Մոսկվային՝ էապես սահմանափակում է նաև Թրամփի ինքնուրույնությունն արտաքին քաղաքական հարցերում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20