Կստիպեն Սերժ Սարգսյանին հրաժարվել վարչապետ լինելու մտադրությունից

- in Հրապարակ
200
Serj Sargsyan

«Ելք» դաշինքը պատրաստակամություն է հայտնում առաջնորդել հանրությանը, եթե մարդիկ դուրս գան փողոց և դիմադրեն Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությանը: Առայժմ իհարկե անորոշ է թե՛ վարչապետության, թե՛ առավել ևս փողոց դուրս գալու հավանականությունը:

Թեև, երկրորդի հավանականությունը գուցե անորոշ էլ չէ՝ կասկած չկա, որ մարդիկ դուրս չեն գալու փողոց, համենայնդեպս այն թվով, որը ինքնաբերաբար կստիպի Սերժ Սարգսյանին հրաժարվել վարչապետ լինելու մտադրությունից: Ընդհանրապես, գուցե տարօրինակ հնչի, սակայն բանը նույնիսկ Սերժ Սարգսյանի վարչապետ լինել-չլինելը չէ: Սարգսյանը կլինի կամ չի լինի, նրա փոխարեն կլինի Կարեն Կարապետյանը կամ մեկ ուրիշը, նա կմնա ՀՀԿ նախագահ, թե կունենա որևէ այլ դե յուրե իշխանական կարգավիճակ, այդ բոլոր հարցերն անկարևոր չեն ինքնին, սակայն դրանք գործնականում ոչ մի սկզբունքային բան չեն փոխում հասարակության համար առավել կարևոր ու նշանակալից խնդրում՝ ի՞նչ է լինելու հասարակությունն ինքը 2018-ից հետո, ինչպիսին է լինելու քաղաքական գործընթացներում հասարակության ներկայացվածության ֆորմատը, բովանդակությունը, օրակարգը:

Սերժ Սարգսյանի նախագահությունը տասնամյա «մոնստրն» էր, որի դեմ կենտրոնացվեց հասարակական-քաղաքական պայքարը, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ հռետորաբանությունը: Տասնամյա այդ կենտրոնացումը հանգեցրեց նրան, որ տարեցտարի Սերժ Սարգսյանի ձեռքին կենտրոնացավ ավելի մեծ իշխանություն, և Հանրապետական կուսակցությունը ամեն հաջորդ խորհրդարանի ընտրությանը ստացավ ավելի բացարձակ մեծամասնություն: Տասնամյա արդյունքը հստակ ցույց է տալիս ընտրված կամ նախանշված թիրախի սխալականությունը: Արդյունավետությունն ակնառու է, հետևաբար հարց է առաջանում, թե հաջորդ ժամանակահատվածի համար որքանո՞վ է արդյունավետ լինելու թիրախի կրկնությունը, թեկուզ այս անգամ արդեն ոչ թե նախագահ, այլ վարչապետ շեշտադրմամբ:

Եթե չի փոխվում «մոնստրի» բովանդակությունը և ընդգրկումը, չափազանց փոքր է հավանականությունը, որ կարող է փոխվել այդ թիրախավորմամբ հասարակական-քաղաքական գործընթացի և օրակարգի հանդեպ հանրային վերաբերմունքի աստիճանն ու դրսևորման դինամիկան, ըստ այդմ նաև գործընթացի արդյունավետության աստիճանը: Իհարկե, դա ամենևին չի նշանակում, որ Սերժ Սարգսյան-վարչապետ տարբերակն ու Սերժ Սարգսյան-իշխանությունից դուրս տարբերակը բացարձակապես միևնույնն է: Ամենևին: Ի վերջո, դե յուրե իշխանության բացակայությունը որոշակի ժամանակահատվածի հեռանկարով իր ազդեցությունն է թողնելու նաև դե ֆակտո իշխանության վրա: Մյուս կողմից, սակայն, խնդիրն ի վերջո այն է, թե ինչ շրջանակում է կանխորոշվում վարչապետի ով լինել-չլինելը: Եվ այստեղ ակնհայտ է մի բան, որ հանրությունը դուրս է մղված այդ շրջանակից: Հետևաբար, դետալային տարբերություններով հանդերձ, սկզբունքային տարբերությունը բացառվում է: Ըստ այդմ՝ խնդիրը ոչ թե հանրությամբ այս կամ այն որոշումը կանխարգելելն է, այլ հանրության մասնակցության արդյունավետության բարձրացման հեռանկարային, կայուն մեխանիզմների հասնելը, որպեսզի գործընթացների վրա հասարակական ազդեցությունը չլինի հատվածային-դրվագային, երբ ունենում ենք, օրինակ, Մաշտոցի պուրակ, բայց չենք ունենում զարգացում, ունենու ենք 100 դրամի շարժում, բայց չենք ունենում զարգացում, ունենում ենք «Էլեկտրիկ Երևան», չենք ունենում զարգացում: Մինչդեռ պետք է ընդունել, որ այդ ամենը մի շղթայի հաջորդական օղակներ չեն, դրանք առանձին դրսևորումներ են ժամանակի և տարածության մեջ, հենց թեկուզ այն պարզ պատճառով, որ բոլոր դեպքերում այդ շարժումները կազմող կորիզի, այսպես ասած, կազմային բաղադրությունը եղել է տարբեր:

Այդ համատեքստում, հնարավոր է հանրության ինչ որ շարժումով կանխարգելել նաև 2018-ի այս կամ այն որոշում, կամ բերել այս կամ այն որոշման: Բայց առանցքայինն այն է, թե որքանով է այդ ամենը պարունակելու ներուժ, որը թույլ կտա այդ ներուժի վրա կառուցել հանրային համակարգային դերակատարության աճ: Իսկ դրա համար նվազագույն անհրաժեշտ նախադրյալներից է թերևս այն, թե հասարակությունը շատ կոնկրետ շարժառիթ հանդիսացող կարճաժամկետ թիրախներից բացի, ինչպիսի ավելի խորքային ու երկարաժամկետ օրակարգ կստանա՝ օրակարգի ձևավորման առաջարկ, երբ կարճաժամկետ որևէ ակցիան կդիտվի ընդամենն ավելի հստակ երկարաժամկետ խնդրի կամ օրակարգի սպասարկման մի քայլ: Դա կբերի նրան, որ ամեն մի այդպիսի քայլը հաջորդիվ անգամ կդրսևորվի ոչ թե իշխանության տված առիթներով, այլ հասարակության իսկ նախաձեռնությամբ: Ասինքն՝ հանրությունը կդառնա թելադրող, եթե ոչ իշխանությանը, ապա ինքն իրեն: Դա ներկայիս նվազագույն խնդիրն է, որ հանրությունը գոնե երկարաժամկետ առումով թելադրի ինքն իրեն, ոչ թե իշխանությունը թելադրի հանրությանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20