Հայաստանը ԱՄՆ հետ «մուկնուկատու» է խաղում և ընդամենը փորձում «ի պատասխան» նյարդայնացնել Ռուսաստանին

- in Վերլուծական
182
chess shaxmat

Անցնող շաբաթը Հայաստանում թերևս վստահաբար հնարավոր է որակել հայ-ամերիկյան, ընդ որում դա ուշագրավ է նրանով, որ շաբաթը սկսվեց հայ-ռուսական սկանդալի ֆոնին: Շաբաթվա մեկնարկին եղավ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պատվիրակության այցը Մոսկվա և հանդիպումը ՌԴ Պետդումայի ղեկավարության հետ:

Առաջին իսկ հանդիպումը ավարտվեց աղմկոտ պատմությամբ: Վոլոդինը հայտարարեց, որ եթե հայկական կողմն ուզում է կարգավորել վարորդական իրավունքների խնդիրները, ապա պարզ լուծումը Հայաստանում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալն է: Այդ հայտարարությունն առաջացրեց մեծ աղմուկ՝ միևնույն ժամանակ ցույց տալով, որ Ռուսաստանը ամենևին չի հրաժարվել Հայաստանում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ ապահովելու իր մտադրությունից, որ հնչեցնել սկսել է դեռևս 5-6 տարի առաջ:

Շաբաթվա հայ-ռուսական աղմկոտ մեկնարկի ֆոնին առավել ևս հետաքրքիր է ստացվում հայ-ամերիկյան եզրափակումը, ընդ որում բավական լայն եզրափակումը: Ռուսաստանից վերադարձից անմիջապես հետո Հայաստանի ԱԺ նախագահ Բաբլոյանը հյուրընկալեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին՝ խոսելով երկկողմ հարաբերության, խորհրդարանական գործակցության խորացման անհրաժեշտության մասին: Ինչո՞վ է առանձնահատուկ հենց խորհրդարանական գործակցության խորացման մասին այդ մատնանշումը: Նրանով, որ ԱՄՆ խորհրդարանը Կոնգրեսն է՝ մի հաստատություն, որտեղ Ռուսաստանի հանդեպ տրամադրությունները բավականին կոշտ են թե՛ դեմոկրատական փոքրամասնության, թե՛ հանրապետական մեծամասնության մոտ:

Եվ ահա Հայաստանի ԱԺ նախագահն ԱՄՆ դեսպանին ասում է, որ անհրաժեշտ է խորացնել երկկողմ խորհրդարանական կապերը: Ընդ որում, այդ բանը ԱՄՆ դեսպանին ասում է ոչ միայն ԱԺ նախագահը, այլ նաև փոխնախագահը, և նույնիսկ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: Ընդ որում, ինչն ավելի ուշագրավ է, նրանք դա ասում են ոչ թե միևնույն հանդիպմանը, այլ ԱԺ նախագահի հետ հանդիպման հաջորդ օրը ԱՄՆ դեսպանը առանձին հանդիպում է ունենում թե՛ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ, թե՛ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ:

Դրան զուգահեռ՝ Երևան է այցելում ԱՄՆ առևտրի դեպարտամենտի կամ պարզապես առևտրի նախարարության բարձրաստիճան պատվիրակությունը՝ փոխնախարարի գլխավորությամբ, որը Հայաստանում հանդիպում է բարձրաստիճան պաշտոնյաների, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի հետ, քննարկում տնտեսական հարաբերության խորացման, առևտրի և ներդրումների խթանման հարցեր:

Եվ վերջապես՝ Հայաստանում այս օրերին գտնվում են նաև ամերիկյան Ազգային գվարդիայի Կանզաս նահանգի գվարդիայի մասնագետները, որոնք Հայաստանում իրականացնում են վարժանքներ արտակարգ իրավիճակների ոլորտի աշխատակիցների համար:

Այդպիսով, շաբաթն ավարտվում է երեք առանցքային ուղղություններով հայ-ամերիկյան ինտենսիվ շփումներով՝ քաղաքականություն-դիվանագիտություն, տնտեսություն և անվտանգություն: Բնականաբար այստեղ հարց է առաջանում, թե ի վերջո որն է այդ ամենի արդյունքը, որովհետև դրան զուգահեռ մենք ունենք 8 միլիարդի մասին դեռևս որևէ արձագանք չգտած հայտարարությունը, որին Հայաստանի իշխանությունն այդպես էլ չի անդրադառնում հայ-ամերիկյան հանդիպումների և ոչ մի դրվագում:

Մյուս կողմից, սակայն, կարո՞ղ ենք մենք մտածել, որ երեք ուղղությամբ հայ-ամերիկյան ինտենսիվ շփումների շաբաթավերջը գործնականում հենց ինքնին ինչ-որ արձագանք է, ընդ որում գուցե ավելի լայն, քան պարզապես այլընտրանքային էներգետիկայի 8 միլիարդը: Թե՞ Երևանն ընդամենը որոշեց այդ ինտենսիվ շփումներով մի փոքր նյարդայնացնել Ռուսաստանին՝ Վոլոդինի հայտարարությունից հետո: Որովհետև այդ հայտարարությունն էլ ըստ էության մնաց անպատասխան, ինչպես 8 միլիարդը:

Թեև, եթե 8 միլիարդի դեպքում անպատասխան մնացին Հայաստանի համար հնարավորությունն ու հեռանկարը, ապա Վոլոդինի դեպքում՝ Հայաստանին հասցված անպատվությունը: Սակայն մեծ հաշվով, խնդիրը հանգում է պարզ իրողության, թե որքանով է Հայաստանն ունակ կառուցելու հարաբերություն աշխարհի հետ այնպես, որ բանը չհասնի անպատվությանը պատասխանելուն, այլ չլինեն անպատվողներ, և բոլորը հասկանան, որ Հայաստանի հետ հնարավոր չէ խոսել արհամարհանքի կամ մեծապետական «թքած ունենալու» դիրքերից:

Եվ այստեղ խնդիրը հանգում է կոնկրետ իրականության՝ Հայաստանը ԱՄՆ հետ «մուկնուկատու» է խաղում և ընդամենը փորձում «ի պատասխան» նյարդայնացնել Ռուսաստանի՞ն, թե՞ պատրաստ է կառուցել կոնկրետ հարաբերություն, որը բխում է իր շահից, զարգացման անհրաժեշտությունից և անվտանգության հրամայականներից: Եվ եթե Հայաստանը պատրաստ է դրան, ապա ի՞նչ կոնկրետ քայլերով ու նախաձեռնություններով: Որովհետև հայ-ամերիկյան ինտենսիվ շփումներն այդուհանդերձ ունեն մի առանցքային բաց՝ կոնկրետ բովանդակային զարգացման հեռահար նախագծերի խիստ սղությունը: Եվ այստեղ Հայաստանը ուղղակի, թե անուղղակի հղում է անում Ռուսաստանի հնարավոր խանդին կամ դժգոհությանը և դրանից բխելիք հնարավոր ռիսկերին կամ անցանկալի հետևանքներին: Մինչդեռ դա ինքնին արդեն անպատիվ կեցվածք է, անգամ անպատիվ հոգեբանություն սեփական սուբյեկտության հանդեպ: Ի վերջո որքան կարելի է չարաշահել աշխարհի համբերությունը՝ Հայաստանին ընձեռվող զարգացման հիմնարար հնարավորությունների առումով: Այդ համբերությունը անկասկած չի հատի, չկա այդօրինակ դիլեմա Հայաստանի առաջ դրված՝ ի տարբերություն Ռուսաստանի դրած «կամ ինձ հետ կամ իմ դեմ» դիլեմայի:

Բայց խնդիրն այն է, որ այդպես հատում է Հայաստանը, Հայաստանն է նվաղում ու սպառվում, որովհետև Հայաստանի ռեսուրսը մարդն է, իսկ մարդկային ռեսուրսը գեներացնելու համար ազատ և բաց միջավայրն ու կոնկրետ բովանդակային հաղորդակցությունը համաշխարհային գործընթացների հրամայական է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20