Հայաստանը փորձում է ցույց տալ, որ պատրաստ է ռազմական դիմադրության, բայց չի հրաժարվի պայմաններից

- in Կարծիք
178
Serj Sargsyan

Սերժ Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ: Այցն ինքնին գուցե չունենար ուշադրության արժանի ոչինչ, եթե դրանում ընդգծված չլիներ ռազմական բաղադրիչը: Սերժ Սարգսյանն այցելել էր առաջնագիծ՝ սահմանային դիրքեր, նաև սահմանամերձ զորամաս, և այցելել էր զինվորական հանդերձանքով, դրանով նաև հարցազրույց տալով «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին:

Դա պարզապես աշխատանքային ռեժիմ չէ, դա ցուցադրության ռեժիմ է, քաղաքական կամ գուցե ռազմա-քաղաքական ցուցադրության: Եվ այդ ռեժիմը հետաքրքրական է դառնում այն ռեժիմների ֆոնին, որ առկա են Հայաստանում թե՛ ներիշխանական համակարգում, թե՛ ղարաբաղյան խնդրի շուրջ և տարածաշրջանային զարգացումների հեռանկարում ընդհանրապես: Սարգսյանի այդ ցուցադրությունը հատկապես ուշագրավ է դառնում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո:

Ինչպես հայտնի է, հանդիպման ընթացքում Մինսկի խմբի համանախագահներն առաջարկ են արել Սարգսյանին և Ալիևին հանդիպել: Համանախագահներն այդ առաջարկը փոխանցել են նախարարների միջոցով: Եվ ահա, փաստորեն, հնչում է առաջին արձագանքը, թեև հնարավոր է, որ առաջինը պետք է դիտարկել Ալիևի նախօրեին արած հայտարարությունը, թե հայկական կողմի նախապայմանները մերժվել են և բանակցությունները վերսկսվել են առանց դրա: Իսկ ինչպես հայտնի է, հայկական կողմը բանակցության վերսկսման պայման է դիտարկում շփման գծում կայունության հաստատումը, որը կարող է տեղի ունենալ հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրման միջոցով: Դա Վիեննայի օրակարգն է, որի իրականացման անհրաժեշտությունը մատնանշում են նաև Մինսկի խմբի համանախագահները:

Սերժ Սարգսյանն Ալիևի հայտարարությունից հետո ցուցադրությամբ փաստորեն փորձում է ակնարկել, որ հայկական կողմը չի հրաժարվել որևէ պայմանից և չի լինի բանակցություն, քանի դեռ չկա շփման գծի կայունություն: Սերժ Սարգսյանի այդ մեսիջը, ըստ էության, կոշտ մեսիջ է, բայց այստեղ, իհարկե, իրավիճակը միարժեք չէ և անկասկած դժվար է վստահ պնդել, թե ի վերջո ինչով է այն պայմանավորված: Այսինքն՝ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը, ըստ էության, առաջ է մղել հայկական պայմանով օրակարգն ու Սերժ Սարգսյանը շարունակո՞ւմ է ճնշումը, թե՞ հակառակը՝ Հայաստանի վրա է եղել պայմանները կամ նախապայմանները մեղմացնելու ճնշում և Հայաստանը փորձում է ցույց տալ, որ պատրաստ է ռազմական դիմադրության, բայց չի հրաժարվի պայմաններից:

Այսպես թե այնպես, հանդիպումից հետո Սերժ Սարգսյանի ռազմական մեսիջը վկայում է այն մասին, որ առերևույթ հերթական կամ հերթապահ այդ հանդիպումը խորքային քաղաքական առումով այդքան էլ այդպիսին չի եղել, և այնուհանդերձ պարունակել է ուշագրավ տողատակ: Մյուս կողմից, իհարկե, վերջին շրջանում տարածաշրջանում և աշխարհում զարգացումները բավական դինամիկ են և գուցե պետք չէ նեղացնել Սարգսյանի զինվորական հանդերձավորումը Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումով, քանի որ ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ մի թեթև փնտրելու, հպանցիկ փնտրելու դեպքում անգամ հնարավոր է գտնել զինվորական հանդերձավորման մի քանի առիթ կամ պատճառ: Առավել ևս, որ դրանք ոչ միայն դրսում են, այլ նաև ներսում, և թերևս դրսից ոչ պակաս: Խնդիրն այն է, որ Հայաստանը գտնվում է իշխանության վերադասավորման ակտիվ փուլում, որն աստիճանաբար մոտենում է գագաթնակետին, ինչպես կասեին հայկական ֆուտբոլային մեկնաբաններից շատերը: Այստեղ, իհարկե, առաջանում են մի շարք հարցեր թե՛ ներսում, թե՛ արտաքին ասպարեզում:

Ընդհանուր առմամբ, եթե ձևակերպելու լինենք այդ հարցերը, ապա կարող ենք ամբողջացնել հետևյալ հարցադրման տակ՝ «ով է Հայաստանում իշխանությունը»: Ընդ որում, ամենևին պետք չէ բացառել, որ այդ հարցը կարող է լինել նաև Մինսկի խմբի համանախագահների մոտ ղարաբաղյան գործընթացի առումով: Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի հագել է զինվորական հանդերձանքը, այդ հարցին պատասխանելու համար: Այդ հարցն անկասկած առկա է նաև Հայաստանի իշխող համակարգի ներսում, իհարկե այլ մոտիվացիոն հիմքով՝ ներքին դաշտում առկա է կողմնորոշման խնդիր: Սերժ Սարգսյանը չի ցանկանում ժամանակից շուտ բացել իր խաղաքարտերը, բայց մյուս կողմից նաև այդ հանգամանքը առաջացնում է ներքին մեծ անորոշություն, վախ, հետևաբար նաև ներքին սաբոտաժների կամ տապալումների բարձր ռիսկայնություն: Սարգսյանը փորձում է կառավարել այդ ռիսկերը և զինված ցուցադրությունն անկասկած դրա դրսևորումն է, քանի որ գործնականում բանակն է Հայաստանում մնացել լիարժեք կառավարման միակ մեխանիզմը: Չի բացառվում, որ Սարգսյանն ընտրել է պահը ներքին և արտաքին գործոնների համադրման կետի առումով, քաջ իմանալով, որ հարցը հուզում է նաև արտաքին խաղացողներին, իհարկե արդեն բոլորովին այլ մոտիվացիաներով:

Այստեղ իհարկե հետաքրքրական է այն, թե արդյո՞ք արտաքին դաշտում Սարգսյանը հարցին պատասխանում է շատ կոնկրետ առաջարկի բերումով, որ կարող են ունենալ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան խնդրի հեռանկարի մասով, պարզապես ցանկանալով հասկանալ, թե ում պետք է դիմեն այդ առաջարկով Հայաստանում, թե՞ Սարգսյանի ցուցադրությունը նաև արտաքին առումով կրում է ռիսկերի կառավարման պրոֆիլակտիկ բնույթ: Այդ ամենով հանդերձ, ուշագրավ հարց է ինքնին այն, թե ինչ «ժամկետայնություն» ունի «ով է իշխանությունը Հայաստանում» հարցին Սերժ Սարգսյանի տված այդ պատասխանը:

Այսինքն՝ երբ է լինելու պատասխանի հաջորդ անհրաժեշտությունը, և արդյո՞ք պատասխանը լինելու է նույնը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20