Հայաստանին վերաբերող հարցերին արձագանքելու համար պարտադիր է Մոսկվայի «դաբրոն»

- in Կեղտոտ լվացք
115
USA

ԱՄՆ ֆինանսների նախարարի՝ հարկային քաղաքականության հարցերով օգնականի պաշտոնի թեկնածուն պարտավորվել է անդրադառնալ ԱՄՆ-Հայաստան տնտեսական հարաբերությունների խոչընդոտներին:

Ֆինանսների նախարարության հարկային քաղաքականության հարցերով բաժնի ղեկավարի պաշտոնի թեկնածու Դևիդ Կոտերն իր պատրաստակամությունն է հայտնել Սենատում թեկնածության հաստատման գործընթացի ժամանակ, Կոնգրեսի շահագրգիռ կողմերի և Ֆինանսների նախարարության անձնակազմի հետ անդրադառնալ ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկումը բացառող պայմանագրին: Խոսքը տնտեսական պայմանագրի մասին է, որը կոչված է երկկողմ առևտրի և ներդրումների աճի խոչընդոտները վերացնելուն:

Ավելի վաղ, նախարարի գործող օգնական Ջոն Հեֆերնը Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկումը բացառող պայմանագիրն «ակտիվ քննարկվում է» Պետքարտուղարության կողմից: Ավելի վաղ այս թեման բարձրաձայնել է կոնգրեսական Բրեդ Շերմանը։

 

Փաստորեն, շուրջ տաս օր ամերիկացիները հետևողականորեն բարձրացնում են Հայաստանի հետ «Double Taxation Treaty» կնքելու հարցը՝ կրկնակի հարկումից խուսափելու համար։ Երևի հարկ չկա հանգամանալից ներկայացնել, թե խնդիրն ինչ տնտեսական և քաղաքական կարևորություն ունի Հայաստանի համար։ Այս ֆոնին տարակուսելի է Հայաստանի պաշտոնական արձագանքի բացակայությունը. Երևանից չի հնչում որևէ հայտարարություն, փոխադարձ սիգնալ, լավ, գոնե շնորհակալություն՝ առաջարկն ընդունելու կամ մերժելու շեշտադրումով: Նույն պատմությունն է, ինչին ականատես եղանք, երբ դեսպան Ռիչարդ Միլսը բարձրաձայնեց ութ միլիարդ դոլարի ներդրում անելու պատրաստակամության մասին:

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ոչ կառավարություն ունի, ոչ էլ ԱԳՆ ու դիվանագիտություն։ Վաղուց ենք հաշտվել այն տխուր իրականության հետ, որ Հայաստանի դիվանագիտությունը զուրկ է նախաձեռնողականությունից, որովհետև գործընկերներին ինչ-որ բան առաջարկելու համար պետք է ոնենալ գոնե ինքնուրույն քաղաքականություն, ինչից մեր երկիրը զուրկ է։ Այսինքն՝ մեր արտաքին քաղաքականությունը համր է, բայց պարզվում է՝ նաև խուլ է, որովհետև նրա ականջին հասնում են բացառապես Մոսկվայից եկող սպառնալիքները, մնացած սիգնալների հանդեպ Երևանն անհաղորդ է՝ հնչեն դրանք Թեհրանից, թե Վաշինգտոնից, Փարիզից, թե Բեռլինից:

Եթե նույնիսկ Հայաստանին վերաբերող հարցերին արձագանքելու համար պարտադիր է Մոսկվայի «դաբրոն», ապա անհասկանալի է, թե առհասարակ ինչու ենք գումարներ ծախսում ԱԳՆ պահելու համար։ Ամերիկայում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունների ջանքերն ապարդյուն կանցնեն, եթե պաշտոնական Երևանը շարունակի խուլ ձևանալ ամերիկյան առաջարկների հանդեպ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20