Հայաստանի իշխանությունն իր բնույթով ոչ այնքան քաղաքական է, որքան բիզնես

- in Կարծիք
121
Mishik

Խորհրդարանի ընտրության քարոզարշավի ընթացքում Արցախում ունեցած հայտնի ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե երբեք չի պլանավորել իր վաղվա օրը, սակայն միշտ եղել է այնտեղ, որտեղ ամենից շատ է եղել անվտանգության անհրաժեշտությունը:

Շատերն են դա ընկալել և մինչ այժմ ընկալում որպես իշխանության մեջ մնալու հայտ, որը ամենևին պատահականորեն չէ, որ հնչել է Հայաստանի խորհրդարանի ընտրության քարոզարշավի վերջին օրերին, առավել ևս, երբ զուգահեռ հայտարարվում էր Հայաստանում Կարեն Կարապետյանի այսպես ասած քաղաքական բազայի՝ ներդրողնների ակումբի ստեղծման մասին: Կասկած չկա, որ ցանկացած մեկը իշխանության համար պայքարում հանդես է եկել, հանդես է գալիս և հանդես է գալու պետականապաշտ կոչերով, հայրենասիրական մղումներով և հիմնավորումներով: Ոչ ոք չի խոստովանելու, որ իշխանության հարցը կարող է լինել ընդամենը սեփականության անձեռնամխելիության, անվտանգության երաշխիքների հարց, և եթե այդ ամենը լինի, ապա իշխանությունը կարող է և չլինել այդքան գրավիչ: Առավել ևս, որ մեծ հաշվով Հայաստանի իշխանությունը ոչ միայն գրավիչ է լոկ առերևույթ, այլ գործնականում պարզապես դատավճիռ է, հատկապես ներկայիս փոթորկվող աշխարհում, երբ Հայաստանի իշխանությունից ոչինչ կախված չէ, և երբ աչքի առաջ կարող են կարճ ժամանակում գահավիժել համակարգեր, պաշտոնյաներ, վարչակարգեր, որոնք ընդամենը կարճ ժամանակ առաջ առնվազն պակաս ամուր և հաստատուն չէին թվում, քան Հայաստանի իշխանությունը: Այդ պարագայում իշխանությունից հեռու լինելը դառնում է նույնիսկ երազանք, սակայն այստեղ գալիս է մի հարց՝ իշխանության մեջ եղած ժամանակի հարցը, որը բխում է իշխանության բնույթից:

Հայաստանի իշխանությունն իր բնույթով ոչ այնքան քաղաքական է, որքան բիզնես: Սերտաճումը առավել քան խորն է և նույնիսկ հնարավոր է ասել, որ քաղաքականությունն է մի քիչ սերտաճած բիզնեսին, ոչ թե հակառակը: Բոլոր դեպքերում, երկու տասնամյակի համակարգը բերել է պատասախանատվության, փոխադարձ պարտավորությունների, համաձայնությունների մի խորքային ցանցի, որը իրականում սարդոստայն է դրանում եղած ցանկացածի, մինչև անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնողների համար, եթե այն հյուսող սարդի կարգավիճակից փորձում ես դուրս գալ: Դա է համակարգային առանձնահատկությունը, դա է տարբերությունը սահմանադրական, ընտրական համակարգերի և ամբողջատիրականի կամ ավտորիտարի միջև: Ավտորիտար, ամբողջատիրական համակարգում կամ սարդ ես սարդոստայն հյուսող, կամ սարդոստայնի մեջ հայտնված զոհ, այլընտրանք ու ելք չկա: Պատահական չէ, որ այդ իրավիճակում են եղել Հայաստանի երեք նախագահները: Թվում է, թե դուրս է եղել Տեր-Պետրոսյանը, սակայն 2008-ի նրա վերադարձից հետո մի քանի տարի անց Տեր-Պետրոսյանի գործողությունները և քայլերը վկայեցին, որ նա իրականում նույն սարդոստայնի մեջ է, պարզապես զոհից վերածվեց ինչ որ պահ հյուսողի, իսկ հետո կրկին զոհի, որի գլխավորած ուժը չմտավ խորհրդարան: Առավել միարժեք էր Ռոբերտ Քոչարյանի ճակատագիրը, որը տևական ժամանակ պայքարում էր իշխանությունը, այլ կերպ ասած հյուսող սարդի կարգավիճակը պահելու համար, սակայն վճռորոշ պահին գիտակցեց, որ անխուսափելի է դառնում սարդոստայնի զոհի կարգավիճակը և հայտարարեց պարզապես խաղից դուրս գալու մասին:

Ներկայումս դիմադրության փուլում է Սերժ Սարգսյանը: Նա անկասկած կցանկանար գնալ հանգստի, վայելել պատկառելի տարիքը, խուսափել քաղաքական բարդագույն որոշումներ ընդունելու, Պուտինի հետ իր իսկ բնորոշմամբ ոչ հեշտ խոսակցություններ ունենալու, ԱՄՆ, Եվրամիության հետ ժողովրդավարության անհարմար, իրեն չհետաքրքրող հարցեր քննարկելու պարտավորությունից, բայց բարդ խնդիրը հենց այն է, թե ինչպես դուրս գալ առանց սարդոստայնի զոհ դառնալու ռիսկի: Միաժամանակ, նույնքան բարդ է նաև դուրս չգալով սարդոստայնի զոհի չվերածելու ռիսկից խուսափելը: Մեծ հաշվով, գուցե հնչի տարօրինակ, սակայն Սերժ Սարգսյանը կամ ինքնապաշտպանության բնազդից, կամ պարզապես հեռատեսությունից ելնելով գնաց նվազագույն քայլերի, որոնք չեզոքացնում են այդ ռիսկերը ընդհանրապես: Դա իշխանության ապակենտրոնացումն էր, խորհրդարանական կառավարման մոդելի ներդրման միջոցով, պատասխանատվության գործնականում համեմատության մեջ հավասարաչափ բաշխումը տարբեր թևերի վրա: Սա, իհարկե, մի կողմից դիտվում է նախագահի պաշտոնը թողնելուց հետո իրավիճակի վրա այդպիսով ազդեցությունը պահելու, այսպես ասած՝ «բաժանիր, որ տիրես սկզբունքի» կիրառում: Մյուս կողմից, սակայն, պատասխանատվության ապակենտրոնացումը որոշակիորեն բերում է այսպես ասած հետհամակարգային անվտանգության երաշխիքների, այսինքն՝ սարդոստայնից առանց ռիսկերի դուրս գալու մեխանիզմների ձևավորման:

Առաջադեմ աշխարհում էլիտաներն այդ ամենին հանգել են շատ ավելի պարզ, պարզապես օրենքի և իրավունքի շուրջ բարձր գիտակցությամբ ձեռք բերած պայմանավորվածությամբ, դա դիտարկելով որպես փոխադարձ անվտանգության գրավական և տարածելով այն նաև հասարակության վրա: Այսինքն՝ ձևավորելով համընդհանուր կամքով իշխանափոխության մեխանիզմը, առաջադեմ էլիտաներն այդպիսով գործնականում ապահովել են սեփական երկարաժամկետ անվտանգությունը և դուրս եկել իշխանություն կամ ոչինչ, առավել ևս՝ իշխանություն կամ մահ փակուղուց: Որքան էլ հնչի տարօրինակ, Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդելի անցումն ու պատասխանատվության ապակենտրոնացումը այդ փակուղուց դուրս գալու հայաստանյան ճանապարհի սկիզբն է: Այն երկար է լինելու, քանի որ չկա «էլիտա»՝ իրական, որը բարձրագույն գիտակցությամբ կարող է պայմանավորվել օրենքի և Սահմանադրության գերակայության հարցում, և խաղի այդ կանոնները տարածել նաև հասարակության վրա: Առայժմ փորձ է արվում տարածել միմյանց վրա, ընդ որում, առայժմ միմյանց վրա իշխելու համար, բայց երբ պարզվի, որ դա գործնականում անհնար է մի շարք պատճառներից ելնելով, ենթագիտակցական մակարդակում կհասունանա միմյանց վրա օրենքի և Սահմանադրության հավասարությունն ու անբեկանելիությունը տարածելու միտքը: Այդ ժամանակ կսկսի իշխանափոխության մեխանիզմի շուրջ իրական աշխատանքի փուլը, բայց առանց հասարակության, որովհետև Հայաստանի «էլիտան», միևնույն է, առաջնորդվում է ոչ թե գիտակցությամբ, այլ ինքնապաշտպանական բնազդով և կպայմանավորվի ու կզիջի միայն նրան, ումից վախենում է: Իսկ հայաստանյան «էլիտան» իրականում վախենում է միայն ինքն իր ստվերից: Հասարակությունից վախ չկա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20