Հայաստանն` իր ավտորիտար, քրեաօլիգարխիկ համակարգով, ոչ թե թռիչքի, այլ անկման մեջ է

- in Կեղտոտ լվացք
85
eshelon ishxanutyun

«Մեր քաղաքականությունն այդ տարածաշրջանում հստակ է մնում՝ այդ հակամարտության միակ կարգավորումը պետք է լինի բանակցությունների միջոցով՝ հիմնվելով միջազգային օրենքի վրա, որն իր մեջ է պարունակում ուժի չկիրառման սկզբունքը, տարածքային ամբողջականությունը և ինքնորոշումը»,- այսպես է եզրափակվում Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամլո խոսնակ Հիդեր Նուերթի հատուկ հայտարարությունը, որով Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արվում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

Այս հայտարարությունը տարածվել է երեկ ուշ երեկոյան՝ լրացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, ՌԴ ԱԳՆ-ի՝ նույն բովանդակությունն ունեցող հայտարարությունների շարքը:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երեկ վերահաստատել են հուլիսի 11-ին հանդիպելու իրենց մտադրությունը` չնայած վերջին օրերի լարվածությանը: Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման արդյունավետությանը քչերն են հավատում՝ արդարացիորեն մտածելով, որ այն տալու է ոչ թե բանակցությունների մեկնարկ, այլ դառնալու է առիթ, որի ընթացքում կողմերը հնչեցնելու են փոխադարձ մեղադրանքներ օնլայն ռեժիմով՝ միջնորդների ներկայությամբ:

Երեկ երեկոյան՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտին, բանակցությունների արդյունավետությունը, նույնիսկ անցկացումն, ըստ էության, կասկածի տակ է դրել կառավարող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիմնվելով բուլղարական լրատվամիջոցների բացահայտումների վրա, ըստ որոնց՝ Ադրբեջանն ինքնաթիռներով զենք է մատակարարել ահաբեկիչներին, Շարմազանովն ասել է, թե Ադրբեջանն ահաբեկչական բնույթ ունեցող պետություն է: «Ադրբեջանը սեփական քաղաքացիներին դարձրել է վահան, այնուհետ թաքնվել մանկահասակ երեխայի թիկունքում՝ փորձելով թաքցնել սեփական ահաբեկչական էությունը»,- ասել է ՀՀԿ խոսնակը:

Կառավարող կուսակցության խոսնակի հայտարարությունն իհարկե չի կարելի համարել պետության պաշտոնական դիրքորոշում, սակայն դե ֆակտո այն այդպիսի քաղաքական ուժ ունի, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Շարմազանովի խոսքը հնչել է մի նիստի ավարտին, որը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը: Մյուս կողմից` Շարմազանովը միշտ ձեռնպահ է մնացել անձնական, էմոցիոնալ հայտարարություններից` շեշտը դնելով պաշտոնական տեսակետների վրա:

Շարմազանովի երեկվա հայտարարությունը շարքային չէ և վկայում է առնվազն Հայաստանի իշխանությունների ղարաբաղյան քաղաքականության շրջադարձային փոփոխության մտադրության մասին: Ահաբեկիչների հետ չեն բանակցում, նույնիսկ չեն պատերազմում դրա դասական եղանակով՝ նրանց ոչնչացնում են:

Արդյո՞ք Հայաստանը մտադիր է դուրս գալ բանակցային գործընթացից և հակաահաբեկչական պատերազմ մղել Ադրբեջանի դեմ: Արդյո՞ք միջազգայնորեն լեգիտիմացված է այս մարտավարությունը, կամ արդյո՞ք Հայաստանը պատրաստ է նման պայքարի, որովհետև դրա համար անհրաժեշտ է ունենալ պետության միանգամայն այլ որակ:

Հազիվ թե այս հարցերի հասցեատերը կարող է Շարմազանովը լինել, բայց ակնհայտ է, որ մեր դիվանագիտությունը չի նախապատրաստել Երևանի նոր ենթադրյալ քաղաքականության միջազգային հիմքերը: Ավելին, հայկական դիվանագիտությունը չունի միջազգային այն հեղինակությունն ու կշիռը, որի փաստարկները հիմնավոր և լեգիտիմ համարվեն միջազգային հանրության կողմից: Ցավոք, ավելի գլոբալ առումով՝ որպես պետություն, միջազգային հանրության համար Հայաստանը որակապես չի տարբերվում Ադրբեջանից:

Եթե անկեղծ լինենք և իրերը կոչենք իրենց անուններւվ, ապա հակառակորդ երկրին ահաբեկչության մեջ մեղադրելու իրավաքաղաքական, բարոյական իրավունք ունի այն պետությունը, որն իր ներսում գերակա է համարում օրենքը, ժողովրդավարությունը, մինչդեռ Հայաստանի հասարակության մեծամասնությունը ու նաև միջազգային շատ կառույցներ Հայաստանի իշխանությունը նույնացնում են բռնության և ավտորիտարիզմի հետ: Պետությունը չի կարող բռնությունը խրախուսել իր ներսում, բայց ակնկալել, որ աշխարհը լեգիտիմ կհամարի հակաահաբեկչական հռետորաբանությունն արտաքին հարաբերություններում:

Իսրայելն իր հակաահաբեկչական պատերազմում հաջողել է, որովհետև ստեղծել է ժամանակակից պետություն՝ ժողովրդավարական, կայացած քաղաքական համակարգով և ուժեղ տնտեսությամբ, մի խոսքով՝ որակական թռիչք է ապահովել իր արաբ հակառակորդի հանդեպ:

Հայաստանն իր ավտորիտար, քրեաօլիգարխիկ համակարգով ոչ թե թռիչքի, այլ անկման մեջ է: Լավ կլիներ, որ Շարմազանովի հայտարարությունը հնչեր երկրի արտաքին ու ներքին քաղաքականության առարկայական, արմատական վերանայումների ֆոնին, որպեսզի ավելի համոզիչ ու համարժեք համարվեր:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20