futbol

Ֆուտբոլի եվրագավաթների խաղարկության մեկնարկը խայտառակ ստացվեց ոչ միայն հայկական թիմերի համար: Կարծես ավանդույթ է դարձել, որ ֆուտբոլի միջազգային մրցաշարերում տարածաշրջանում երկրպագուները համեմատական են անցկացնում իրենց և հարևան երկրների թիմերի ելույթների միջև:

Հիշեցնենք, որ մեկնարկային խաղերում Հայաստանի Չեմպիոն «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» նկատմամբ և ունի հնարավորություն հաղթահարելու որակավորման առաջին փուլի արգելքը: Եվրոպա լիգայի խաղարկությունում Հայաստանի գավաթակիր «Շիրակը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջելով Սլովենիայի «Գորիցային»՝ գործնականում կորցրեց հաջորդ փուլի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունը: Վստահաբար կարելի է ասել, որ պատասխան հանդիպումից առաջ մրցաշարին դե ֆակտո հրաժեշտ է տվել Երևանի «Փյունիկը»՝ սեփական հարկի տակ 4:1 հաշվով պարտվելով Բրատիսլավայի «Սլովանին»: Հայաստանի փոխչեմպիոն «Գանձասարը» Մոնտենեգրոյում 1:0 հաշվով զիջելով «Մլադոստին»՝ որոշակի հնարավորություններ պահպանում է հաջորդ փուլ դուրս գալու:

Նշենք, որ հարևան երկրներից Ադրբեջանը և Վրաստանը ակումբային ֆուտբոլի մակարդակով վարկանիշով գերազանցում են Հայաստանին, և այս երկրների չեմպիոնները պայքարը կսկսեն Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլից:

Ի դեպ, վիճակահանության արդյունքում Վրաստանի չեմպիոն «Սամտրեդիան» որակավորման երկրորդ փուլում կմրցի Ադրբեջանի չեմպիոն «Ղարաբաղի» հետ: Պայքարը որակավորման երկրորդ փուլից կսկսի նաև Ադրբեջանի փոխչեմպիոն «Գաբալան», որը ելույթ է ունենում Եվրոպա լիգայի խաղարկությունում:

Ինչևէ, անդրադառնալով մեր հարևանների մրցելույթներին՝ նշենք, որ Եվրոպա լիգայի կտրվածքով հարևան Վրաստանի երեք թիմերը հայկական թիմերի հետ ըստ էության հայելային արդյունք են ցույց տվել: Մեր երեք թիմերը, պարտվելով, ընդհանուր առմամբ խփել են 1 և բաց թողել 7 գնդակ: Նույն արդյունքն են ցույց տվել նաև Վրաստանի ներկայացուցիչները:

Քութաիսի «Տորպեդոն» հյուրընկալվելիս 5:1 հաշվով զիջել է Սլովակիայի մեկ այլ ներկայացուցիչ «Տրենչին» թիմին: Բաթումիի «Դինամոն» սեփական հարկի տակ 1:0 հաշվով պարտվել է Լեհաստանի «Յագելոնիային»: Ի դեպ, այս դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում մրցելու է «Գաբալայի» հետ: Վրաստանի երրորդ թիմը՝ «Չիխուրան», հյուրընկալելիս 1:0 հաշվով զիջել է ավստրիական «Ալտախին»:

Եթե Եվրոպա լիգայի խաղարկությունում մեր թիմերից «Գանձասարը» դեռևս հույսեր է փայփայում հաջորդ փուլ դուրս գալու համար, ապա վրացական բոլոր թիմերն առաջին հանդիպումներից հետո գործնականում կորցրել են երկրորդ որակավորման փուլում հայտնվելու հնարավորությունը:

Եթե եվրագավաթների խաղարկությունում Հայաստանն ու Վրաստանը ուղղակի խորտակվում են, ապա Ադրբեջանում պատկերը բոլորվին այլ է: Բաքվի «Ինտերը» որակավորման առաջին փուլում մրցակցի հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է սերբական «Մլադոստին» և վճռել դիմակայության ելքը: Ադրբեջանի մեկ այլ ներկայացուցիչ՝ «Զիրան» էլ սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության է հասել Լյուքսեմբուրգի «Դիֆերդանժ» թիմի նկատմամբ և լավ հնարավորություններ ունի Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլ դուրս գալու:

Կարելի է ասել, որ հայկական, ինչպես նաև վրացական թիմերի արդյունքները նույնիսկ համեմատել չի կարելի ադրբեջանական թիմերի արդյունքների հետ: Շատերը կպնդեն, որ ադրբեջանական թիմերը լուրջ գումարներ են, ծախսում, բարձրակարգ ֆուտբոլիստներ են հրավիրում և այլն: Այո, հարևան երկրում ակումբային ֆուտբոլի վրա լուրջ ներդրումներ են արվում: Իսկ ո՞վ է խանգարում մեզ կամ վրացիներին գումարներ ծախսել ակումբային ֆուտբոլը զարգացնելու համար:

10-15 տարի առաջ մեր երկրի ներկայացուցիչը՝ «Փյունիկը», բավական հաջող էր ելույթ ունենում միջազգային ասպարեզում, քանզի ներդրումներ էին արվում և դրսից քիչ թե շատ նորմալ ֆուտբոլիստներ էին հրավիրվում: Ֆուտբոլասերներն անհամբերությամբ էին սպասում «Փյունիկի» ելույթներին, և երևանյան հանդիպումներն անցնում էին լեփ-լեցուն տրիբունաների ներքո: Իսկ հիմա…

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.