Հայաստանում դասական իմաստով իշխանություն գոյություն չունի, գործում է քրեաօլիգարխիկ կոռուպցիոն համակարգ

- in Կեղտոտ լվացք
122
Mishik

Քաղաքական համակարգը դեռ չէր մարսել ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանի հարցազրույցը ժողովրդագրական աղետալի վիճակի մասին, երբ երեկ անակնկալ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գևորգ Կոստանյանը։

Գևորգ Կոստանյանը մտահոգիչ է համարում այն փաստը, որ ՄԻԵԴ հասցեագրված դիմումների քանակով Հայաստանը առաջատար է Եվրոպայի Խորհրդի անդամ այլ երկրների համեմատ:

Սակայն ուշագրավ է ոչ թե այս փաստի արձանագրումը, այլ այն ռեցեպտը, որն առաջարկում է Կոստանյանը: ՀՀ նախկին գլխավոր դատախազն ասել է, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ կայացվող վճիռների դեպքում դատավորներն իրենց կայացրած ակտերի համար պետք է առնվազն կարգապահական պատասխանատվության ենթարկվեն:

Դատական համակարգն այն կարևոր գործիքներից մեկն է, որի միջոցով Սերժ Սարգսյանն ապահովում է իշխանության կայունությունը և ստատուս քվոն։ Դատարանները դառնում են իշխանության «պահապան հրեշտակները», երբ արտահամակարգային որևէ ուժ, հասարակությունը կասկածի տակ են դնում իշխանության ձևավորման արատավոր մեխանիզմների լեգիտիմությունը։

Վստահաբար կարելի է պնդել, որ հենց դատական համակարգն է իրավական լեգիտիմություն հաղորդել այն իրավիճակին, որում Սերժ Սարգսյանը նախապատրաստում է համակարգային տրանսֆորմացիան։ Դատական համակարգը նաև այն գործիքներից մեկն է, որի միջոցով Սարգսյանն ապահովում է ներհամակարգային ստատուս քվոն, պահպանում է ուժերի բալանսը, իրականացնում է ֆիլտրումներ, բիզնեսի վերաբաժանումներ։

Հայաստանում դասական իմաստով իշխանություն գոյություն չունի, գործում է քրեաօլիգարխիկ կոռուպցիոն համակարգ, որում առանցքային դեր է վերապահված դատական համակարգին՝ նաև որպես ֆինանսական աղբյուր։

Գևորգ Կոստանյանը պատահական պատգամավոր չէ. նա տևական ժամանակ զբաղեցրել է գլխավոր դատախազի պաշտոնը, գործիչ է, ով Սարգսյանի մերձավոր շրջապատում է և նախապատրաստվում է կարիերայի նոր թռիչքի, որովհետև պատգամավորական մանդատը առնվազն համարժեք չի համարում իր իրական ազդեցությանն ու հավակնություններին: Կոստանյանը բոլորից լավ գիտի, որ Հայաստանը ՄԻԵԴ-ում հակառեկորդակիր է ոչ թե այն պատճառով, որ Եվրոպայում ամենադիլետանտը հենց մեր դատավորներն են, այլ այն բանի հետևանքով, որ դատական ակտերի խոտանը արդյունք է համակարգի կոռումպացվածության, «զանգային» արդարադատության:

Նախկին գլխավոր դատախազը կարող է հիշել հարյուրավոր դեպքեր, երբ հենց ինքն իր ենթակաների միջոցով նպաստել է դատական խոտանի կայացմանը, և թերևս Ստրասբուրգում են տասնյակ գործեր, որոնք ՄԻԵԴ-ում հայտնվել են Կոստանյանի ուղղակի կամ անուղղակի միջամտությունների հետևանքով առաջացած դատական կամայական վճիռների պատճառով:

Այս ամենին քաջածանոթ լինելով հանդերձ՝ Կոստանյանն առաջարկում է թիրախավորել կոնկրետ դատավորների, ըստ էության՝ ցնցումների ենթարկել մի ինստիտուտ, որն ամբողջ համակարգի կայունության երաշխիքներից մեկն է: Ընդ որում, Կոստանյանը ոչ թե առաջարկ է ներկայացնում, այլ խոսում է գրեթե կայացած որոշման, դատավորների «դատավճռի» համարյա անխուսափելիության մասին:

Սա Սերժ Սարգսյանի անուղղակի, սակայն հստակ մեսիջն է քրեաօլիգարխիային, որ փոխվելու է ստատուս քվոն, լինելու են նոր, խոշոր ֆիլտրումներ: 2018-ին ոչ թե ավարտվելու, այլ մեկնարկելու է նոր իշխանության ձևավորման գործընթացը, որն իր տրամաբանական ավարտին հասնելու է 2022-ին: Ընդ որում, էական չէ, թե այս ընթացքում որն է լինելու Սարգսյանի ֆորմալ կարգավիճակն իշխանության բուրգում, որովհետև նրա գլոբալ հաշվարկները կառուցված են 2022-ի վրա:

Ֆարմանյանի կամ Կոստանյանի ասածներում բովանդակային նորություն չկա: Նորն այն է, որ մենք ընդդիմության պնդումները հիմա լսում ենք իշխանության ներկայացուցիչների շուրթերից, ընդ որում՝ ավելի խորքային ու կոնցեպտուալ մատուցմամբ:

Սարգսյանը զարկ է տալիս ֆրակցիոնիզմին, որն, ըստ ամենայնի, նրա նոր գործիքներից մեկն է՝ իրավիճակային ու համակարգային կառավարում իրականացնելու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20