Հասարակությունը «կերակրվում» է Կարապետյանի «փուչիկ» խոստումներով և կոնկրետ թալանվում է քրեաօլիգարխիայի կողմից

- in Կեղտոտ լվացք
131
Karen Karapetyan

Մենաշնորհների և կոռուպցիայի դեմ պայքարը վարչապետ Կարեն Կարապետյանի համար բրենդային թեմաներ են, գոնե` հրապարակային հարթության մեջ: Կառավարությունն ու պաշտոնական քարոզչությունը մեզ հետևողականորեն համոզում են, որ կոռուպցիայի ու մոնոպոլիաների դեմ հետևողական պայքար է ընթանում:

Իրականում այդ պայքարի արդյունքները չափելի են և, երբ առարկայորեն փորձում ես հասկանալ հետևանքը, հասկանում ես, որ գործ ունես ոչ թե վարվող քաղաքականության, այլ` քարոզչական «փուչիկի» հետ: Մի երկու դատավորի կամ դատախազի ձերբակալությունները եղանակ չեն փոխում, որովհետև, լավագույն դեպքում, պայքար են հետևանքի դեմ: Կոռուպցիան ծնող բոլոր պատճառները մնացել են և որևէ իրական քայլ չի ձեռնարկվում դրանք արմատախիլ անելու ուղղությամբ: Երբ գործ ունենք անարդյունավետ կառավարման, պետական ավելորդ միջամտությունների, բյուրոկրատական բեսպրեդելի, չվերահսկվող ուժայինների, խայտառակ դատական համակարգի, սեփականության անձեռնմխելիության խախտման ռիսկերի հետ, ապա անիմաստ է առհասարակ խոսել հակակոռուպցիոն պայքարի մասին, եթե նույնիսկ ստեղծվի ոչ մեկ, այլ տասնմեկ անկախ հանձնաժողով ու մեկի փոխարեն` ձերբակալվի հինգ դատավոր:

Նույնը վերաբերում է մենաշնորհների դեմ պայքարին: ՊԵԿ-ի նախագահը հայտարարում է, թե յուրաքանչյուրս կարող ենք ներկրել մեր ուզած ապրանքը: Առնվազն կասկածելի է այս հայտարարության անկեղծությունն, որովհետև, եթե նույն բանանի ներկրման շուկայում հայտված լինեին այլ խաղացողներ, ապա անցած իննը ամիսներին կարձանագրեինք գների գոնե աննշան իջեցում: Նույնը վերաբերում է շաքարավազի նեկրմանը: Եթե Սամվել Ալեքսանյանը մրցակիցներ ունենար, ապա Հայաստանում շաքարավազի մեկ կիլոգրամը չէր արժենա 410 դրամ` 100-ով ավելի, քան հարևան Վրաստանում և ավելի թանկ, քան` բարեկեցիկ Գերմանիայում:

Մեր հասարակությունը «կերակրվում» է Կարապետյանի «փուչիկ» խոստումներով և կոնկրետ թալանվում է քրեաօլիգարխիայի կողմից: Այս ֆոնին, օրինակ` Սամվել Ալեքսանյանի իշխանությունն ավելի իրական է թվում, քան` վարչապետը: Այս ճշմարտությունը, թերևս, հասկացել է նաև Կարեն Կարապետյանն` Սամվել Ալեսանյանին իր մոտ հրավիրելու փոխարեն, նրա դուռը գնալու քայլով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20