Հիմնական մտահոգությունը նոր պատերազմն է

- in Կարծիք
137
paterazm

Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկումների մեջ է` ռազմական նոր վարկի ձեռքբերման շուրջ։ Այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Նախարարը չի նշել, թե ինչ գումարի մասին է խոսքը` հավելելով, որ քննարկումները սկսվել են այս տարի:

Նախորդ ռազմական վարկը Հայաստանը ստացավ «Էլեկտրիկ Երևանի» հարուցած հանրային տրամադրություններն օգտագործելով: Ըստ ամենայնի, հիմա Սերժ Սարգսյանի թիմը Մոսկվայի հետ բանակցություններում օգտագործելու է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի մերձեցման հանգամանքը, մանավանդ, որ այս օրերին Հայաստանի զինուժի ներկայացուցիչները Ռումինիայում մասնակցում են ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որոնք նույնիսկ ֆորմալ առումով կոչված են Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի նոր հնարավոր ագրեսիայի կանխարգելմանը: Հնարավոր է` Հայաստանը ոչ թե ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը խորացնելու նպատակ ունի, այլ ընդամենը փորձում է ցուցադրական քայլերով Ռուսաստանից զիջումներ կորզել հենց ռազմական նոր վարկ ստանալու հարցում:

Հայաստանի իշխանությունների վարքագիծը տեղավորվում է տարածաշրջանային միլիտարիզացիայի բարձր մակարդակի համատեքստում: Մյուս կողմից` Ռուսաստանից նոր ռազմական վարկ վերցնելն ամենահաջող ու ադեկվատ պատասխանը չէ Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարմանը: Հայաստանի իշխանությունները պետք է հասնեին նրան, որ Մոսկվան կատարեր իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի հանդեպ և դադարեցներ զենքի մատակարարումն Ադրբեջանին: Ռուսներից նոր վարկ խնդրելը փաստացի նշանակում է, որ Հայաստանը շարունակում է սպառազինության մրցավազքի մեջ մտնել Ադրբեջանի հետ և ինչ-որ իմաստով լեգիտիմացնում է Ադրբեջանի ռուսական զենքի նոր մատակարումները: Ստացվում է, որ Ռուսաստանը ԼՂ խնդրում պահպանում է պարիտետային սկզբունքը, սակայն ոչ թե Ադրբեջանին ու Հայաստանին խաղաղության գաղափարին բերելու, այլ հակամարտությունը կառավարելու, անհրաժեշտության դեպքում` նոր պատերազմ սանձազերծելու նպատակով: Ինքնստինքյան, Երևանն ընդունում է Մոսկվայի խաղի կանոները, ինչն անխոս անարդյունավետ դիվանագիտության հետևանք է:

Նոր վարկի ստացումը բացասական է նաև Հայաստանի տնտեսության համար, որովհետև Հայաստանի արտաքին պարտքն արդեն գերազամցում է վեց միլիարդ դոլարը, իսկ նոր վարկն իր նշանակությամբ միտված չէ տնտեսության հնարավորությունների ավելացմանը:

Մյուս կողմից` հայ-ռուսական բոլոր գործարքներին բնորոշ է թափանցիկության բացակայությունն ու կոռուպցիոն ռիսկը, ինչը, բնականաբար, ամրապնդում է Հայաստանի համակարգի քրեաօլիգարխիկ մտածողությունը:

Սակայն հիմնական մտահոգությունը նոր պատերազմն է, որն ավելի իրական է դառնում Ադրբեջանի ու Հայաստանի ինտենսիվ սպառազինության ֆոնին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20